Մեր զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, «Կապան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Գասպարյանը։
– Գևորգ, ե՞րբ իմացաք Նախախորհրդարանի մասին և ինչո՞ւ միացաք հենց այս քաղաքական նախաձեռնությանը:
– Նախախորհրդարանի մասին իմացա մեկ տարի առաջ և միացա այդ քաղաքական նախաձեռնությանը, քանի որ այն միակն է, որը պայքար է տանում իշխանությունից դուրս: Իշխանության մեջ լինելով՝ դու խաղում ես նրա խաղի կանոններով, իսկ այդ դեպքում պայքարը տանում է փակուղի: Ազգային պետություն ստեղծելու գործում Նախախորհրդարանի ճանապարհային քարտեզը ընդունում եմ ավելի իրատեսական և կարծում, որ այս ապազգային իշխանությանը կարող են հաղթել միայն ազնիվ և մաքուր անցյալ ունեցող մարդիկ:
– Մայիսի 16-ի Նախախորհրդարանի հանրահավաքին ներկա էիք, Կապանից եկել էիք Երևան: Ուզում եմ իմանալ՝ Ձեր սպասումները արդարացվեցի՞ն:
– Հանրահավաքին չեմ եկել ինչ-որ սպասումներով, այլ՝ իմ բաժին բեռը վերցնելու ազգային պետության ստեղծման գործում. գործելու պահն է եկել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է պայքարի նոր որակի հայկական պետություն ունենալու համար:
– Դուք նաև ներկայացնում եք «Կապան» քաղաքացիական նախաձեռնությունը: Ի՞նչ խնդիրներով եք առավել հետաքրքրված:
– Մեր նախաձեռնությունը փորձում է ուշադրության կենտրոնում պահել և արձագանքել Կապանում և տարածաշրջանում առկա բնապահպանական, քաղաքացիական, սոցիալական, իրավական, համայնքային խնդիրներին: Ներկա պահին առավել ակտիվ գործում ենք բնապահպանական հիմնախնդիրների լուծման ուղիներ որոնելու և լուծումներ առաջարկելու ուղղությամբ:
– Տեղեկություններ կան, որ վտանգված է Կապանի խմելու ջուրը: Կներկայացնե՞ք խնդիրը: Եվ ի՞նչ քայլեր եք նախատեսում կատարել այս ուղղությամբ:
– Վահան ԵՀԱ ՍՊԸ-ի կողմից, խմելու ջրի ջրահավաք ավազանի հարևանությամբ, կատարված երկրաբանական աշխատանքների պատճառով վտանգվել է Կապանի խմելու ջուրը: Մենք պատրաստվում ենք հանրությանը իրազեկել և տեղյակ պահել նաև հնարավոր վտանգների մասին, որոնք կառաջանան նոր հանքավայրի շահագործման հետևանքով:
– «Կապան» քաղաքացիական նախաձեռնությունը մի քանի անգամ սոցիալական կայքերում տեղադրել է Հանքասարի ֆաբրիկայի պոչանքներին վերաբերող տեսանյութեր, ներկայացրել ահազանգեր: Կպատմե՞ք այնտեղ տիրող իրավիճակի մասին:
– Ինչպես գիտեք, «Լեռ-էքս» ընկերությունը իր ֆաբրիկայի պոչանքներով պարբերաբար աղտոտում է Գեղի գետը: Մեր մշտադիտարկումների արդյունքում մենք տեսագրել ենք «Լեռ-Էքս» ընկերության կողմից Գեղի գետի պարբերաբար աղտոտումը, դիմել և տեղյակ ենք պահել պատասխանատու պետական մարմիներին՝ բնապահպանության նախարարության աշխատակազմի Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությանը, ինչպես նաև բնապահպանության նախարարին:
– Հանքերի ոչ ճիշտ շահագործումից Կապանի բնակչությունը առողջական խնդիրներ ունի՞:
– Այս պահի դրությամբ մենք չունենք նման վիճակագրական տվյալներ, քանի որ մենք ինքներս այդ ուղությամբ աշխատանքներ չենք իրականացրել, սակայն համոզված ենք որ բնակչության շրջանում կան առողջական խնդիրներ, որոնց պատճառը հանքարդյունաբերությունն է: Մեր կողմից առայժմ նման հետազոտություն չի անց կացվել:
– Հանքերի պատճառով առաջացած խնդիրների լուծմումը ո՞ր ճանապարհով եք տեսնում: Տեղայի՞ն, թե՞ համակարգային լուծումների կարիք ունենք այս ոլորտում:
– Այս խնդիրները կարող են լուծում գտնել միայն համակարգային փոփոխությունների արդյունքում, որի համար անհրաժեշտ է գիտակից հանրության ուժերի համախմբում ոչ միայն Կապանում, այլ նաև ողջ Հայաստանում:
Հարցազրույցը վարեց Անի Ասլանյանը