«Վոլոդյայի ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ են դրել». Գագիկ Սարուխանյան

Մեր զրուցակիցն է Նախախորհդարանի և «Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը:

-Պարոն Սարուխանյան, մայիսի 6-ին կայացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հերթական դատական նիստը: Ձեր կարծիքով ինչպիսի՞ ընթացք կունենա հետագայում այս դատավարությունը: 

– Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, իրատեսական կլիներ կանխագուշակել կամ հաշվարկել հաջորդական քայլերը, բայց այս ռեժիմի ներքո ասել, թե ինչ կլինի հաջորդ նիստին, կնշանակի զբաղվել գուշակությամբ, որովհետև նրանք ունեն իրենց հստակ տերերը. վերևից ինչպես հրամայում են, այնպես էլ քշում են իրենց էշը:

– Հանրությունը ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ Վոլոդյա Ավետիսյանի ազատության գործում:

– Ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանի գործում, այլև ընդհանրապես, հանրությունը կարող է ունենալ մեծ դերակատարում իր ապագայի և սեփական պետությունը կառուցելու գործում: Վոլոդյա Ավետիսյանի գործը մոլորակից իջած առանձին մի գործ չէ: Սա հենց հանրության խնդիրներից մեկն է, որ գոյություն ունի: Խնդիրներ են նաև ցածր թոշակները, բարոյահոգեբանական մթնոլորտը. մարդիկ լքում ենք իրենց տունը և հեռանում: Հասարակության դերը շատ մեծ է: Այսօր արդեն տարբեր խմբեր վերցնում են տարբեր հարցեր և հետամուտ են լինում դրանց լուծմանը: Դա ինչ-որ տեղ ողջունելի է, բայց երևի ժաամանակն է, որ չլինի «ուրիշի ցավ» հասկացություն: Օրինակ բերեմ՝ «դեմ եմ» շարժումը: Սիրտս ուրախանում է, երբ տեսնում եմ, թե երիտասարդները ինչպես են պաշտպանում իրենց իրավունքները, բայց դրանով չի եզրափակվում: Երիտասարդների իրավունքները ավելի շատ են ոտնահարվում կյանքի բոլոր ասպարեզներում: Վաղը այդ նույն անօրինական դատարանը կզբավի իրենցով: Եթե կա ցավ, ուրեմն բոլորինս է: Այդ առումով հանրությունը կարող է շատ մեծ դերակատարություն ունենալ:

– Մինչ այդ Վոլոդյա Ավետիսյանի մարտընկերները հայտնել էին, որ իրենց նկատմամբ ճնշումներ են կատարվում: Շարունակվում են արդյո՞ք, այս սպառնալիքները:

– Փաստացի, ճնշումները շարունակվում են, բայց նրանք իմունիտետ են ձեռք բերել: Երբ նոր էին սկսվել ճնշումները, մենք արձագանքեցինք: Դա հիմա էլ է շարունակվում, ուղղակի տղաները ձիգ են, ու սովորել են: Ասում են էլի են եկել, սպառնացել, բայց արդեն սովորական երևույթ է դարձել: Ավելի լուրջ ուղերձ կարելի է համարել, որ Վոլոդյայի ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ են դրել: Ի՞նչ են ուզում դրանով ասել: Հետաքրքիր է, ո՞ր սրիկան է հրահանգ տվել, որ այդպիսի բան կատարեն: Սրանով ապացուցում են, որ այսօրվա իշխանությունները պատրաստ են նաև ֆիզիկական ոչնչացման:

– Մայիսի 6-ի դատավարությանը ակցիայի մասնակիցները և Վոլոդյա Ավետիսյանը ներկայացել էին «Ռեժիմ, ես հայ եմ, սպանի´ր ինձ» կարգախոսով շապիկներով:

– Կարգախոսը պատահական չի ընտրվել: Համակարգը սպանում է ամեն օր, սպանում է ոչ թե ֆիզիակապես, այլ սպանում է արդարադատությունը, նամուսը, պատիվը, սպանում է այն ամենը, ինչ բնորոշ է բնական մարդուն: Կարգախոսն ասում է, «Սպանի´ր, վերջացրո´ւ»: Մարդուն դարձնում են կենսաբանական մի էակ, զրկում հոգևոր կյանքից, արդարության զգացումից: Փառք Աստծո, որ մեր հասարակության մեջ կան ընդվզողներ, ովքեր չեն համակերպվում:
Հարցազրույցը վարեց Սոնա Մարգարյանը

Share Button