Մեր զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ Գայանե Բաբլոյանը:
– Մասնակցելու ե՞ք արդյոք մայիսի 16-ինՆախախորհդարանի հրավիրած հանրահավաքին: Որքանո՞վ է երիտասարդների մասնակցությունը կարևոր այս գործընթացում:
– Իհարկե, մասնակցելու եմ մայիսի 16-ին Նախախորհրդարանի կազմակերպած հանրահավաքին: Չմասնակցել այսօրվա Հայաստանի առողջ և շարժվող բջիջների որևէ գործողությանը, նշանակում է խաչ քաշել հայրենիքի վրա:
Չկա ոչ մի խնդիր, որ միասին չկարողանանք լուծել: Այս պրոցեսում չկա երիտասարդ կամ ավագ, կա իրավագիտակից հայրենասեր մարդ, որ ունի, ունեցել է կամ կունենա ներդրում. ես չեմ տարանջատում երիտասարդներին մնացածից, դա սխալ է: Ավագները ունեն կյանքի փորձ, երիտասարդները՝ եռանդ, դա փոխկապակցված ֆունկցիա է: Ուստի երիտասարդները, ինչպես և ցանկացած հայրենասեր մարդ արարած, պետք է և իրավունք ունեն լինել մասնակից և նախաձեռնող: Բոլորի ներդրումը արժեքավոր է և կարևոր:
– Ի՞նչ կոչ կանեք մեր հայրենակիցներին:
– Հայրենակիցներիս կոչ կանեմ իրենց անձից դուրս սիրեն այն միջավայրը, որտեղ կերտվել է իրենց անձը, հակառակ դեպքում, եթե չես գնահատում կամ սիրում միջավայրը, ուրեմն անձդ էլ չես կարող սիրել: Կոչ եմ անում չփախչել խնդիրներից գեթ մեկ անգամ հայոց պատմության մեջ, միանալ եղբայրներին, հատկապես օրհասական պահերին, որովհետև չկա ոչ մի խնդիր, որ միասին չկարողանանք լուծել:
Իսկ առանձին–առանձին մեզ բաժան–բաժան կանեն ու կարտագաղթեցնեն այն միջավայրից,որը մեր անձը կերտել է և որը մեր անձի բաղկացուցիչ մասն է, այլ կերպ ասած՝ մեր Հայաստանը, առանց որի մենք կկորցնենք ինքներս մեզ: