Փոփոխվող աշխարհը և հայության ապագան

Գարեգին Չուգասզյան

Ներկայիս քաղաքակրթությունը աշխարհ-ընկալման հոգևոր բաղադրիչն անտեսելու և գլխավորապես ու հիմնականում դրա նյութական բաղադրիչով առաջնորդվելու հետևանքով հայտնվել է համաշխարհայնացման այնպիսի ընթացքի մեջ, որը մի կողմից հենվում է շուկայացման նոր ազատական գաղախարախոսության և քաղաքականության, իսկ մյուս կողմից` ավելի ու ավելի արագացող տեխնոլոգիական առաջընթացի վրա: Այդ ընթացքը  հանգեցրել է մարդու, ազգերի, պետությունների և համայն մարդկության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկող համակարգային ճգնաժամի, որին բնորոշ է նաև գիտակցության` հետզհետե խորացող նոր որակի բազմաշերտ գաղութացվածությունը:

Այդ ճգնաժամի հարուցած փոփոխությունների արմատական, բուռն, արագընթաց և անկանոն զարգացումների միտումների ետևում կարելի է նշմարել նոր ծնվող մեկ այլ քաղաքակրթության սաղմերը:

Նման մասշտաբի ու խորության համակարգային ճգնաժամերին բնորոշ արմատական փոփոխությունների հորձանուտում հայտնված առանձին ազգերի և համայն մարդկության հեռանկարը կարող է լինել ինչպես մռայլ ու աղետալի, այնպես էլ լուսավոր ու արգասաբեր: Բոլոր դեպքերում, ելքը շատ առումներով կախված է լինելու ազգերի և անգամ յուրաքանչյուր մարդու որդեգրած վարքից, հատկապես` մարդու սոցիալական ու կենսաբանական դերերի և դրանց միջև հարաբերակցության, մարդու և մարդկայինի ու դրանց վերարտադրության բնական ու բանական ձևերին և սահմաններին վերաբերող ոլորտներում:

Հայության և Հայաստանի պարագայում այս համակարգային ճգնաժամը արտահայտվում է նաև դրա բացասական ազդեցությունը խորացնող մի շարք հանգամանքներով, որոնցից հատկանշական են Հայաստանում հաստատված առավել կեղեքիչ տարբերակի նորգաղութային կառավարումը, հայության` ժամանակակից քաղաքական չափանիշերով որպես ազգ ամբողջությամբ կայացած չլինելը, նրա պառակտվածությունը և իր ընդհանրական ճակատագրի նկատմամբ անտարբերությունը, երկրի անապատեցման աստիճանի վտանգ պարունակող արտագաղթը, հայրենիքի առանցքը կորցնող արտերկրաբնակ հայության` ահագնացող տեմպերով ուծացումը:

Այս ամենի հետևանքով Հայաստանի և հայության կենսունակության պարամետրերը մոտենում են նվազագույնի սահմանին, ինչը մեր տարածաշրջանի բացասական առանձնահատկությունների պայմաններում առաջացնում է պետականության կորստի և հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյության ռեալ վտանգ:

Միևնույն ժամանակ` շատ այլ երկրների ու ազգերի համեմատությամբ Հայաստանի և հայության ավելի վատթար վիճակը աղետալի լինելով հանդերձ, միևնույն ժամանակ շատ հուսադրող է, քանի որ թե′ քանակական և թե′ որակական առումներով պարունակում է զարգացման զգալի չափով ավելի մեծ հնարավորություն: Նման լավատեսական պնդումը հիմնվում է պատմական փորձով բազմիցս ապացուցված այն հանգամանքի վրա, որ գիտակցված մոբիլիզացիայի պարագայում ճգնաժամի մեջ ավելի վաղ հայտնված և դրա ազդեցությունների ավելի մեծ ու ծանր չափաբաժին կրած ազգերը, որպես կանոն, ներքուստ ավելի պատրաստ են լինում գալիք լայնամասշտաբ և արմատական քաղաքակրթական փոփոխություններին: Ուստի հայությունը, որպես համակարգային ճգնաժամի կոփվածք ունեցող ազգ, ավելի մեծ հնարավորություն ունի թամբելու, նույնիսկ` իր համար ցանկալի ուղղությամբ տանելու գալիք փոփոխությունների ալիքը` այդ կերպ ոչ միայն խուսափելով գահավիժումից, այլև ապահովելով թռիչքային զարգացում:

Այդ պատճառով ներկայիս համաշխարհային ու համազգային-պետական ճգնաժամը և արմատական քաղաքակրթական փոփոխությունները անհրաժեշտ է դիտել որպես ազգի թռիչքային զարգացման ռեսուրս ու հնարավորություն և դրանք վերածել հայության շահերի իրացման հիմքերի ու նախադրյալների:

Այդ նպատակով հարկ կլինի հայ ազգի խորքային մշակույթի հիմքի վրա` միջազգային  դիմադրական փորձի ու ազգային-քաղաքական ստեղծագործականության համադրմամբ, ձևավորել նոր քաղաքակրթական հենք և դրան համապատասխան ընտրել մեր ազգային և պետական համախմբման ու զարգացման ուղին: Իսկ այդ ընտրությունը կյանքի կոչելու համար հարկ կլինի կառուցել հայաստանակենտրոն ինքնիշխան պետություն և դրա առանցքի շուրջ` զուգահեռաբար ու հաջորդական քայլերով, ձևավորել համայն հայությանը ներառող ցանցային համակարգ:

Մենք պետք է գիտակցենք ու հավատանք, որ մարդկության քաղաքակրթության ակունքներից սերող և դրա ձևավորման ու զարգացման գործում զգալի ավանդ ունեցող հայությունն ու Հայաստանը ոչ միայն կարող են, այլև պարտավոր են վերահաստատել իրենց թուլացած քաղաքակրթական դերը, տիրանալ իրենց անօտարելի իրավունքներին, սկսել Մեծ վերադարձ դեպի Հայրենիք և հայկական գործոնի հարաճուն մեծացմամբ առաջ բերել ազգային, տարածաշրջանային ու համամարդկային ներդաշնակ զարգացմանը նպաստող նորանոր գաղափարներ ու ծրագրեր` ինքնուրույնաբար նախաձեռնելով դրանց իրագործման գործընթացները և/կամ մասնակցելով արդեն գոյություն ունեցող նմանաբնույթ գործընթացներին:

Սակայն այս ամենն անելու համար նախ հարկավոր է համարժեք կերպով գնահատել տիրող իրավիճակը և ընկալունակ լինել նորի ու փոփոխությունների նկատմամբ, ինչի առաջնային անհրաժեշտության պայմանը մեր մարդկային ու ազգային գիտակցության ազատագրումն է նորգաղութային գերիշխող պատկերացումներից:

Ուստի մեր պաշտոնաթերթն ասպարեզ է իջնում մարդկային ու ազգային գիտակցության ազատագրման և այն զորաշարժի ենթարկելու այս առաջնային նպատակին հասնելու գործում իր համեստ ներդրումն անելու առաքելությամբ, ինչով էլ պայմանավորված է նրա «Ազատագրում» անվանումը:

Share Button