Խոսքից գործին անցնելու ժամանակ առաջին գործողը պետք է լինես դու

Մեր զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Եղիա Ներսեսյանը

– Ձևավորվում է Հիմնադիր խորհրդարանը, ինչո՞վ է այն կապվածՆախախորհրդարանի հետ և Նախախորհրդարանը իր գործունեության ո՞ր փուլում է գտնվում:

– Նախախորհրդարանը՝ ստեղծված պահից, իր հստակ քայլերի մեջ նշել է, որ դա պետք է հանդիսանա հարթակ այն մարդկանց համար, որոնք կստեղծեն Հիմնադիր խորհրդարանը և այժմ իր գործունեության տրամաբական ընթացքի վերջին գործառույթներն է իրականացնում:

– Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու Հիմնադիր խորհրդարանը և որո՞նք են դրա առաջիկա ծրագրերը:

– Հիմնադիր խորհրդարանը համախմբելու է այն մարդկանց, որոնք իրենց ուսերին կկրեն վաղվա Հայաստանի քաղաքական բեռը և որոնք հանուն Հայաստանի չեն վախենա առճակատման գնալ այս համակարգի դեմ: Ինքնառաջադրումը այն գիտակցումն է, որ դու գնում ես այդ քաղաքական բեռը վերցնելու: Յուրաքանչյուր ինքնառաջադրված մարդ պետք է հավաքի 300 ստորագրություն` զուգահեռաբար իրազեկելով Նախախորհրդարանի մշակած ճանապարհային քարտեզի մասին: Իսկ ռեժիմի հեռացումից հետո Հիմնադիր խորհրդարանը պետք է ապահովի հնարավորինս անցնցում անցումային ժամանակահատված, որի ընթացքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

– Ինչու՞ ինքնառաջադրվեցիր որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու:

– Ես ի սկզբանե եղել եմ Նախախորհրդարանի անդամ և որպես օրինակ՝ երիտասարդսերնդին, ինքնառաջադրվեցի: Երբ դու խոսում ես ինչ-որ գործի մասին, պետք է ցույց տաս, որ դու ես առաջինը սկսել, որ չես վախենում, և քեզ հավատացողները կարող են գալ քեզ հետ: Խոսքից գործին անցնելու ժամանակ առաջին գործողը պետք է լինես դու:

– Մայիսի 16-ին քո ելույթի ժամանակ նշեցիր, որ ռեժիմին մնացել է 49 շաբաթ: Ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակահատվածում, և ի՞նչու հենց 49 շաբաթ:

– Հանրահավաքի կարգախոսն էր «100-ամյակը առանց ռեժիմի», դա պատահականություն չէ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մեկ տարուց ավել չի դիմանա, մանավանդ արտագաղթի այս մեծամասշտաբ պայմաններում: Այդ պատճառով անցանք ավելի գործնական քայլերի: 49 շաբաթը պայմանավորված է այդ ամեն ինչի հետ և այն հարցը, թե ինչ տեղի կունենա 49 շաբաթ հետո, հետաքրքրում է շատերին` առավել ևս համակարգին: Այդ հարցի պատասխանը ոչ ոք չի իմանա, բացի այն մարդկանցից, ովքեր կառաջադրվեն, ովքեր կվերցնեն ապագա Հայաստանի քաղաքական բեռը: Եւ նրանց վճռականությունից էլ կախված կլինի, թե 49 շաբաթից ինչպիսի անցումային փուլ կունենանք: Եթե լինեն իրական հայի տեսակ կրող մարդիկ, ես գտնում եմ, որ մեր նոր պետության կառուցման առաջին քայլերը կլինեն անցնցում:

– Հանրահավաքի ժամանակ խոսվեց նաև «Կանաչ ջոկատ»-ի մասին, ասացիր, որ նրանք դնելու են ռեժիմի վերջը: Ո՞րն է կանաչ ջոկատի առաքելությունը:

– Ես նշեցի, որ «Կանաչ ջոկատը» միայն ֆիզիկական պարապմունքներով չէ զբաղված: Հենց դրա վրա էր իմ խոսքիամենամեծ խաղադրույքը: Ռեժիմը ծնել է այսօրվա կեղտոտ, գաղջ մթնոլորտը, որի պատճառով հայ երիտասարդը բացարձակապես կտրվել է ի րարմատներից և դարձել է կառավարելի Ռուսաստանի կամ արևմուտքի կողմից: Կանաչ ջոկատի առաքելությունն է երիտասարդներին վերադարձնել դեպի իրենց արմատները: Դնել ռեժիմի վերջը, չի նշանակում ջարդել իրենց: Երբ շատանան հայրենասեր, հայրենատենչ, հայրենականչ երիտասարդները, որոնք իրենց առօրյայով կապրեն որպես հայ, այդ ժամանակ կդրվի ռեժիմի վերջը: Ռեժիմն ինքն իրեն կվերանա:

– Ո՞րն է քո կոչը երիտասարդությանը:

– Գլխավորը մեկն է. չվախենա´լ: Չվախենալ ոչ մի բանից` առավել ևս մահից: Իհարկե, մարտնչող, ազատատենչ ոգի ունեցող զիվորը չի ուզում մեռնել, բայց պետք է հասկանալ, որ հայակենտրոն, հայեցի Հայաստան ստեղծելը շատ լուրջ պատասխանատվություն է, որը երիտասարդի գործն է: Ավագ սերունդը իր գործը արել է և այսօր կարող է ուղղակի թիկունք լինել երիտասարդությանը, որն էլ պետք է կրի գլխավոր բեռը: Կոչս ուղղում եմ գիտակից մարդկանց, որպեսզի միանան, ինքնառաջադրվեն և խաղից անցնեն լրջության: Հայաստանը պետք է ունենա լուրջ քաղաքական վերնախավ, որը հիմնականում պետք է կազմված լինի հայ երիտասարդությունից:

 

Հարցազրույցը վարեց Անի Ասլանյանը

Share Button