Մեր զրուցակիցն է Ռադիոտեխնիկ, Նախախորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանը
– Ե՞րբ և ինչու՞ սկսեցիր պայքարել ռեժիմի դեմ։
– Իմ առաջին խոշոր բախումը ռեժիմի հետ եղել է 2008 թվականի մարտի 1-ին: Ռեժիմի դեմ պայքարելու 2 պատճառ կարող եմ նշել, առաջինը` արդարության զգացողությունը և իրացումը, երկրորդը` ռեժիմի վարած քաղաքականությունը հայ տեսակի նկատմամբ. ռեժիմը ոչնչացնում է մեր հայրենիքը:
– Ի՞նչպես և ե՞րբ իմացար Նախախորհրդարանի մասին և դարձար աջակից։
– Նախախորհրդարանի մասին իմացա Մաշտոցի պուրակի պայքարից հետո, երբ այս կառույցը դեռ չէր ձևավորվել: Նախախորհրդարան ստեղծելու միտքը առաջ քաշվեց Սարդարապատ շարժման անդամների կողմից: Նախախորհրդարանին աջակցելու պատճառներն էին այն մարդիկ, ովքեր գործում են այդ կառույցի ներքո`Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը: Նախախորհրդարանը բաց պայքար է տանում: Մինչ այդ եղած կուսակցական պայքարները եղել են փակ, և հանրությունը չի իմացել կուսակցության պլանների մասին:Ի տարբերություն Նախախորհրդարանի`կուսակցությունները գործել են կուլիսներիհետևում, համագործակցել կառավարության հետ և խաբել մարդկանց:
– Նախախորհրդարանը իր գործունեության ո՞ր փուլում է գտնվում։
– Նախախորհրդարանը անցել է Հիմնադիր խորհրդարանի ձևավորմանը: Արդեն ձևավորված են Արդարության ատյանը, Ընտրական հանձնաժողովը և ընդունվում են պատգամավորության հայցեր:
– Ի՞նչու ինքնառաջադրվեցիր որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու։
– Ես երևի թե չէի առաջադրվի, եթե այդ հարցում լինեին ավելի պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր պատրաստակամություն կհայտնեին վերցնելու նոր որակի պետություն կառուցելու բեռը: Ես մասնագիտությամբ ռադիոտեխնիկ եմ և մեծ հաճույքով կաշխատեի այդ ոլորտում, սակայն բեռը պետք է վերցնել: Կորցնում ենք մեր պետությունը և մեր հիմնախնդիրն է փրկել այն:
– Մայիսի 16-ի հանրահավաքի ժամանակ ասեցիր, որ կամ կստեղծես արժանապատիվ կյանք, կամ կզոհվես Բաղրամյան 26-ի մատույցներում։ Այդ պահին հուզված ու բարկացած էիր, թե՞ մտածված ասացիր այդ ամենը։
– Ես այդ խոսքերը բազմիցս ասել եմ. մենք պատասխանատվություն ունենք մեր ավագ ընկերների հանդեպ, ովքեր զոհվեցին մարտի դաշտում: Բայց նաև պատասխանատվություն ունենք ապագա սերնդի հանդեպ: Մենք պարտավոր ենք ապագա սերնդին ժառանգել հայրենիք: Եւ դրա համար կարելի է գնալ ցանկացած միջոցի` այդ թվում ուժային գործողությունների և զոհվելու:
– Մաշտոցի պուրակը Միսակ Մանուշյանի անվան Պուրակ անվանվելու դեմ՝ դու և մի քանի ակտիվիստներ բողոքի ակցիա էիք կազմակերպել, որի ժամանակ քեզ և մի քանիսին բերման ենթարկեցին և բռնություն կիրառեցին։ Ոստիկանությունը քրեական գործ հարուցեց քո դեմ, ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը։
– Քրեական գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն: Ես արդեն մեղադրյալ եմ քրեական գործում, սակայն այդ գործի շրջանակներում հակընդդեմ հայց եմ ներկայացրել, որ իրականում ի´մ դեմ է կիրառվել բռնություն, այլ ոչ թե ես եմ կիրառել: Այժմ ես սպասում եմ իրենց զանգին:
– Ո՞րն է քո կոչը երիտասարդությանը:
– Կոչս ուղղված է ոչ միայն երիտասարդությանը. երիտասարդությունը շատ է սիրում վայելել կյանքը, իսկ պայքարը հակառակ գործընթացն է: Ժամանակն է թողնել վայելքները և պայքարել, քանի որ եթե այս վիճակը շարունակվի, վաղը այդ երիտասարդները չեն կարող վայելել կյանքը: Պետք է դուրս գալ տներից, պետք է դուրս գալ փողոց, պայքարել գոնե մինչև այն պահը, երբ ռեժիմը կտապալվի: Դրանից հետո, իհարկե, Հայաստանը ավելի ծանր փուլ է թևակոխելու, բայց այն մարդիկ, ովքեր չեն ուզում երկար պայքարել, գոնե մինչև ռեժիմի տապալումը պետք է մեզ հետ լինեն:
Հարցազրույցը վարեց Անի Ասլանյանը