Ես քաղաքականությամբ զբաղվում եմ ճիշտ այն չափով, որքանով քաղաքականությունն է զբաղվում ինձնով

Հարցազրույց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ

– Պարոն Խզմալյան ,առաջին հերթին, որպես կինոռեժիոսր պետք է հետաքրքրվեմ, թե ինչով եք զբաղված այս պահին, որեւէ ֆիլմ նկարահանում եք, թե ոչ:

 

– Ես ավարտում եմ “Հայոց թագուհիներ” երկմասանոց պատմավավերագրական ֆիլմը, երեք տարվա ընդմիջումից հետո կրկին զբաղվում եմ իմ հիմնական մասնագիտությամբ:

– Եթե գանք մեր երկրի աբսուրդի կինո-կամ թատրոնին, կուզեի Միկոյանի արձանի տեղադրելու վերաբերյալ ձեր կարծիքը լսել:

 

– Մեր երկրում բոլոր հնարավոր ճգնաժամերին ավելացել է մշակութային ճգնաժամը, եւ այն արտահայտվում է միանգամայն անմիջական կերպով: Տեր-Պետրոսյանի օրոք մահացավ թատրոնը, Քոչարյանը լուծարեց ու վաճառեց «Հայֆիլմն» ու «Երեւան» կինոստուդիան, իսկ Սերժ Սարգսյանի օրոք պայթեցվեց կրկեսը: Լավագույն դերասանները կամ մահացել են, կամ անգործ են, կամ բանտարկված: Սակայն ազգաբնակչությունը դա համարյա չի նկատել, քանի որ մերորյա կրկեսն ու թատրոնն իրականանում է քաղաքական բեմերում` դիմակներով կամ դեմքերով, որ դիմակներից էլ ահավոր են: Այս նույնը վերաբերվում է նաեւ նորակառույց տներին եւ արձաններին, որ կատարում են ավելի շատ թատերական դեկորացիաների դերը: Ահավասիք, դատարկ ու անմարդաբնակ Հյուսիսային պողոտան, կամ Գարեգին Նժդեհի անունն այժմ կրող Սուրեն Սպանդարյանի արձանը, կամ Համալսարանի կողքի այգում անճաշակության ցուցահանդես հանդիսացող կիսանդրիների հավաքացուն: Այս աբսուրդի թատրոնի դեկորացիաներին անփոխարինելի գլխաճարտ Նապոլեոն Սարգսյանը կարող է ավելացնել նոր պատվերներ` Միկոյանի արձանը, օրինակ, կամ միանգամից վերականգնել հայր-Ստալինի արձանը` Մայր-Հայաստանի փոխարեն, նույն հին պատվանդանի վրա: Ուզում եմ հիշեցնել, որ ողջ ԽՍՀՄ տարածքում միայն մի քաղաք էր կրում անմահ Լավրենտի Բերիայի անունը` եւ դա հենց Հայաստանում էր, Երեւանի արվարձանը, որն այսօր Մալաթիա թաղամասի է վերածվել մեկ այլ կառկառուն քաղաքական գործիչ եւ բարերար` Սամվել “Լֆիկ” Ալեքսանյանի հովանավորության ներքո:

ինելով ստեղծագործող մարդ, ստիպված եք ակտիվ լինել քաղաքական դաշտում, արդյոք երբեմն չեք հոգնում, ու ցանկանում զբաղվել միմիայն սիրած աշխատանքով:

 

– Ես քաղաքականությամբ զբաղվում եմ ճիշտ այն չափով, որքանով քաղաքականությունն է զբաղվում ինձնով: Ես շատերի պես կորցրել եմ իմ սիրած աշխատանքը, իմ աշխարհը, իմ շրջապատը, իմ քաղաքը: Փորձելով պաշտպանել այն, ինչ դեռեւս մնացել է, ես սկսեցի դիմադրել: Այսպես է սկսվում քաղաքացիական դիմադրությունը ու քանի որ քաղաքական ու կուսակցական դաշտը Հայաստանում վերացավ, մնացինք միայն մենք` պարզ ու մտահոգ քաղաքացիներս: Ես այլեւս չեմ օգտագործում «մտավորական» վարկաբեկված խոսքը` ես այն վերածել եմ «մտավոր ական» հասկացությանը: Այդ իմաստով ես չեմ դադարում աշխատել` ֆիլմ կամ հաղորդում համացանցում, «ֆեյսբուքյան» հոդված կամ ծաղրանկար, պաստառ կամ հարցազրույց: Պետք է անկեղծ ու ճշմարիտ լինել` դա օդի պես անհրաժեշտ է այսօրվա ստի ու կեղծիքի մթնոլորտում:

-Տարիներ հետո հնարավոր է սկսեք վավերագրական ֆիլմ նկարել այսօրվա Հայաստանի մասին, ու …ինչ կդնեիք այդ ֆիլմի վերնագիրը…ինչպիսին կլիներ ֆիլմում ընդգրկված կադրերը…

 

– Ես հիմա անում եմ ֆիլմեր, որ պետք է աներ պետական խոշոր ստուդիան: «Ցեղասպանության լուսանկարիչ», «Սարդարապատ deja vu», «Քրիստոսի կենդանագիր պատկերը», «Տիգրանակերտ», ինչպես եւ «Հայոց թագուհիներ» ֆիլմերս բոլորովին էլ մեկ մարդու ու զրոյական բյուջետով նախագծեր չպետք է լինեին: Սակայն մենք չունենք պետություն եւ մշակույթը պայքարում է թշնամու կողմից զավթված երկրում ինչպես պարտիզանական ջոկատները կանոնավոր բանակի բացակայության դեպքում: Սա նորմալ է Հայաստանի համար ու ես չեմ բողոքում: Այո, ես կարող էի անել շատ ավելին, ես պետք է որ խաղարկային մեծ ֆիլմեր նկարահանեի վավերագրականների փոխարեն ինձնից ու մեզնից գողացած այս երկու տասնամյակների ընթացքում: Սակայն ես իրավունք էլ չունեմ դժգոհելու` չ’է որ Հայաստանը մերժեց ֆիլմ ստեղծելու Փելեշյանի առաջարկը: Դրանից հետո ես ինչ խոսեմ… Իսկ հնարավորության դեպքում կնակարահանեմ այս տարիներին գրած մի քանի սցենարներովս ֆիլմեր` նախեւառաջ Թումանյանի հեքիաթների հիման վրա «Նազարեստան» տրագիկոմեդիան: Դա այսօրվա Հայաստանի լավագույն պատկերը կլիներ…

Աշխեն Քեշիշյան

Աղբյուրը՝ hraparak.am

Share Button