Ժիրայր Սեֆիլյանի ելույթը Նախախորհրդարանի հանրահավաքին (16.05.2014)

Ժողովրդին առաջնորդողը ես եմ լինելու – Ժիրայր Սեֆիլյան

Ես իմ խոսքը կսկսեմ մեր ժողովրդին երկար տարիներ հուզող հարցից. դա Հայաստանի ընդդիմադիր դաշտի պառակտվածությունն է: Մենք չենք զարմանում, որ ունենք այս վիճակը, որովհետև գիտակցում ենք, որ գոյություն ունի մի ռեժիմ, որը երկար տարիներ իր բոլոր հնարավորություններով պառակտել է այդ դաշտը և ոչ միայն պառակտել է, այլ նաև ամբողջությամբ վերահսկում է այն: Մենք մեր այս շարժումը սկսելիս մեր ընդդիմադիր գործընկերներին բազմիցս հորդորել ենք, որ օր առաջ պետք է այդ դաշտից դուրս գալ: Մի դաշտ, որտեղ խաղի կանոնները հաստատվում և թելադրվում են գործող «խանի» կողմից, այդ դաշտում որևէ գործունեություն վարելն անիմաստ է: Դժբախտաբար, դա մինչ այսօր չի գիտակցվել, սակայն քանի որ մենք ժամանակ չունենք , մենք սպասողը չենք: Մենք մեր գործունեության նոր հանգրվանը այսօր սկսում ենք:

Միաժամանակ բոլորս գիտենք, թե ինչքան դժվարացել է մտածող հայ մարդկանց այսօր համախմբել ինչ-որ ծրագրի շուրջ, առավել ևս մի ծրագրի, որի արդյունքում պետք է ազատագրվի մեր երկիրը: Հայկական մթնոլորտը շատ տհաճ է՝ լինի սփյուռքում, թե Հայաստանում: Սակայն սա չի նշանակում, որ մեզ չի հաջողվելու համախմբել պետք եղած մտավոր ներուժը: Բարեբախտաբար, արդեն մեզ ինչ-որ չափով դա հաջողվել է, ուստի վիճակը օրհասական չէ. անցնում ենք առաջ:

Մենք համոզված ենք մեր ուղու ճշմարտացիության մեջ, մենք վճռականորեն շարունակելու ենք մեր ուղին, ուղի, որը արդեն ունի վերջնաժամկետ: Մինչ օրս մենք վերջնաժամկետի մասին չէինք խոսում, շատերը հետաքրքրվում էին՝ ե՞րբ: Ահավասիկ, մենք այստեղ ենք՝ հայտարարելու վերջնաժամկետը: Այսինքն՝ ունենք մի կարմիր գիծ, որից այն կողմ այլևս չենք պատկերացնում շարունակել պայքարը և մինչև այդ կարմիր գիծը մեզ հաջողվելու է մեր պատկերացրած փոփոխություններն իրականացնել:

Սա չի նշանակում, որ մինչև այդ ժամկետը եթե առիթ լինի, մենք այդ առիթը բաց ենք թողնելու: Ո´չ այդպես չէ: Դրան ևս մենք պատրաստ ենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ մեզնից անկախ՝ ֆորսմաժորային վիճակ որևէ ժամանակ կարող է տեղի ունենալ մեր երկրում: Նախախորհրդարանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ այդ դեպքում ևս մենք պատրաստ ենք պատասխանատվությունը վերցնել մեր ուսերին, այսինքն՝ մեր ժողովրդի օգնությամբ՝ մենք պատրաստ ենք առաջնորդելու մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք մեր ժողովրդի ուժով վերացնել այդ արհավիրքը, ընդունել այդ մարտահրավերը և ոչ միայն փոփոխություններ իրականացնել, այլ նաև ավելի հեռանկարային քայլերի անցնել և կյանքի կոչել մեր պատկերացրած ծրագիրը:

Մենք ունենք նաև այն հարցի պատասխանը, թե «վերջապես այս հայտնի ղեկավարներից բացի, մենք այլ ղեկավար կարող ե՞նք ունենալ»: Օրը կգա, և մենք այդ մարդու անունը ևս կհնչեցնենք:

Շարունակելով իմ խոսքը՝ ես կուզեի անդրադառնալ մեր պայքարի բովանդակությանը: Մենք ունենք գլխավոր նպատակ, և այդ նպատակին հասնելը, մենք համոզված ենք, որ հնարավոր է միայն ու միայն արմատական փոփոխություններով: Բարեբախտաբար, այս ժամանակաընթացքում մեզ հաջողվել է մշակել այն հայեցակարգը, թե ինչպիսի Հայաստան պիտի ունենանք, որտեղ արտացոլվում են արմատական փոփոխությունները:
Այսօր ես ուզում եմ մատնացույց անել մի քանիսը: Առաջինը կուզեի հիշատակել մեր երկրում գործող վաշխառուական բանկային համակարգը, որը երկար տարիներ է արդեն կեղեքում է մեր ժողովրդին, այսինքն՝ ունենք վաշխառուական համակարգ, որը, ըստ էության, արտացոլումն է համաշխարհային օլիգարխիկ համակարգի: Մենք դա մեր երկրում թույլ չենք տա:

Այս կոնտեքստում ես կուզեի հիշել մեր երիտասարդներին, որոնք անցած ամիսներին պայքարում էին պարտադիր կուտակայինի հարցով: Նրանք իրենց պայքարի ընթացքում պարբերաբար խոսում էին գումարների այն արտահոսքի մասին, որը տեղի է ունենալու մեր երկրից դուրս, սակայն, չգիտես ինչու, ոչ ոք չխոսեց այդ հայտնի երկու ֆոնդերի ներկայացուցչական գրասենյակների մասին, որոնք գործում են մեր երկրում՝ համապատասխան բանկերին կից: Ես կհորդորեի մեր երիտասարդությանը այսօրվանից իսկ այդ հայտնի ֆոնդերի ներկայացուցիչներին վռնդել մեր երկրից:

Երկրորդ հարցը, որին կուզեի անդրադառնալ, լյուստրացիան է, որի մասին այս քսան տարիների ընթացքում բազմաթիվ մտածող մարդիկ խոսել են, սակայն մինչ օրս որևէ քաղաքական ուժ այդ խնդիրը հստակ որպես քայլ իր կողմից չի ձեռնարկել: Ես, անշուշտ, «լյուստացիա» ասելով՝ առաջին հերթին հասկանում եմ ուժային այն համակարգը, այն հատուկ ծառայությունները, որոնք մենք ժառանգել ենք Սովետական միությունից, որը, իմ համոզմամբ, մինչ այսօր գործում է: Եթե մենք ցանկանում ենք ունենալ անկախ պետություն, դրա գլխավոր նախապայմաններից մեկը այն է, որ պետք է հրապարակայնացնել այդ ամբողջ արխիվները, հրապարակայնացնել գործակալական ցանցի ցուցակները և այն բոլոր մարդկանց, որոնք, ըստ էության, առնչություն են ունեցել այդ ճիվաղային համակարգի հետ, խստիվ արգելել զբաղվել մեր ժողովրդի, մեր ազգի համար կարևորություն ունեցող ոլորտների գործունեությամբ: Սակայն մենք բոլորս գիտենք՝ այսօր ովքեր են, ով է բազմած Բաղրամյան 26-ում և ոչ միայն այնտեղ: «Լյուստրացիա» ասելով՝ ես նաև հասկանում եմ տնտեսական լյուստրացիա, խոսքը վերաբերում է կարճ ժամանակում հարստացած այն օլիգարխներին, որոնք պետք է հրապարակայնորեն բացատրեն, թե ինչպես իրենց հաջողվեց այդ կարճ ժամկետում դառնալ միլիոնատեր: Այս ամբողջի պատասխանը եթե մենք չստանանք, այս լուծումները եթե չտանք, մեզ չի հաջողվելու անկախ պետությունը ստեղծել:

Հաջորդ հարցը, որին կուզեի անդրադառնալ, ռազմավարական այն հայտնի հաստատություններն են, օբյեկտներն են, որոնք արդեն երկար տարիներ է օտարվել են մեզնից, մեր սեփականությունից: Դրանք պետք է վերադարձվեն պետությանը, այսինքն՝ ժողովրդին:

Ամփոփելով այս հատվածը՝ անպայման պետք է խոսեմ տիրող անպատժելիության մթնոլորտի մասին, այսինքն՝ մենք պիտի դնենք պայման՝ այն բոլոր հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել մեր ժողովրդի, մեր պետության, մեր պետականության նկատմամբ, այդ մարդիկ պիտի պատասխան տան: Եթե այդ պատիժը չլինի, մեզ չի հաջողվելու պետությունը ստեղծել:

Հաճախ լսում ենք հետևյալ հարցադրումը, թե ովքեր են այն մարդիկ, որոնք պիտի առաջնորդեն մեր ժողովրդին: Գերիշխում է այն հարցադրումը, թե «Լավ, հասկացանք, ո՞վ է լինելու այդ մարդը, որին մենք պետք է հավատանք, որը հերթական անգամ մեզ չի խաբելու, որը հերթական անգամ առևտրի մեջ չի մտնելու և ունենալու է այն վճռականությունը, որ չնահանջի: Ո՞վ է այդ մարդը, կա՞ այդպիսի մարդ»: Ես ամենայն անհամեստությամբ՝ այսօր բարձրաձայնում եմ, այո´, դա ես եմ:

Այս առիթից օգտվելով՝ ես շատ կկարևորեի մեր ներքին ընդդիմադիր դաշտում առկա գործիչների ներքին համերաշխությանը։ Այո՛, այսքան պատասխանատվությունը վերցնելով հանդերձ մենք գիտակցում ենք, որ այս գործը միայն մենք պետք չէ, որպետք է անենք: Կան այլ խմբեր և այլ անհատներ ևս, և դրանցից ես կառանձնացնեի Նիկոլ Փաշինյանին և առիթից օգտվելով՝ Նիկոլին կհորդորեի. «Այո՛, Նիկո՛լ, մենք ծանոթ ենք քո ծրագրին, հարգում ենք ձեր ծրագիրը, դու գիտես, որ մենք քո ծրագրին գլխավորապես համամիտ չենք այն մասով, որը տանում է դեպի 2017-2018 թիվ: Ես կարծում եմ, որ դու ևս մեզ հասկանում ես, որ մենք չենք ունենալու այդ ռեսուրսը, որ համբերենք մինչև 2017- 2018 թիվ: Ուստի ես կարծում եմ, որ չի խանգարի քեզ և քո նմաններին, ձեր շրջապատում փայլուն երիտասարդներին այսօրվանից իսկ ներգրավելու մեր կողմից սկսած այս գործընթացին, խնդրե՛մ։ Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ մեր կողմից ստեղծված Ընտրական հանձնաժողովում և Արդարության ատյանում թափուր տեղեր կան։ Գործունեության դաշտը ազատ է, մենք հրավիրում ենք ձեր նմաններին»։

Կուզեի անդրադառնալ սփյուռքի այն հայրենակիցներին, որոնք, ըստ էության, ամեն օր ապրում են Հայաստանով, ամեն օր շնչում են Հայաստանով և օր առաջ երազում են վերադառնալ Հայաստան։ Ես նրանց ևս ուզում եմ տեղեկացնել, որ պատրաստվեն: Ահավասիկ, վերջնաժամկետը նշված է: Սակայն ավելի հստակ թվական Հայաստան վերադառնալու և մեր պայքարին միանալու մենք դեռ կհայտարարենք: Այսօրվանից պատրաստվեք, ինչպես քսան քսանհինգ տարի առաջ Արցախյան ազատամարտում տասնյակներ և հարյուրավորներ եկան ու օժանդակեցին այդ ազատագրական պայքարին, այսօր ևս մենք սպասում ենք Ձեզ։

Կուզեի խոսել այն մասին, որ այսպիսի ծանր բեռ, որ մենք վերցնում ենք այսպիսի լուրջ գործունեության սկիզբ, որ մենք դնում ենք, մենք գիտակցում ենք, որ առանց նյութական առկայության պետք եղած ձևով տեղից չի շարժվելու։ Խոսքս ուղղում եմ մեր ժողովրդի այն շերտին, որը նյութապես ավելի ապահով է, ինչու չէ նաև այն շերտին, որը հարուստների շերտն է. «Եթե դուք ձեզ համարում եք մեր ժողովրդի մի մասը, ապա շարժվե´ք»։ Մենք ամեն անգամ չենք հիշեցնելու սա ձեզ։ Մենք չենք պատկերացնում որևէ այլ օտար աղբյուրից սնումը: Մեր միակ սնումը լինելու է հայկական սնում, մեր ժողովրդի կողմից, հայ մարդկանց կողմից։

Երիտասարդներին և Արցախյան պատերազմի մասնակիցներին ես ունեմ կոչ: Մոտենում է այն պահը, որ ես հայտարարելու եմ քաղաքացիական բանակի ստեղծման մասին: Հեռու չէ այդ պահը: Քաղաքացիական մի բանակ, որը առաջին հերթին պետք է տեր կանգնի մեր շարժման անվտանգությանը, ինչու չէ նաև չեզոքացնի այսօր մեր երկիրը վտանգող զորիբալայանականների շարժումը, որի նպատակն է խլել մեր ձեռքից մեր ինքնիշխանությունը: Ես կուզեի հուսախաբ անել նրանց, եթե նրանք կարծում են, որ եթե նրանց պապերին (խոսքը բոլշևիների մասին է) հաջողվեց հարյուր տարի առաջ՝ 1920-ականներին, խորհրդայնացնել մեր նորանկախ հանրապետությունը, եթե կարծում են, որ այսօր ևս նրանց հաջողվելու է, ապա չարաչար սխալվում են: Կարող եմ երկար հաստատումներ ասել, սակայն ուզում եմ ասել երկուսը. առաջինը այն է, որ այդ օրերին մեր ժողովուրդը նոր էր դուրս եկել Եղեռնից, մենք բոլորս էլ հիշում ենք՝ ինչպիսի վիճակ էր տիրում Հայաստանում. տասնյակ հազարավոր մարդիկ նույնիսկ սովից ու հիվանդություններից են մահացել: Այսօր ևս, պատկերացրեք, որ Հայաստանում կան կիսասոված և սոված ընտանիքներ, սակայն համեմատություն եթե անցկացնենք, մենք կտեսնենք, որ այսօր, ի տարբերություն այդ օրերի, մենք շատ ավելի բարվոք վիճակում ենք:
Սրան ավելացնենք մեր նոր սերունդը, որին տրվել է հնարավորություն կրթվելու, իմանալու, տեղեկացվելու: Եթե այն օրերին նժդեհներին հաջողվեց տասնյակներ գտնել և մեր այսօրվա հանրապետության ճակատագիրը որոշել, ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է գտնել հազարավորները, և այս սպառնալիքները, որոնք մենք ամեն օր ստանում ենք հայտնի հյուսիսից, մենք դրա հաղթահարելու ենք դրանք. ես չեմ կասկածում:

Ամփոփելով խոսքս, վերադառնելով այս օրվան՝ ի՞նչ ենք անում այսօր: Առաջին հերթին գտնվեն մարդիկ, որ կմիանան մեր բարձրացրած ծանր բեռին, ինքնաառաջադրվեն Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու, գտնվեն մարդիկ, որոնք մատնացույց անեն մեզ մարդկանց, որոնք արժանի են լինեն թեկնածու: Գտնվեն մարդիկ, որոնք պատրաստ լինեն օժանդակել ամբողջ գործընթացին, որովհետև մենք հստակ մեխանիզմ ունենք, թե ինչպես պետք է ձևավորվի այդ 65-հոգանոց մարմինը: Եվ վերջինը՝ մեր համախոհները մեզ կարող են օժանդակել նաև այս մասին իրազեկելով:
Մենք համոզված ենք, որ հասնելու ենք մեր նպատակին: Այս հարցում մենք կասկած չունենք, սակայն ինչքան շատ պատրաստված մենք մոտենանք մեր կողմից սահմանված վերջնաժամկետին, այդքան ցնցումային փոփոխության ռիսկայնությունը կքչանա:

Եվ ամփոփելով խոսքս՝ նորից ես ձեզ ուզում եմ հաստատել իմ համոզումը գլխավորապես այն բանի, որ մենք հասնելու ենք մեր նպատակին, որովհետև մե´նք ենք տերը մեր երկրի:

Share Button