Ժիրայր Սեֆիլյան. Պետք է վերանայվի Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը «ԱրմԻնֆո» գործակալությանը:

 – Ամբողջ 2014 թ. ընթացքում մենք ականատես ենք լինում արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության ուժգնացմանը: Երասխում վերջին փոխհրաձգությունը ցույց տվեց, որ անակնկալներ պետք է սպասել անգամ պատերազմի տարիներին խաղաղ մնացած նախիջևանյան սահմանի հատվածում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է բացատրվում, մասնավորապես, լարվածության ընդհանուր ուժգնացման տեղափոխումը դեպի սահմանի այս հատված:  

– Ես բազմիցս նշել եմ, որ մեր տարածաշրջանում ուժերի ներկա հաշվեկշռի պայմաններում Ադրբեջանը չի կարող ինքնուրույն կերպով պատերազմ սանձազերծել: Սակայն առկա հաշվեկշռի խախտման և իր համար նպաստավոր պայմաններ առաջանալու պարագայում Ադրբեջանը փորձելու է ուժի միջոցով խլել ոչ միայն Արցախը, այլև ավելի հեռուն գնալ:
Դրա մասին է վկայում նաև նախիջևանյան սահմանի հատվածում հակառակորդի ակտիվացումը: Մեզ ուզում են հասկացնել, որ պատերազմի դեպքում ռազմական գործողությունները չեն մնալու արցախա-ադրբեջանական հակամարտության հատվածում, այլ ընդգրկելու են ամբողջ ներկայիս Հայաստանը, այդ թվում՝ Արարատյան դաշտն ու Երևանը:
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ վերջին ամիսներին Իրանը տարբեր առիթներով բարձրաձայնում է Նախիջևանով անցնող կոմունիկացիաների վերագործարկման անհրաժեշտության մասին։ Այս հանգամանքը ևս ազդած պետք է լինի, որ Հայաստանի համար խիստ շահեկան այդ գործընթացը ապակայունացնող ազդանշաններով փորձեն կասեցնել։
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հերթական վերադասավորման պատճառով կրկին համընկել են ռուսական կայսրապետության և թյուրքական ծավալապաշտության շահերը: Այդ շահերի համընկնման արդյունք է նաև ռուս-թյուրքական եվրասիական նախագիծը: Մեր սահմանին հակառակորդի աշխուժացումն էլ իր հերթին ռուս-թյուրքական հերթական սիրախաղի արդյունքն է:
Մենք հերթական անգամ արհավիրքի շեմին ենք հայտնվել ոչ թե այս կամ այն օտար ուժի, այլ գլխավորապես մեր պատճառով: 1988 թ. սկսված արցախյան ազգային-ազատագրական պայքարը մենք չկարողացանք վերածել նաև ինքնիշխան պետության ստեղծման պայքարի: Մենք չկարողացանք ձևավորել իրապես անկախ ու ինքնիշխան պետություն, ինչի պատճառով մեր երկիրը գաղութացվեց։
Ուստի մենք պարտավոր ենք շրջել դեպքերի զարգացման ներկայիս ընթացքը, ինչի համար հարկավոր է կազմակերպվել, հեռացնել այս վարչախմբին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը:
Դրանից հետո ոչ ոք չի կարողանա մեզ ներքաշել իր դավադիր նախագծերի մեջ: Իսկ եթե մեր անկախությունը, պատիվն ու արժանապատվությունը զենքով պաշտպանելու կարիք առաջանա, ապա պատրաստ կլինենք նաև դրան: Այդ դեպքում մենք ներկայիս համեմատությամբ շատ ավելի ուժեղ ու պատրաստված կլինենք, ինչպես նաև կունենանք իրական դաշնակիցներ:

– Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ զրույցի ժամանակ չորս միլիարդանոց պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին TOS – 1A ռեակտիվ կրականետերի հերթական խմբաքանակի և 100 հատ Т-90 С տանկերի խմբաքանակի վաճառքը բնութագրեց որպես «ընդամենը կոմերցիա»: Արդյո՞ք այդ կոմերցիան չի հանգեցնի Արցախյան նոր պատերազմի՝ հաշվի առնելով արցախա-ադրբեջանական հակամարտության գծում զոհերով ուղեկցվող փոխհրաձգությունների հաճախացումը:

– Ռուսաստանն ահագնացող տեմպերով կորցնում է արժեքներն ու զարգացման ուղենիշները, առհասարակ՝ ապագայի ռեսուրսը: Ներքին վերափոխման միջոցով իր ապագան ապահովելու փոխարեն նա ընտրել է ուրիշների ունեցածը խլելու միջոցով այդ ռեսուրսը լրացնելու տարբերակը:

Այդ գործելակերպի տիպական օրինակ են նաև թյուրքական գործոնը մեր հաշվին հզորացնելու միջոցով իր կողմը գրավելու քայլերը, որոնցից մեկն էլ Ադրբեջանին արդիական սպառազինության մատակարարումն է: Ռուսաստանը փորձում է այս մատակարարումների միջոցով միանգամից և′ աշխարհաքաղաքական և′ տնտեսական օգուտներ ստանալ:
Հարյուր տարի առաջվա հայտնի դեպքերը հիշեցնող այս սիրախաղը խիստ վտանգավոր է ոչ միայն մեզ, այլև Ռուսաստանի համար: Ռուսական և թյուրքական մրցակից գործոնների ներուժային, առաջին հերթին՝ ժողովրդագրական, հարաբերակցությունն այդ ժամանակշրջանի համեմատությամբ փոխվել է ոչ հօգուտ ռուսականի։ Եվ դժվար թե այս անգամ Ռուսաստանը կարողանա մարսել այն:
Նման պայմաններում չեմ բացառում, որ պատերազմ լինի: Եթե պատերազմն ավելի շուտ սկսվի, քան մեզ կհաջողվի հեռացնել գործող գաղութային վարչակազմին և Հայաստանում վերահաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը, ապա մեր գործը կրկնակի կծանրանա: Այդ ժամանակ թերևս միակ տարբերակը կլինի ներքին և արտաքին սպառնալիքների զուգահեռաբար չեզոքացումը, որը ենթադրում է ամբողջ ազգը ներառող լայնածավալ ազատագրական պատերազմ:

– Վերլուծական հանրության շրջանում լուրջ մտավախություններ կան, որ Ուկրաինայի շուրջ սրընթաց կերպով զարգացող ճգնաժամը լուրջ սպառնալիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև առկա գործակցության համար: Կարո՞ղ է արդյոք Մոսկվայի և Վաշինգտոնի՝ ուկրաինական ճգնաժամի պատանդների վերածվելու հանգամանքը մյուս արտաքին քաղաքական հարթակները կերպափոխել հանուն Ուկրաինայի պայքարի «մասնաճյուղերի»:

– Ուկրաինական ճգնաժամի դերը երկակի է: Ներկայումս այն զսպում է ռուսական կայսրապետական նկրտումները մեր տարածաշրջանում, ինչի շնորհիվ ինքնուրույնությունից զրկված Հայաստանը (Արցախը ներառյալ) դեռևս խուսափում է աղետին զոհ գնալուց: Մյուս կողմից՝ Ուկրաինայի արժեքը շատ մեծ է և նրա ռուսականացումը որոշիչ է այդ կայսրապետական նկրտումների իրականացման հարցում: Նմանատիպ պատճառներով Ուկրաինան թանկ է նաև Արևմուտքի համար:

Ուստի քաղաքական տարբեր հարթակներում, այդ թվում՝ Արցախի հարցում, արդեն դրսևորվում է Ուկրաինայի համար մղվող նրանց պայքարը: Այլ հարց է, թե դա կհասնի՞ արդյոք այն աստիճանի, որ կարողանա քայքայել Մինսկի խումբը: Օրինակ՝ այդպիսի արդյունքի կարող է հանգեցնել ռուսական թողտվությամբ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծումը:
– Փաստարկելով Կրեմլի եվրասիական նախագծերում Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի իշխանությունները որպես հիմնական գործոն հիշատակում են անվտանգությունը: Ձեր կարծիքով կարո՞ղ է արդյոք Հայաստանի մուտքը Եվրասիական Միություն երաշխավորել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

– Այդ փաստարկումները ոչ միայն անհեթեթ են, այլև կործանարար: Մեր շահերին հակասող նպատակներ ունեցող, Հայաստանի ինքնիշխանության ու մեր Հայրենիքի մասը կազմող Արցախի կորստի հաշվին կայացող եվրասիական նախագիծը չի կարող ապահովել մեր անվտանգությունը:

– Առկա աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում արդյոք անհրաժեշտություն է Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազակայանի ներկայությունը, հաշվի առնելով, որ Արցախում, մասնավորապես՝ Իրանի հետ սահմանի հատվածում, որևէ օտար զորքի բացակայությունն ավելի շուտ բարձրացնում, քան թե ցածրացնում է Արցախի անվտանգությունը:

– Առհասարակ՝ որևէ պետության տարածքում թեկուզ բարեկամական մեկ այլ պետության զորքի առկայությունը խոսում է նրա թուլության և ոչ լիարժեք ինքնիշխանության մասին:
Սառը պատերազմի և երկբևեռ աշխարհի ժամանակներում, երբ Հայաստանը խորհրդառուսական կայսրության մաս էր կազմում, Հայաստանում ռուսաստանյան զորքի նպատակահարմարությունը որոշված էր ինքնըստինքյան:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ դեռ պահպանվում էին սառը պատերազմի և երկբևեռ աշխարհի չափանիշներն ու ուժերի հաշվեկշիռը, այդ զորքի առկայությունն Հայաստանում առավել չափով կրում էր իներցիոն բնույթ։ Առաջ անցնելով հարկ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է այդ իներցիային հանձնվելու փոխարեն վաղուց արդեն լուծած լինեինք դրա աստիճանական հաղթահարման ու նրանից դուրս գալու խնդիրը։
Սակայն ներկայումս մենք գործ ունենք արագ տեմպերով փոփոխվող իրավիճակի հետ: Աշխարհն այլևս բազմաբևեռ է, տարածաշրջանում հանձինս Իրանի առաջացել է նոր և ուժեղ աշխարհաքաղաքական և հայանպաստ գործոն։ Ի հակադրություն դրա՝ Ռուսաստանը զինում է օր առաջ մեզ ոչնչացնելու դիտավորություն ունեցող մեր հակառակորդին և կլանում է մեր ինքնիշխանությունը:
Այս հանգամանքներն են պատճառը, որ Արցախում օտար զորքերի բացակայությունը նպաստավոր է նրա անվտանգության համար:
Նման պարագայում պետք է վերանայվի Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը: Դրանք պետք է կառուցվեն հավասարության և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա: Մասնավորապես՝ առանց որևէ պայմանի Հայաստանից պետք է դուրս բերվեն Ռուսաստանի հատուկ ծառայության՝ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը: Իսկ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներից բաղկացած 102-րդ բազայի հետագա առկայության նպատակահարմարության որոշման, դրական որոշման դեպքում՝ դրա կառուցվածքի, կազմի, խնդիրների, տեղակայման պայմանների և այլ անհրաժեշտ հարցերը պետք է դիտարկվեն մեր շահերի տեսանկյունից:

– Հայաստանի իշխանությունները և, մասնավորապես, Սերժ Սարգսյանը, գործնականորեն հետևում են Մոսկվայի և Վաշինգտոնի բոլոր «խորհուրդներին»: Օրինակ՝ հայ-թուրքական գործընթացը և Կրեմլի եվրասիական նախագծերին մասնակցելու Հայաստանի «բուռն ձգտումը»: Ի՞նչն է խանգարում Երևանին, որ նա «խորհրդատուներից» պահանջի միջոցներ ձեռնարկել Ալիևի ռազմատենչությունը զսպելու համար:

– Հայաստանի անունից հանդես եկող ռեժիմը օժտված չէ ինքնուրույն կամքով: Ուստի նա ոչ մեկից ոչինչ չի կարող պահանջել: Նա կարող է միայն ազգային շահերի հաշվին մի փոքր էլ երկարաձգել իր գոյությունը: Ուստի մեր առաջնային նպատակը հնարավորինս շուտ նրանից ձերբազատվելն է:

Հեղինակ՝ Դավիթ Ստեփանյան

Աղբյուրը՝ www.arminfo.am

 

 

Share Button