Սերունդները անողոք են լինելու դավաճանների նկատմամբ

Ներկայիս վարչախումբը և նրա պարագլուխը հանցավոր և ապօրինի են ոչ միայն այսօրվա իրենց ազգուրաց քայլերով, այլև առաջին հերթին՝ այն հանգամանքով, որ կառավարում են Հայաստանը հայ ժողովրդի կամքին բռնանալով: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի նախկին աշխատակից, իրավաբան, «Նախախորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյանը, անդրադառնալով Աստանայում եւ Աստանայից հետո ստեղծված իրավիճակին, ասաց, որ առանց Արցախի Հայաստանի Հանրապետությունը չի կարող կենսունակ լինել, ուստի դեպքերի նման զարգացումն ի վերջո հանգեցնելու է մեր պետականության կորստին: Ներկայացնում ենք Վ. Ավետիսյանի հետ հարցազրույցը հատվածաբար:

-Պարո՛ն Ավետիսյանինչպե՞ս եք պատկերացնում ՀՀի անդամակցումը ՄՄին՝ առանց ԱրցախիԴուք այսօր «Նախախորհրդարանի» անդամ եքեղել եք ՀՀ ՊՆկենտրոնական ապարատի նախկին աշխատակից եւ նաեւ որպես իրավաբանինչի՞կհանգեցնի այս գործընթացը:

-Հարցը խորություն ու ծալքեր ունի, ուստի կնախընտրեմ դրան պատասխանել երկու՝ընդհանրական և այսօրվա իրավիճակով պայմանավորված առումներով:

Ընդհանրական առումը

Պետությունն ազգի իրավաքաղաքական կազմակերպվածքն է, որի նպատակը ազգի և այն կազմող անհատների շահերի իրացումն է ու իրավունքների պաշտպանությունը:

Այդ շահերի իրացումը և իրավունքների պաշտպանությունը պետությունը կարող է ապահովել բացառապես ինքնուրույնաբար կամ իր դաշնակից ու գործընկեր այլ պետությունների հետ համատեղ: Համատեղ կերպով նշված գործառույթների ապահովման ամենախոր ձևը վերպետական կազմավորումներն են, ինչի ամենատիպական օրինակը Եվրոպական Միությունն է: Այսօր ասպարեզի վրա են նաև Եվրասիական Տնտեսական Միությունը՝ իր բաղադրիչ Մաքսային Միությամբ հանդերձ, որը միտում ունի վերածվելու վերպետական մի նոր կազմավորման՝ Եվրասիական Միության:

Այդպիսի վերպետական կազմավորումներ ստեղծող պետություններն իրենց ինքնիշխանության մի մասը զիջում են նշված կազմավորմանը, ինչի դիմաց համատեղ ուժերով կարողանում են առավել արդյունավետ կերպով ապահովել ազգային շահերն ու քաղաքացիական իրավունքները:

Որպես կանոն, այսպիսի վերպետական կազմավորումներ են ստեղծում այն պետությունները, որոնք չունեն իրենց գերակա շահերը բառացապես ինքնուրույն կերպով իրացնելու կարիք և համոզված են, որ իրենց ինքնիշխանության մի մասի զոհաբերումը չի վնասի այդ շահերին: Դարձյալ որպես կանոն, նման կազմավորումներ են ստեղծում այն պետությունները, որոնք միմյանց նկատմամբ չունեն տարածքային և այլ էական պահանջներ, այլ, ընդհակառակը՝ ունեն միասնական շահեր ու նպատակներ:

Մինչդեռ մենք ունենք առկա և հեռանկարային այնպիսի կենսական շահեր, որոնց իրացումը հնարավոր է բացառապես որևէ մեկի հանդեպ որևէ էական պարտավորությամբ չկաշկանդված մեր ինքնիշխանության և ինքնուրույնության պարագայում:

Առկա շահերից գլխավորը Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծումն է: Արցախը դե ֆակտո և ըստ էության Հայաստանի Հանրապետության մաս է: Սակայն Արցախը դեռևս դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս չէ:

Ուստի մինչ Արցախը նաև դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս դարձնելը չի կարելի անգամ քննարկել Մաքսային Միությանը և Եվրասիական Տնտեսական Միությանը կամ Եվրոպական Միությանը կամ որևէ այլ վերպետական կազմակերպությանը միանալու, ինչպես նաև նրանց նկատմամբ թեկուզ ասոցատիվ ձևաչափով պարտավորություններ ստանձնելու հարցերը, քանի որ մինչ Արցախը դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս դարձնելը այդ կազմավորումները և նրանց անդամ պետությունները չեն ընդունելու և չեն էլ կարող ընդունել Հայաստանի Հանրապետությանը Արցախով հանդերձ: Իսկ դա նշանակում է, որ նման դեպքերում տվյալ կազմավորումների իրավական հիմքերի ու կարգավորումների ուժով ոչ միայն գրեթե փակվում են հետագայում Արցախը դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս դարձնելու հնարավորությունները, այլև լրացուցիչ, մինչ այդ գոյություն չունեցած էական խոչընդոտներ են ստեղծվում նաև դե ֆակտո և ըստ էության Արցախը Հայաստանի Հանրապետության մաս դարձնող հանգամանքների ու գործոնների իրականացման համար:

Սակայն Արցախի դե յուրե յուրացումը մեր ընդամենը մեկ, բայց ոչ միակ ռազմավարական նպատակն է: Մենք հարյուրամյակներ տևած թուրքական դաժան գաղութացման և այն եզրափակած Ցեղասպանության հետևանքով կորցրել ենք մեր Հայրենիքի 9/10 մասը և մեր միլիոնավոր հայրենակիցներին, իսկ ողջ մնացածները ցրվել են աշխարհով մեկ և զրկվել իրենց Հայրենիքում ապրելու հնարավորությունից: Ուստի հայկական պետությունը պարտավոր է նաև վերականգնել մեր կորսված Հայրենիքի ու մեր հայրենակիցների անօտարելի իրավունքները: Տեղին է հիշատակել նաև գերեվարված ու հայաթափված Նախիջևանի վերահայացման, ինչպես նաև առ այսօր հայությանը հաշվետու այլ պետությունների կողմից մեր անօտարելի իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին:

Բնականաբար, որևէ վերպետական կազմավորում նման նպատակ չունի և չի կարող ունենալ: Այդ պատճառով Հայաստանն առնվազն այնքան ժամանակ պետք է մնա բացարձակ ինքնիշխան կարգավիճակում, քանի դեռ այս կենսական նպատակներն ի կատար չի ածել:

Իսկ մինչ այդ հայկական պետությունը որևէ վերպետական կազմավորման մաս դարձնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ դավաճանություն ազգային կենսական շահերին ու նպատակներին:

-Իսկ ո՞րն է այսօրվա իրավիճակով պայմանավորված առումը:

-Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը զավթված և գաղութացված պետություն է: Այն պետության իրավասուբյեկտության չորս հատկանիշներից փաստացի միայն երկուսն ունի, որոնք են՝ տարածքը և բնակչությունը: Մինչդեռ իրավասուբյեկտության մյուս երկու հատկանիշները՝ պետական կառավարման յուրային համակարգը և արտաքին հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը, ձևական բնույթ ունեն և իրականում գոյություն չունեն:

Առկա պետական կառավարման համակարգն ընդամենը գաղութային վարչակազմ է, որն ազգային շահերի հաշվին սպասարկում է իր օտար տերերի շահերը, ինչի դիմաց այն կառավարող վարչախումբը մասնաբաժին է ստանում երկրի թալանից ու ժողովրդի կեղեքումից ստացվող եկամուտից:

Ներկայիս վարչախումբը և նրա պարագլուխը հանցավոր և ապօրինի են ոչ միայն այսօրվա իրենց ազգուրաց քայլերով, այլև առաջին հերթին՝ այն հանգամանքով, որ կառավարում են Հայաստանը հայ ժողովրդի կամքին բռնանալով և այն անտեսելով: Դրանից հետո նրանց կատարած մյուս բոլոր հանցագործությունները գումարվում են այս առաջին ոճրին:

Ըստ այդմ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, չի ապահովում մեր ազգի և մեր քաղաքացիների շահերի իրացումը և նրանց իրավունքների պաշտպանությունը: Ընդհակառակը՝ այն վերածվել է դրանց հաշվին օտարի շահերն սպասարկող գործիքի, որն արդեն չի սահմանափակվում տնտեսական կեղեքմամբ և իրավաքաղաքական պարտադրանքով, այլ ըստ էության սպիտակ ցեղասպանություն է իրականացնում յուրային ժողովրդի նկատմամբ:

Ասվածից հետևում է, որ Հայաստանը, որպես պետություն, դե ֆակտո միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ: Մեր պետությունը փաստացի չունի ինքնուրույն կամք և գործողությունների ու ընտրության ազատություն: Նման պայմաններում տեղին չէ հարցում նշված առումով խոսել Հայաստանի արտաքին կողմնորոշումների սխալ կամ ճիշտ լինելու մասին:

Միևնույն ժամանակ՝ Հայաստանը դե յուրե դեռևս ինքնիշխան պետություն է: Ուստի նրա գոնե դե յուրե ինքնիշխանության պահպանումը էական հենք է առաջիկայում նաև նրա դե ֆակտո ինքնիշխանությունը վերահաստատելու համար: Այդ պատճառով ազգային շահի ու հեռանկարի տեսակետից կենսական անհրաժեշտություն է նրա թեկուզ առայժմ միայն դե յուրե ինքնիշխանության առավելագույնս պահպանումը:

Այս պատճառով Հայաստանի անունից ապօրինի կերպով հանդես եկող նրա գաղութային վարչակազմի այն գործողությունները, որոնք օտարին են հանձնում նաև մեր դե յուրե ինքնիշխանությունը, եթե իսպառ չեն վերացնում, ապա էապես դժվարացնում են ապագայում լիարժեք ինքնիշխան պետություն դառնալու մեր հնարավորությունը, քանի որ այդպիսով մեզ զրկում են նաև ինքնիշխանության իրավական հենքից ու լծակներից:

Մեր ինքնիշխանության զիջումը, ինչպես վերևում նշվեց, նաև գրեթե զրոյացնում է Արցախը դե յուրե մեր պետության մաս դարձնելու հնարավորությունը, ավելին՝ էապես նվազեցնում և հարցական է դարձնում նույնիսկ Արցախի այսօրվա դե ֆակտո Հայաստանի Հանրապետության մաս լինելու հանգամանքը:

Մինչդեռ առանց Արցախի Հայաստանի Հանրապետությունը չի կարող կենսունակ լինել, ուստի դեպքերի նման զարգացումն ի վերջո հանգեցնելու է մեր պետականության կորստին: Բնական է, որ նման պարագայում անիմաստ է անգամ երազել ռազմավարական հեռանկարում հայության անօտարելի իրավունքների վերականգնման և հայրենատիրության մասին:

Ահա այս պատճառով ապազգային վարչախմբի գործունեությունը հանցավորից անցնում է ազգային դավաճանության ոլորտ, ինչի համար ոչ մի ներում չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունում (դե ֆակտո՝ Արցախը ներառյալ) հայ ժողովրդի կամքն ու իշխանությունը վերահաստատվելուց հետո օրենքը և սերունդները անողոք են լինելու դավաճանների նկատմամբ:

Շարունակելի…

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Աղբյուրը՝ galatv.am

Share Button