Մենք պետք է գործենք ու դադարենք զոհ լինելուց. Նարե Սմբատյան

Այո, մասնակցելու եմ Մայիսի 16 հանրահավաքին: Կարծում եմ, երբ մարդ որպես նախաձեռնող է հանդես գալիս որևէ խնդրի բարձրաձայնման կամ լուծման շուրջ, նա առավել պատասխանատու և հասուն կերպով է իրեն դրսևորում, ինչը իր հերթին նպաստում է կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Ելնելով այդ ամենից` լավ է նաև, որ երիտասարդները նույնպես նախաձեռնող լինեն, որովհետև ներկայիս շարժիչ ուժն ու ապագայի հենքն են:
Կասեմ, որ ժամանակն է դադարեցնենք անվերջ բողոքել մեր երկրի վիճակից և ոչինչ չանել, երբ մենք պետք է գործենք, դադարենք զոհ լինելուց, մեզնից դուրս մեղավորներ փնտրելուց, և կրավորական կարգավիճակից անցնենք ներգործականի: Ժամանակն է ընդունել, որ մեկ մարդ չի գալու և փոխելու իրականությունը մեզ համար, մենք ինքներս պետք է փոխվենք, մենք պետք է դառնանք պահանջատեր և անհանդուրժող անարդարության ու անօրենության նկատմամբ, պետք է սովորենք չհարմարվել ու պայքարել, այն ժամանակ կփոխենք նաև մեր իրականությունը, որովհետև այլ կերպ չի լինում. ամեն ազգ ունենում է այն կառավարությունը, որին նա արժանի է լինում: Մայիսի 16-ին Ազատության հրապարակում կհավաքվեն մարդիկ, ովքեր ուզում են և պատրաստ են անցնել այս ճանապարհով, և ովքեր ունեն նաև քո կարիքը իրենց կողքին, Հայրենակից, որովհետև մենք բոլորս էլ, ի վերջո, մեկ ընդհանուր նավի ուղևորներ ենք:

Share Button