«Իվան Վոլինկինը` ՀՀ միանձնյա նախագահ». Տիգրան Խզմալյան

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը նախօրեին իրենց 9 ակտիվիստին  բերման ենթարկելու եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության մեջ կապ է տեսնում: Հիշեցնենք, որ դեսպանը հայտարարել էր, թե անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների չեզոքացումը, որոնք սեպ են խրում ռուս – հայկական հարաբերություններում: Հիշեցնենք նաեւ, որ Նախախորհրդարանը մայիսի 16-ին մեծ հանրահավաք է նախատեսել` քաղաքական ստեղծված իրավիճակի, Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու հարցերի շուրջ քաղաքացիների հետ խոսելու ու քննարկելու համար: «Թեեւ մենք հ/կ չենք, բայց հասկանում ենք` հ/կ նշանակում է միտք, խոսք, որը հաճելի չէ Ռուսաստանի դեսպանատանը, քանի որ նա հանդիսանում է Հայաստանի միանձնյա նախագահ, վարչապետ, խոսնակ, մշակույթի նախարար եւ այլն: Մենք այսուհետեւ գործ ենք ունենալու Ռուսաստանի դեսպանատան ու նրա տեղական մասնաճյուղերի հետ, որոնցից է, օրինակ, ոստիկանությունը»,- ասաց պարոն Խզմալյանը: Մեր հարցին, այսինքն` դուք ձեզ համարում եք  դեսպանի մատնանշած հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրողների՞ց», պարոն Խզմալյանը պատասխանեց. «Եթե բռնատիրության հաստատումը նախկին խորհրդային տարածքում եւ երկրների ստրկացումը համարվում է հայ-ռուսական հարաբերություններ, ապա մենք սեպ ենք խրում»: Նրա կարծիքով, դեսպանի հայտարարությունը խոսում է Ռուսաստանի վատ կանխատեսումների մասին.« Կանխատեսում են հակառուսական որոշ տհաճ զարգացումներ եւ փորձում են կանխարգելիչ միջոցառումներ նախատեսել»:

  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 


Աղբյուրը՝ aravot.am