Գործում է այլընտրանքային դատական մարմին՝ Արդարության ատյան

Մեր զրուցակիցն է Արդարության ատյանի անդամ, ԱՍԱԼԱ-յի նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, Նախախորհրդարանը ներկայումս իր գործունեության ո՞ր փուլում է գտնվում:

– Մայիսի 16-ի հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ մենք մտնում ենք նոր փուլ: Ստեղծվում է Հիմնադիր խորհրդարան, որը պետք է ղեկավարի նոր պետության ձևավորման փուլում անցումային շրջանը: Արդեն ձևավորված Ընտրական հանձնաժողովը պետք է վերահսկի Հիմնադիր խորհրդարանի ձևավորման գործընթացը: Սա Նախախորհրդարանի ճանապարհային քարտեզի ամենակարևոր քայլերից մեկն է:
Նախախորհրդարանը որոշել է, որ փոփոխության ժամկետը չի կարող անորոշ լինել, այդ պատճառով իրեն տվել է 49 շաբաթ ժամանակ, այսինքն՝ ցեղասպանության 100-ամյակը դիմավորելու ենք առանց ռեժիմի:

– Հանրահավաքի ժամանակ խոսվեց նաև այլընտրանքային կառավարման մարմիններ ստեղծելու մասին: Ի՞նչ մարմինների մասին է խոսքը, ո՞րն է դրանց ստեղծման նպատակը:

– Ստեղծվել են 3 այլընտրանքային մարմիններ՝ Հիմնադիր խորհրդարան, Արդարության ատյան և Ընտրական հանձնաժողով: Մենք արհամարհում ենք ներկա ռեժիմը և ստեղծում մեր խորհրդարանը, որը լինելու է պայքարը ղեկավարող մարմին: Ձևավորվել է Արդարության ատյանը, որը 12 անդամներից է բաղկացած լինելու, որոնք իրենց կերպարով և հանրային հնչեղությանմբ հանրության կողմից ընդունելի անձեր պետք է լինեն: Ընտրական հանձնաժողովը ունի իր հստակ կանոնակարգը: Արդեն Նախախորհրդարանի կողմից հաստատված է Հիմնադիր խորհրդարանի թեկնածության չափորոշիչները և Ընտրական հանձնաժողովը ընդունում է Հիմանդիր խորհրդարանի անդամագրության առաջարկները:

– Դուք ընդգրկված եք Արդարության ատյանի կազմում: Ինչո՞ւ որոշեցիք ներգրավվել այս ատյանի կազմում:
– Մեր երկրում համընդհանուր համակարգային ճգնաժամ է, որը, ցավոք, գոյութենական ճգնաժամի է վերածվել: Համակարգային ճգնաժամի բաղադրիչներից մեկը դատաիրավական համակարգի ճգնաժամն է: Սովորաաբար օրենսդիր, գործադիր և դատաիրավական համակարգերը իրարից անջատ պետք է լինեն, և մեկը մյուսի վրա վերահսկողության գործառույթ պետք է կատարի: Այս առումով մեզ մոտ ոչ միայն դատաիրավական համակարգը անկախ չէ, այլև բոլոր համակարգերը ծառայում են քրեաօլիգարխիկ համակարգի շահերին: Արդարության ատյանի գործառույթն է մեր հասարակության մեջ արդարության գաղափարի վերահաստատումը, այսինքն ՝ հույսի ներշնչումը, որ արդարությունը իրականանալու է:
Մեր երկրում դատաիրավական համակարգի ներկայիս դրության անընդունելիության և այն ավելի արդար համակարգով փոխարինելու անհրաժեշտության գիտակցումից ելնելով՝ ես ինքս համաձայնվել եմ լինել Արդարության ատյանի անդամ և կատարել այս շատ պատասխանատու պարտականությունը:

– Արդարության ատյանն արդեն սկսե՞լ է իր գործունեությունը:
– Արդարության ատյանն այժմ ունի 7 անդամ: Այն ինքնուրույն մարմին է և հաշվետու չէ Նախախորհրդարանին, այլ հաշվետու է Հայաստանի Սահմանադրության ոգուն: Ներկա պահին 7-հոգանոց Արդարության ատյանը ինքը պետք է ընտրի մնացած 5 անդամներին: Արդարաւոթյան ատյանը ձևավորված է, սակայն ամբողջությամբ իր ֆունկցիոնոլ գործողությանը չի անցել:

– Արդյոք իրատեսական համարո՞ւմ եք, որ առանց իշխանական լծակ ունենալու Արդարության ատյանը կկարողանա գործել:

– Բնականաբար, առանց իշխանական լծակ ունենալու Արդարության ատյանը չի կարող գործել: Որոշումներ իրականացնելու առումով այստեղ շատ կարևոր բաց է մնում, և այդ պատճառով մենք ասում ենք, որ մի դեպքում կլինեն իրավաքաղաքական վճիռներ, սակայն դրանց բարոյական, էթիկական և քաղաքական ազդեցությունը կլինի ծանրակշիռ: Մյուս դեպքերում էլ հասարակության միջից ձևավորված ինքնաբուխ մարմիններ կառաջանան՝ Մաշտոցի պուրակի պայքարի օրինակով, երբ երիտասարդները դիմել էին վարչական դատարան, սակայն վարչական դատարանը, ոտնահարելով գործող օրենսդրությունը, հակաօրինական որոշում էր կայացրել: Երիտասարդները ստեղծեցին քաղաքացիական դատարան, արձակեցին վճիռ, որ կառուցվող բուտիկները անօրինական են, և կայացրին ապամոնտաժման որոշում: Իսկ ավագ սերնդից կազմված «ապամոնտաժողների» թիմը իր վրա վերցրեց վճիքն իրականացնելու պարտավորությունը:

– Ի՞նչով է փոխկապակցված Արդարության ատյանի, Հիմնադիր խորհրդարանի և Ընտրական հանձնաժողովի գործունեությունը:
– Հիմնադիր խորհրդարանի, Արդարության ատյանի, Ընտրական հանձնաժողովի գործունեությունը իրար կապված են այնքանով, որ երեքն էլ համակարգափոխության և նոր որակի պետության ստեղծման ընդհանուր նախագծի մաս են կազմում: Ելնելով այն սկզբունքից, որ ժողովրդավարությունը պահանջում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ոչ փոխկապակցվածություն, դատական մարմինը՝ Արդարության ատյանը, հաշվետու չէ մյուս մարմիններին և գործելու է միանգամայն անկախ:

Հարցազրույցը վարեց Անի Ասլանյանը

Share Button