Ազգային-ազատագրական պայքարի երկրորդ փուլը

Իրավիճակ, մարտահրավերներ և հեռանկարներ

Արամ Հայրապետյան

 

Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը սահմանեց իր ազգային զարգացման մի նոր փուլանիշ: Արցախի ինքնորոշման գաղափարին զուգահեռաբար առաջ քաշվեց նաև Հայաստանի անկախության հարցը: Այս երկու գաղափարներն էլ դարձան ազգային-ազատագրական պայքարի այդ փուլի նպատակները: Սակայն առաջին պլանում Արցախի հարցն էր, մինչդեռ Հայաստանի անկախության գաղափարն այդպես էլ համազգային չդարձավ: Ժողովուրդն այն ընդունեց միայն ԽՍՀՄ-ի վերահաս փլուզման փաստի ուժով` որպես անխուսափելի քաղաքական ապագա: Ազատագրական պայքարի այս փուլում չկար ներկայի գործողությունների, առավել ևս` անկախ Հայաստան պետության (Արցախը ներառյալ) կյանքի հիմնական ոլորտները ներառող նախապես մտածված և իմաստավորված  ծրագիր: Նույնիսկ Արցախի ինքնորոշումն ի սկզբանե պատկերացվում էր ԽՍՀՄ շրջանակներում` Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու ձևով:

ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով մեր տարածաշրջանում միանգամայն նոր իրավիճակ առաջացավ: Ռուսաստանն այլևս շատ թույլ էր տարածաշրջանում իր միանձնյա տիրապետությունն հաստատելու համար, ուստի խաղի մեջ մտած ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը կարողացան նրա հետ կիսել այն: Հայաստանը և Ադրբեջանը թեև ձեռք բերեցին ձևական ինքնիշխանություն ու դարձան միջազգային իրավունքի սուբյեկտներ, սակայն ըստ էության վերածվեցին հիմնականում այս երեք աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի սպասարկման օբյեկտների: Այս կենտրոնները ստեղծեցին Մինսկի խմբի ձևաչափը, որի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի հիմնական ռազմավարական հարցը` Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը, վերածեցին այս երկու պետություններին ու նրանց ժողովուրդներին կախյալության մեջ պահելու և տարածաշրջանում իրենց շահերն իրացնելու մեխանիզմ: Ստատուս քվոն Արցախյան հակամարտության մեջ ու դրա շուրջը գտնվող մասնակից և արտաքին ուժերի` հաստատված ու մշտապես հավասարակշռվող հաշվեկշիռն է:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, առաջին հերթին օգտագործելով դարեր շարունակ իրենից` որպես մետրոպոլիայից, հայության քաղաքական կախյալության սովորութային կարծրատիպերը, հետզհետե ուժեղացնում է այդ կախյալությունը` անթաքույց կերպով վարելով Հայաստանի ինքնիշխանության և հայության ռեսուրսների սպառման ու յուրացման քաղաքականություն: Այս կախյալությունը մարտավարական իմաստով ձեռնտու է նաև Արևմուտքին, քանի որ տեղավորվում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործոնը չեզոքացնելու և դրանից հետո Հայաստանին ու հայությանը իր քաղաքակրթական հետնապահի վերածելու նրա ռազմավարական ծրագրի համատեքստում: Իրադարձությունների զարգացման ներկայիս վիճակում Ռուսաստանը կամա թե ակամա ապահովում է Արևմուտքի նորգաղութային ծրագրի նախնական փուլի իրականացումը: Իսկ Հայաստանում այս նորգաղութային կախյալության ապահովման հիմնական գործիքը նրա պետական կառավարման համակարգն է և նրա գործունեությունն ապահովող ապազգային քրեաօլիգարխիկ վերնախավը, որն իր մարտավարական առաջա-դրանքը կատարելուց հետո հեռացվելու է ասպարեզից:

Այսպիսով` Հայաստանը, հրադադարի վերաբերյալ Բիշքեքյան համաձայնագրի ստորագրման խայտառակությունից հետո քայլ առ քայլ զիջել է անկախություն ձեռք բերելու և արտաքին աշխարհի քաղաքական գործընկեր դառնալու իր բոլոր շանսերը: Բոլոր քաղաքական ծրագրերում Հայաստանի ղեկավարությունը դիտվում է որպես կառավարվող գործիք, իսկ երկիրը` որպես կառավարման օբյեկտ:

Իսկ Արցախի անկախությունը, որը պաշտոնական շրջանակներն ի սկզբանե պատկերացնում էին որպես քաղաքական խուսավարման գործիք, այսօր վերածվում է ազգային զարգացման փակուղու և հակամարտող կողմերի նկատմամբ մետրոպոլիաների հսկողության գործիքի: Այս հարցում մետրոպոլիաների կայսերական շահերը միանման են և նրանց հաշվեկշիռն էլ ապահովում է ստատուս քվոն:

Կարող ենք փաստել` որպես այս ամենի հետևանք ներկայիս Հայաստանի (Արցախը ներառյալ) և հայ ժողովրդի վիճակն աղետալի է. կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող, այդ թվում` պետականության, համակարգային ճգնաժամ, արդի նորգաղութացման` ավելի ու ավելի  կատարելագործված մեխանիզմների ու մեթոդների կիրառում և առանց այն էլ նվազարկված ինքնիշխանության մաս առ մաս հանձնում, տարածաշրջանային պատերազմի վտանգ, անձնական ու կլանային շահի համար ազգայինը զիջելու պատրաստ դավաճանական ու անգործունակ վերնախավի տիրապետություն, ժողովրդի իշխանության յուրացված վիճակ և պետական կառավարման համակարգի վերածում երկրի գաղութացման ու նրա ժողովրդի կեղեքման գործիքի, քաղաքական կուսակցական համակարգի փաստացի անգոյություն և պաշտոնական ընդդիմության ծախվածություն և/կամ անգործունակություն, ի վերջո` ազգի ինքնության հիմքերի շարունակական խարխլում, պետականության կորստի և հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացման վտանգ:

Նման պայմաններում անհնար է դարձել դասական ներքաղաքական պայքարի միջոցով երկրում փոփոխությունների հասնելու հավանականությունը, քանի որ պետական կառավարման համակարգի ներսում և դրա կանոններով անցկացվող սահմանադրական գործընթացները, գլխավորապես` ընտրությունները, որոնք կոչված են ապահովելու այդ համակարգի նորացումն ու թարմացումը, վերածվել են ապազգային և հանցավոր վերնախավի տիրապետության վերարտադրության և, դրանով իսկ, երկրի գաղութացման պահպանման ու խորացման մեխանիզմի:

25 տարի առաջ սկիզբ առած և ծրագրային հենք ու ազգային մտածելակերպով քաղաքական ընտրախավ չունենալու պատճառով անավարտ մնացած ազգային-ազատագրական պայքարի այս փուլի հիմնական նպատակը բազմամետրոպոլիական նորգաղութային կախյալությունից ազատագրումն է և լիարժեք ինքնիշխան պետության ստեղծումը: Հասկանալի է, որ Արցախի հարցի վերջնական լուծումը` Հայաստանին դրա վերամիավորման միջոցով, պետք է դառնա այդ նպատակի իրագործման գլխավոր խնդիրներից մեկը: Ի դեպ, մեկից ավելի մետրոպոլիաների առկայությունը նպաստավոր պայման է, քանի որ նրանց միջև պայքարը թուլացնում է գաղութային ազդեցության գումարային ուժը, ինչպես նաև խուսավարման մեծ հնարավորություն է ընձեռում Հայաստանին:

Ի տարբերություն նախորդ, արցախյան փուլից, ազգային-ազատագրական պայքարի այս փուլն սկսվել է ծրագրային հենքի վրա: «Սարդարապատ» շարժման, իսկ այնուհետև` նրա նախաձեռնությամբ ստեղծված Նախախորհրդարանի ջանքերով մշակվել են ինչպես գործող վարչախմբի հեռացման և ժողովրդի իշխանության վերահաստատման, այնպես էլ դրանից հետո Հայաստանի ու հայության զարգացման ռազմավարական ծրագրեր: Հետզհետե շոշափելի են դառնում նաև Նախախորհրդարանի ստեղծած հարթակում ազգային մտածելակերպով քաղաքական ընտրախավի ձևավորման գործընթացի արդյունքները. Հայաստանում և արտերկրում բնակվող ու ազգի ապագայով մտահոգ գործիչները և մասնագետները համախմբվում են նոր, համազգային պետության կառուցման գաղափարի ու ծրագրի շուրջ:

Յուրահատուկ է Նախախորհրդարանի ընտրած` ժողովրդին համախմբելու և նրա իշխանությունը յուրացրած գործող վարչախմբին հեռացնելու ճանապարհը: Այն նախատեսում է կուսակցությունների փոխարեն հենվել ակտիվ քաղաքացիական ուժերի վրա, ժողովրդին համախմբել տարածքային, մասնագիտական և այլ սկզբունքներով միավորվող համազգային ցանցի մեջ և այդ ցանցը մտավոր ու կազմակերպական ներուժի կուտակման միջոցով վերածել անհաղթահարելի ուժի, առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար ստեղծել ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմիններ, որոնցից գլխավորը ապագա հայկական պետության Հիմնադիր խորհրդարանն է: Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացիների միջև անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով լեգիտիմացնել դրանց, իսկ այնուհետև` համազգային ցանցի անհաղթահարելի ուժի գործադրմամբ հեռացնել կառավարող վարչախմբին ու ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմիններով փոխարինել նորգաղութային համակարգի մարմիններին:

Ինչպես տեսնում ենք, Նախախորհրդարանի ծրագիրը մերժում է ոչ միայն նորգաղութային համակարգի ներսում դասական ներքաղաքական պայքարի ու ընտրությունների միջոցով իրավիճակը փոխելու ոչ իրատեսական մոտեցումը, այլև տվյալ պարագայում նույնքան դասական համարվող ապստամբության տարբերակը, քանի որ վերջինս հղի է Հայաստանը արտաքին ռազմական հարձակման ենթարկելու վտանգով: Ի դեպ, Նախախորհրդարանի այս ծրագիրը լուծում է նաև «վարչախմբի ուժային հեռացում պատերազմի և առնվազն Արցախի կորստի գնով» թե «վարչախմբի տիրապետության  հանդուրժում և խուսափում պատերազմից ու Արցախի կորստից» երկվության հարցը, որը հանցավոր վարչախումբն ու խամաճիկային ընդդիմությունն այսքան տարիներ շահարկում են իրենց անձնական ու կլանային շահերն իրացնելու նպատակով:

Ծրագրային հենքի և նոր, ազգային մտածելակերպով օժտված քաղաքական սերնդի առկայությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանները Հայաստանին ու հայությանը հիմնավոր և իրատեսական հնարավորություններ են ընձեռում հաջողությամբ ավարտելու ազգային-ազատագրական պայքարի այս փուլը և կառուցելու իրապես ինքնիշխան հայկական պետություն, որի միջոցով արդեն հնարավոր կլինի իրականություն դարձնել հայ ազգի բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:

Share Button