Շուշին, ռուսական «օղակ» գործողությունը. Պատմում է Ժիրայր Սեֆիլյանը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ  ներկա քաղաքական իրավիճակին, զուգահեռներ անցկացրեց Շուշիի-Քեսապի միջև: Սեֆիլյանն անդրադարձավ նաև Շուշիի ազատագրման մի քանի դրվագի և իր հուշերը կիսեց մեզ հետ:

«Հակառակորդը շատ լավ գիտակցում էր, որ Արցախը չի պատկանում իրեն: Մարդիկ, ովքեր նվիրված էին պայքարին, համոզված էին, որ այդ հողը պատկանում է իրենց, կար վախի հաղթահարում, կար ոգեղենություն, սրանք կարևորագույն գործոններ են, որոնք նպաստում են հակառակորդին  ծնկի բերելուն: Խոսվում է, որ շարժման օրերին ռուսներն օժանդակել են, եթե չօժանդակեին, ապա հայերը ոչինչ չէին կարողանա անել, սա թյուր կարծիք է:

Ես հիշում եմ՝ 1991թվականի ապրիլ-մայիս ամիսներն էր, օղակ գործողության հետևանքով բազմաթիվ բնակավայրեր հանձնվեցին ադրբեջանական օմոնին, հենց ռուսական զորքերի կողմից, ես անձամբ վկա եմ եղել, թե Շահումյանը ինչպես են նրանք օկուպացրել, Մարտակերտի զգալի մասը օկուպացրել: Այդ ամենի մասին, որ հիմա մենք լսում ենք, իբր Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, դա առնվազն դեզինֆորմացիա է և հերյուրանք:

Մեր երկրում կան ռուսական սահմանապահ զորքեր, սա միայն հերիք է, որ հասկանանք, որ մեր անվտանգությունը հանձնել ենք Ռուսաստանին: Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք ու պիտի լինենք, սակայն ես կասեմ, որ սահմանապահ զորքերի առկայությունն այստեղ բոլորովին անիմաստ է, մեր սահմանը պետք է մենք հսկենք»:

Անդրադառնալով ԱՄՆ եւ Ռուսաստանի դեսպանների հայտարարություններին՝ Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ երկու կողմերի հայտարարությունները մենք՝ հայերս, պետք է ընդունենք որպես ահազանգ մեր պետականության կորստի, որի գլխավոր պատճառը մեր այսօրվա ռեժիմն է, այս հայտարարություններն ավելի շուտ ուղղված են ռեժիմի պարագլխին: Այսպիսի դիվանագիտական հարձակումները շարունակվելու են, քանի դեռ մենք խնդիրը չենք լուծել:

Աղբյուրը՝  lragir.am

Share Button