«Հյուսիսային Արցախը զավթել են ոչ թե խորհրդային, այլ ռուսական զորքերը»

Ուղիղ 22 տարի առաջ` 1992 թ. հունիսի 13-ին, սկսվեց հարձակումը Արցախի Շահումյան, Մարտակերտ և Ասկերան շրջանների ուղղությամբ, որի հետևանքով հայկական ուժերն ունեցան արցախյան ազատամարտի ամենամեծ կորուստը. Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի մի քանի հայկական գյուղեր հայաթափվեցին և անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ովքե՞ր են իրականացրել հյուսիսային Արցախի բռնազավթումը: Հենց այս հարցը քննարկելու և Շահումյանում զոհվածներին հիշատակին տուրք տալու նպատակով այսօր` հունիսի 13-ին, «հունիսի 13» նախաձեռնությունը Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության գրասենյակում կազմակերպել էր լսումներ, որին մասնակցում էին 1992 թ. դեպքերի շահումյանցի ականատեսներ, ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ: Կա տարածված տեսակետ, թե Շահումյանը գրավել են ադրբեջանական ուժերը, որոնց օգնել է խորհրդային բանակը, սակայն այսօրվա քննարկման մասնակիցները այդ հարցին տալիս են հստակ պատասխան` դա ոչ թե խորհրդային, այլ ռուսական բանակն էր: Ռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի խոսքով` Շահումյանի դեպքերը արցախյան պատերազմի ամենագաղտնի էջերից են, և, կարծես թե, ինչ-որ անհասկանալի տաբու է դրված այդ թեմայի վրա: «Սրանով մենք ուզում ենք ուղերձ հղել առ այն, որ մենք ոչինչ չենք մոռացել և թույլ չենք տա, որ որևէ բան մոռացվի: Մենք չենք մոռացել ո´չ հերոսների, ո´չ դավաճաններին: Մենք չենք մոռանում և չենք մոռանա ո´չ մեր հաղթանակները, ո´չ էլ մեր պարտությունները, որովհետև եթե մոռանանք պարտությունները և չհասկանանք դրա պատճառը, մենք նորից ու նորից կրկնելու ենք այդ ողբերգական շրջանը` պարտությունների և դավաճանությունների: 1992 թ. հունիսին հյուսիսային Արցախը զավթել են և թուրքերին հանձնել ոչ թե խորհրդային, այլ ռուսական զորքերը»,- ասում է Խզմալյանը: Այն, որ Շահումյանի հարցը որոշակի տաբու է, փաստեց նաև Իգոր Մուրադյանը` արցախյան շարժման ամենահայտնի դեմքերից մեկը, ով պատմեց (տե´ս այստեղ.), որ այդ դեպքերից առաջ Շահումյանի փառապանծ հերոս Շահեն Մեղրյանի հետ հրավիրվել է ռուսական ստորաբաժանումների շտաբ, որտեղ նրանց բացատրել են, որ առաջիկայում Շահումյանի շրջանը տեղահանվելու է: Իգոր Մուրադյանի համոզմամբ` Շահումյանի և Արցախի մյուս շրջանների հայաթափումը նախապես ծրագրված է եղել ևՌուսաստանի պետական քաղաքականության արդյունքն է. «1992 թվական, Խորհրդային միությունն այլևս չկար, կար Ռուսաստանի Դաշնություն կամ դրա նման մի բան: Իսկ ովքե՞ր էին իշխանության գլխին՝ բավականին ժողովրդավարական ուժեր, որոնք գործարքի գնացին Ադրբեջանի կառավարության հետ և այս ամենն իրականացրեցին` ի շահ Ադրբեջանի» Գայանե Նահապետյանը Շահումյանի բռնի տեղահանվածներից է: Նրա ամուսինը զոհվել է Շահումյանում, իսկ այսօր նա ապրում է Երևանի Սիլիկյան թաղամասում` ամեն օր երազելով վերադառնալ իր հայրենի բնօրրանը: Նահապետյանն այսօր պատմեց այն, ինչ տեսել է, որ 92 թ. հունիսի 13-ին ադրբեջանական ուժերը` «ռուսական ծախված բանակի օգնությամբ», ժամերի ընթացքում գրավել են հայկական բնակավայրերը և բռնի տեղահանել բնակչությանը. «Այդ օրը մենք ունեցանք զոհեր ու անհայտ կորածներ: Այդ օրը` Շահումյանի շրջանի Մանաշիտ գյուղի պաշտպանության ժամանակ, զոհվեց ամուսինս` ազատամարտիկ Համազասպ Նահապետյանը»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրանցել է Շահումյանից դուրս եկած հայ բազմաթիվ ընտանիքների պատմությունը: Նա ներկայացրեց կոնկրետ օրինակներ, թե ինչպես են ռուսական ուժերը տեղահանել հայկական գյուղերի բնակիչներին և նաև սպանել շատերին: Պատմաբանը հարցադրում է անում` այս ամենից հետո ինչո՞ւ այսքան ակնկալիք ունենք Ռուսաստանից: Իսկ Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հիշում է ռուս զինվորների սարսափած աչքերը Գետաշենում և Մարտունաշենում` 1991 թ. ապրիլին խորհրդային զորագնդի կողմից իրականացված հայտնի «կոլցո» օպերացիայի ժամանակ: «Ռուսները երբեք մեզ չեն պաշտպանել, երբեք: Եթե մենք զենք ենք ստացել Ռուսատանից, դա այս տարածաշրջանում բալանսը պահելու համար է եղել»,- ասում է ազատամարտիկը: Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը` բուժականցի Պավլիկը, այս հարցում առավել արմատական մոտեցում ունի: Նրա կարծիքով` «Կոլցո» օպերացիան սկսվել է 1878 թվականից, երբ ռուսական բանակը մտավ Էրզրում և պայթեցրեց սուրբ Կիրակոս եկեղեցին: «Շատ ցավալի է, որ դավաճանը մտերիմից չենք կարողանում տարբերել: Այսօր ինձ մի բարձրաստիճան գնդապետ ասում է` եթե ռուսները չլինեին, մենք չէինք հաղթելու: Վատացա ահավոր, իհարկե, լավ չարեցի` մեր եմ քրֆել, բայց այլընտրանք չունեի: Ինչո՞ւ ես կեղծում իմ ընկերների նահատակությունը: Բոլոր նշանակավոր հերոսները գնդակահարվել են ռուսների կողմից, ժողովո´ւրդ: Ո՞վ խփեց Թաթուլին, Արթուրին, Սիմոնին, ո՞ր մեկին թվարկեմ, Վիտյային: Երբ ես նստած էի Շուշիի բերդում, 260 տղա էինք նստած, ամենակամակոր, ընտիր տղաները: Սրանց մասին ոչ ոք չի խոսում: Մեխում դռանը, վառում էին, հա´յ ժողովուրդ, էդ քո սիրելի ռուսը»,- հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հարցին նայում է հենց այս տեսանկյունից` հիշեցնելով, որ քաղաքական գործիչները, խոսելով ղարաբաղյան խնդրի, այս կամ այն տարածքների մասին, հաճախ մոռանում են մի շատ կարևոր իրավունք` մարդանց կյանքի իրավունքը. «Այս խնդիրների մեջ, որոնց մասին խոսվեց, դա համարվում է ամենաբարձր իրավունքը: Ես ավելին կասեմ` ամենաշատը վտանգված է կյանքի իրավունքը, որից բխում է մնացածը` ազգայինը և այլն: Եվ եթե ուշադրություն դարձնենք, կայսրությունների և հատկապես Ռուսական կայսրության համար այսօր էլ մարդու կյանքը որևէ արժեք չունի: Եվ եթե հետադարձ հայացք գցենք մեր երկրին, մեր պետությանը, ի վերջո, այս մարդիկ, տիկինը, որ պատմեց, ինչքան փախստականներ Բաքվից եկան, ինչքան ազատամարտիկներ կռվեցին, վիրավորվեցին, արդյո՞ք նրանք իրենց զգացին այս Հայաստանի լիարժեք քաղաքացի, արդյո՞ք մեր իշխանությունը մարդասիրական վերաբերվեց նրանց, թե՞ սկսվեց իրենց յուրայինների և այլնի նկատմամբ իշխանության զաթվումը: Սա շատ կարևոր խնդիր է»: Ինչևէ, «հունիսի 13» նախաձեռնության նպատակը դեպքերին միջազգային իրավաքաղաքական գնահատականի հասնել է, քանի որ ո´չ Հայաստանի, ո´չ էլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադրված չեն որևէ կերպ քննարկել Շահումյանի հարցը: Իգոր Մուրադյանի կարծիքով` հենց այդ գնահատականին հասնելու միջոցով կապացուցվի, որ Շահումյանի շրջանը Ադրբեջանին է հանձնվել Ռուսաստանի պետական քաղաքականության արդյունքում: Շահումյանի կորստի մասին չմոռացողների գլխավոր ուղերձը հետևյալն է` պետք է ցրել հայության շրջանում տարածված այն առասպելը, թե իբր ռուսներն են հաղթել արցախյան պատերազմում և այն սկուտեղի վրա մատուցել են հայերին, կամ հայերը չէին կարող ազատագրել Արցախը` առանց Ռուսաստանի օգնության: Նմանատիպ մտայնությունը, նշված գործիչների կարծիքով, կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների, քանի որ պատմությունն այս օրերին, կարծես, նորից կրկնվում է. 1992-93 թթ. Ռուսաստանը ջանում էր Ադրբեջանին ներգրավել Կրեմլի կողմից նախաձեռնված կազմակերպության` ԱՊՀ-ի կազմի մեջ, իսկ 22 տարի անց փոխվել է միայն հապավումը` Եվրասիական տնտեսական միություն: Այս դեպքում էլ Ռուսաստանը աջակցում է Բաքվին և պատրաստ է վճարել ցանկացած գին, որպեսզի Ադրբեջանը միանա իր նոր նախաձեռնությանը: Արդյունքում սահմանին շարունակում են սպանվել հայ զինվորները:

Աղբյուրը՝ 168․am

Share Button