Ոստիկանությունը փորձում է քրեական հետապնդում հարուցել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ(լրացված)

Այսօր՝  ժամը 12-ին անհամաչափ բռնության գործադրմամբ Մաշտոցի պուրակից բերման ենթարկված յոթ երիտասարդներից վեցին ոստիկանությունն արդեն ազատ է արձակել:

Երիտասարդներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, ոչ միայն ապօրինի կերպով դեռևս պահվում է ոստիկանությունում, այլև նրա նկատմամբ փորձում են քրեական հետապնդում հարուցել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Ակնհայտ է, որ ոստիկանության այս գործողությունը նպատակ ունի արդարացնելու երիտաստարդների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի, նկատմամբ գործադրված անհամաչափ բռնությունը և կոծկելու դրա մեղավորներին:

Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը: Նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, այդ վիճակում պահել են շուրջ 5 ժամ, որից հետո Գևորգի վիճակը կրկին վատացել է և հիմա կանչվել է երկրորդ շտապ բուժօգնությունը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գևորգ Սաֆարյանը գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ), և այս պահին նրան բուժօգնություն են ցույց տալիս: Ոստիկանների կիրառած բռնության հետևանքով Գևորգի մարմնի տարբեր մասերում կան վնասվածքներ, իսկ ծունկը լրջորեն վնասված է:

Ոստիկաններն անհամաչափ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել յոթ հոգու

 

Share Button