Ատելությունից վեր հաղթանակն է

Ցեղասպանության հարյուրամյակը պետք է հատենք հաղթանակած հոգեբանությամբ 

Որքան էլ կրկնության երանգով լի լինեն ամեն տարի իրար հաջորդող Ապրիլի 24-ները այս երկար ու ձիգ 99 տարիների ընթացքում որպես հիշատակի օր, այնումենայնիվ, այդ օրը մեր ազգի համար մնում է ամենախորը հետք թողած ողբերգության հիշատակի օրը, և մենք, եթե անկեղծ ենք մեր էության հետ և մեր խղճի առջև, ապա պարտավոր ենք ամեն տարի այդ օրը առաջին հերթին մեր ամենախորը և ամենանկեղծ հարգանքի տուրքը մատուցել մեր նահատակներին և զոհերին` գլուխ խոնարհելով նրանց հիշատակի առջև:

Գլուխ խոնարհելով, սգալով ու կորստի կսկիծը մեր սրտում պահելով, սակայն նաև ապրելով և ամեն տարի Ապրիլի 24-ին լցվելով այն վճռականությամբ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, ջանանք ու տքնենք, որ մեր ժողովուրդը այսուհետ երբեք նման ճակատագրի չենթարկվի և դաժան պատմությունը երբեք չկրկնվի: Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է ստեղծել մեր ժողովրդի համար այնպիսի իրավիճակ, որ նման սպառնալիքը մեր ազգի նկատմամբ ի սպառ բացառվի: Սակայն, ցավով պետք է արձանագրենք, որ տարեց-տարի և հատկապես վերջին տարիներին՝ ամեն Ապրիլ 24-ը, մենք դիմավորում ենք ոչ թե առավել ուժեղացած դիրքերով, այլ մեր ազգի և պետության կենսունակության առումով հետընթաց գրանցելով: Եվ ցավով պետք է նաև ասեմ ու հայ ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին ահազանգ պետք է հնչեցնեմ, որ այսօր տիրող իրավիճակը շարունակվելու դեպքում հարյուրամյա տարելիցը կարող է դառնալ հայ ազգի վերացման դագաղին խփվող վերջին մեխերից մեկը: Մենք իրավունք չունենք հաջորդ տարին ևս դիմավորել նույնքան անհույս և տխուր իրավիճակում ինչպես այսօր ենք: Խոսքս վերաբերում է ողջ հայ ազգին, և իհարկե, հատկապես Հայաստանին, որովհետև Հայաստանն է հայ ժողովրդի միակ հայրենիքը, և Հայաստանում է գտնվում նրա բաբախող սիրտը:

Մենք պարտավոր ենք Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը դիմավորել այլ իրավիճակում, և միայն այդ դեպքում հարյուրամյակը վերջին մեխի փոխարեն կդառնա ազգի նոր վերածննդի սկիզբը: Ցեղասպանության օրը մեզ պարտավորեցնում է դա: Հետևաբար, ես կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին, Հայաստանում և նաև Սփյուռքում գտնվող իմ հայրենակիցներին, բոլոր նրանց, ում համար հայկականությունը, հայության և հայկականության կենսունակ ապագան էական նշանակություն ունեն, այս առաջիկա տարվա ընթացքում անել ամեն ինչ, որպեսզի հայ ժողովուրդը և Հայաստանը Ցեղասպանության հարյուրամյակը հատեն ոչ թե թևաթափ, պարտված, անհույս և անվճռական վիճակում, այլ հաղթանակած ժողովրդի հոգեբանությամբ և զգացողությամբ, ու այլևս երբեք նման ճակատագրի չենթարկվելու վճռականությամբ:

 

Թուրքիան չի փոխվել

Վերջին երկու տասնամյակում հաճախ է խոսվում այն մասին, որ Թուրքիան փոխվում է և փոխվել է, որ թուրքերը փոխվել են և փոխվում են: Համենայն դեպս, մեր հայրենակիցների մոտ սկսել է վերանալ թուրքի նախկին կարծրատիպային պատկերը, և դրանում դրական միտում կա: Այսինքն, թուրքի կերպարը ավելի դրական երանգներ է ստանում հայի մտածողության մեջ: Արժե այս մասին մտածել և տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում իրերի դրությունը իրականում: Իհարկե, այն, որ Թուրքիայում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ սոցիալական, մշակութային, աշխարհայացքային և ընդհանրապես լայն իմաստով, զարմանալի չէ, և դա ողջ աշխարհում է տեղի ունենում: Հարցն այն է, թե ինչ տեմպերով և ինչ ուղղությամբ են այդ փոփոխությունները տեղի ունենում հայության և Հայաստանի հետ կապված: Փաստ է, որ երկու տասնամյակ առաջ համարյա մատների վրա կարելի էր հաշվել այն թուրք անհատներին, որոնք կհամարձակվեին հայերի նկատմամբ մի փոքր դրական վերաբեմունք դրսևորել կամ խոսել հայերի նկատմամբ տեղի ունեցած պատմական մեծ անարդարության մասին: Իսկ այս վերջին քսան տարվա և հատկապես վերջին տասնամյակի ընթացքում այդ թուրք մարդկանց թիվը ավելացել է: Սա դրական երևույթ է, թե՞ ոչ: Բնականաբար, դրական է: Բայց արդյոք այս երևույթը բավարա՞ր է եզրակացնելու համար, որ Թուրքիան փոխվել է, և այն այլևս վտանգ չի ներկայացնում հայերի համար, և, որ հայերը արդեն իսկ կարող են բարեկամանալ թուրքերի և թուրքական պետության հետ: Իհարկե ոչ, քանի որ նախ՝ ամենափոքր հետազոտությամբ նույնիսկ երևում է, որ այդպիսի թուրք մարդկանց թիվը շատ փոքր է թուրք հասարակության մեջ: Այսինքն, նրանք թուրք հասարակության շատ չնչին տոկոսն են կազմում: Երկրորդ՝ այդ մարդկանց կողմից հայերի նկատմամբ ունեցած քիչ թե շատ դրական վերաբերմունքը կամ կատարված անարդարությունը որոշակի չափով ընդունելու հանգամանքը, իրականում, իրենց խնդիրների մեջ ածանցյալ է:

Ընդհանրապես, այդ մարդիկ Թուրքիայի արևմուտքի մեծ քաղաքներում բնակվող ազատական և մի փոքր ձախակողմյա մտածողության տեր, դեպի արևմուտք ուղղված հանրության մի մասն են ներկայացնում: Եվ հայերի նկատմամբ ավելի բարյացակամ դիրքորոշում դրսևորելով և նաև ինչ-որ պատմական ճշմարտություններ ամբողջությամբ կամ մասնակի ընդունելով` նրանք իրենց ավելի լայն քաղաքական խնդիրներն ու նպատակներն են լուծում, քան հայերի խնդիրները: Նրանց քայլերը Թուրքիան արևմտականացնելու ճանապարհին կատարվող նոր քայլեր են, և դրանում հայերի խնդիրը և հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքը ածանցյալ է: Այսինքն, այն իրենց համար կենտրոնական խնդիր չէ, այլ ածանցյալ խնդիր է: Դա խնդիր է այնքանով, որքանով կօգնի իրենց կամ իրենց հասարակությանը բացվել դեպի Արևմուտք: Անչափ կարևոր է այս իրողությունը հասկանալը: Իսկ եզրակացությունը այն է, որ եթե իրենց գլխավոր խնդիրը սա չէ, այլ այն, ինչ նշեցի, ապա հայկական խնդիրը իրենց համար խնդիր է այնքանով, որքանով այն կնպաստի իրենց հիմնական խնդրի լուծմանը: Եթե ճանապարհի կեսին այս դիրքորոշումը իր դերակատարությունը ունեցավ իրենց գլխավոր խնդիրը լուծելու հարցում, ապա հայկական խնդիրը իրենց համար սպառված կհամարվի:

Թուրքիայում իսկապես մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ում համար Հայոց Ցեղասպանության կամ ընդհանրապես մարդու իրավունքներին վերաբերող հարցը սկզբունքային խնդիրներ են և կենտրոնական տեղ են գրավում: Նման մարդիկ շատ քիչ են: Իսկ մյուսների համար չեմ ասի կեղծ, սակայն, մասնակի նշանակություն ունի այդ հարցը: Հետևաբար, ամփոփեմ, որ նախ և առաջ իրականում դեռևս նման մոտեցում ցուցաբերող մարդիկ շատ քիչ թիվ են կազմում, և նրանց մեծամասնության համար հայկական հարցը մասնակի կամ ածանցյալ նշանակություն ունի: Նման պարագայում չենք կարող ասել, թե Թուրքիան փոխվել է: Ոչ, նա չի փոխվել հայերիս համար, քանի դեռ չի փոխվել Թուրքիայի դիրքորոշումը: Այն շարունակում է մնալ նույնը, եթե նույնիսկ ականատես ենք լինում թուրքական պետության ներկայացուցիչների, նույնիսկ Էրդողանի մակարդակով արված հայտարարությունների, որտեղ գործածվում են «ցավալի դեպքեր» և կամ «տեղահանություն» բառերը, քանի որ այդ հայտարարությունները չափազանց հեռու են բավարար լինելուց:

Բազմաթիվ անգամներ այլ առիթներով ասել եմ, որ հայ ժողովրդի համար թուրքական պետության կողմից Ցեղասպանության ճանաչումն է և այդ ոճրագործության համար նրա մեղանչելն է էականը: Եվ դա միայն բարոյական խնդիր չէ, հոգեկան բավարավածության խնդիր չէ: Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը և մեղանչումը ենթադրում է դրա հետևանքների ուղղում, Ցեղասպանության հետևանքների վերացում, և միայն դա կարող է հանդիսանալ այսօր գոյություն ունեցող Հայաստանի ներկայի, ապագայի և անվտանգության երաշխիք: Դա անշրջանցելի երաշխիք է: Այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան որպես պետություն, որպես հայերի Ցեղասպանությունը իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդ, չի ընդունել պատմական փաստը, չի մեղանչել, պատրաստակամություն չի հայտնել վերացնելու այդ ողբերգության հետևանքները, Հայաստանը շարունակելու է ենթակա մնալ թուրքական վտանգի: Այլապես, նման ոճիրներ գործելու պատրաստակամությունից կամ մտադրությունից հեռացած երկիրը պատճառ չունի դրժելու պատմական իրականությունը:

Հայաստանը, հայ ժողովուրդը հանգիստ կլինի Թուրքիայի նկատմամբ, եթե Թուրքիան պաշտոնապես ընդունի, մեղանչի և պատրաստ լինի վերացնելու Ցեղասպանության հետևանքները և անցնելու դրանց սրբագրմանը և ուղղմանը: Սա մենք՝ հայերս շատ լավ պիտի իմանանք: Ողջունելով հանդերձ Թուրքիայում հայերի նկատմամբ ամենափոքր իսկ առաջընթացը՝ պետք է ասեմ, որ մենք դեռևս շատ հեռու ենք այն պահից, երբ հայ ժողովուրդը և Հայաստանը պատրաստ կլինեն բարեկամական հարաբերություններ հաստատել թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ: Մենք որքան էլ բաց լինենք թուրք ժողովրդի նկատմամբ, դեռ շատ քայլեր պետք է արվեն մինչև որ երկու ձեռքերը իրար հասնեն բարեկամաբար:

Ես չեմ դատապարտում հայերի և թուրքերի միջև հարաբերությունները, պայմանով սակայն, որ այդ հարաբերությունները լինեն նշածս ուղղությամբ, այսինքն, հարաբերություններ հաստատվեն միայն մեղանչելու պատրաստ թուրքերի հետ: Այդ հարաբերությունները պետք է հասցվեն պատմական ճշմարտության աներկբա ընդունմանը, մեղանչելուն և ոճիրի հետևանքները սրբագրելուն: Մենք պարտավոր ենք ընդդիմանալ Հայաստանի և Թուրքիայի, ինչու ոչ նաև հայ հասարակության և թուրքական հասարակության միջև հաստատվող բոլոր այն ջերմ հարաբերություննների հաստատմանը, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «լավ, իհարկե եղել են դեպքեր, բայց երկու ժողովուրդ ենք, եկեք մի բան ընդունենք ու փակենք այդ էջն ու առաջ անցնենք, քանի որ աշխարհը փոխվել է»: Այս մտայնությունը անընդունելի է: Մենք հազարամյակներ ենք ապրել այս հողում, թուրքերն ավելի ուշ են հաստատվել այստեղ և աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել: Մենք հարևաններ ենք և պիտի մնանք հարևաններ: Իսկ հարևանների մեջ պետք է լինի բարեկամություն, սակայն, ոչ ամեն գնով: Մենք պետք է բաց լինենք բարեկամության համար, և հնարավորություն տանք, որ թուրքերը ներողություն խնդրեն և մեղանչեն, այլ ոչ թե կեղծ, սուտ, արհեստական բարեկամություն առաջարկեն, որը ոչ մեզ և ոչ էլ աշխարհին խաղաղություն ու կայունություն չի կարող բերել. հեռու մնանք միամտությունից:

Սակայն ես կոչ չեմ անում հավերժ ատելությամբ լցվել թուրքերի նկատմամբ: Հարկավոր է ավելի վեր բարձրանալ ատելությունից և մեր խնդիրը դնել գիտակցական իրավունքների մակարդակի վրա: Եթե կարող ենք, ապա հեռանանք ատելությունից, վրեժի գաղափարից, բայց առանց զիջելու մեր իրավունքները: Չեմ ասում չատենք և վերջակետ: Ասում եմ կանգնենք ավելի բարձր մակարդակի վրա, այսինքն, մեր խնդրիը գիտակցական և սկզբունքային մակարդակում պահենք առանց ատելության, իսկ դա նշանակում է, որ, պատկերավոր ասած, մենք Անթալիա չպետք է գնանք, թուրքական ապրանք չպետք է ձեռք բերենք հանգիստ խղճով ու սրտով, այսինքն, չատենք, սակայն լինենք գիտակից և սկզբունքային: Ուզում ենք հարաբերություն ունենալ Թուրքիայի հետ, ապա միայն նշածս պայմաններով:

 

Առաջնային խնդիրը հայկական ուժեղ պետության ստեղծումն է

Ես հաճախ առիթ եմ ունեցել ասելու և հիմա էլ կրկնում եմ, որ այնքան ժամանակ, որ Հայաստանը, հայաստանյան հասարակությունը և ընդհանրապես հայ ժողովուրդը գտնվում են ներկայիս իրավիճակում, համարյա ոչինչ չի կարող փոխվել Թուրքիայի հետ կապված: Ավելին, մենք այսօր կանգնած ենք մեր ունեցածը կորցնելու վտանգի առջև: Քանի դեռ մենք այս վիճակում ենք գտնվում, անհնար է մտածել մեր իրավունքների վերատիրացման մասին, և երկրորդ՝ որը ավելի վտանգավոր է, արտագաղթն է: Այո, մենք մեր ունեցածը կորցնելու վտանգի առջև ենք կանգնել, և մեզ համար հիմա ամենակարևորը առողջ հասարակություն, առողջ հայկական պետականություն, ներդաշնակ իշխանություն և երկիրր ունենալն է, որտեղ հայ մարդը հպարտ կզգա իրեն և ոչ թե կմտածի, թե ինչ անի որպեսզի օր առաջ արտագաղթի ճանապարհը բռնի և լքի «էս երկիրը»: Եթե մենք դա ունենանք, ապա արդեն գլխավոր ճանապարհի կեսը անցած կլինենք: Իհարկե, դրանից հետո ամեն ինչ հալած յուղի պես չի լինելու, սակայն մեր գլխավոր նպատակները լուծած կլինենք:

Իսկ դա ի՞նչ ճանապարհով պետք է անել: Ես կարծում եմ, որ դա պետք է արվի միաժամանակ բոլոր ճանապարհներով՝ և´ դիվանագիտական, և´ բոլոր տեսակի ուժերը կուտակելու միջոցով, և, ինչու ոչ, Թուրքիայի ներսում գտնվող հակասությունները հաշվի առնելով և այդ ուղղությամբ աշխատանք տանելով: Ժամանակը ցույց կտա, թե որ գործոնը ավելի արդյունավետ կլինի: Մենք այսօր չենք կարող ասել, թե այսօրվանից հինգ տարի կամ քսան տարի հետո քրդական գործոնը Թուրքիայում ինչ վիճակի կլինի, կամ թե թուրքական հասարակությունը Թուրքիայի ներսում որքանով ամուր կլինի, կամ որքանով երկփեղկված: Սրանք բոլորը սցենարներ են, որոնք չեն կարող այսօր բացառվել: Եվ երբ մենք ազգովի հասնենք այդ օրվամ, երբ մենք մեր հիմնական խնդիրները լուծած կլինենք, ապա կկարողանանք անցնել մյուս խնդիրներին, և այդ ժամանակ օրվա դրվածքը, ուժերի դասավորությունը կթելադրեն, թե որ ուղղությամբ պետք է աշխատել:

Եվ այն մտայնությունը, որ Թուրքիան ավելի հզոր է, իսկ մենք թույլ ենք գոյություն ունի, սակայն դա գլխավորաբար մեր մեղքով է: Եթե մենք այս իրավիճակից կարողանանք դուրս գալ, ապա որևէ մեկը նման եզրակացություն անելու կարիք չի ունենա, քանի որ ամեն ինչ մեզնից կախված կլինի: Չեմ ասում 100 տոկոսով մեզնից կախված կլինի, սակայն, շատ հանգամանքներից բացի, նաև մեր գործոնը էական կլինի: Մենք տեսնում ենք, թե Մերձավոր արևելքում, և ոչ միայն այնտեղ, վերջին տարիներին ինչ զարգացումներ են տեղի ունենում: Դրանք տևական և շատ արմատական զարգացումներ են, որոնց հետևանքով որոշ սահմաններ արդեն իսկ փոխվել են կամ կիսապաշտոնապես փոխվել: Այդ գործընթացը կարող է շարունակվել, և սահմանները ևս կարող են փոխվել: Նման պայմաններում ոչ ոք չի կարող այսօր երաշխավորել, որ Թուրքիայի այսօրվա սահմանները մնալու են նույնը, և տեղական, ներքին զարգացումների և արտաքին զարգացումների հետևանքով փոփոխության ենթակա չեն լինելու: Դրա հավանականությունը առկա է: Հետևաբար, ոչինչ չպետք է բացառել ապագայի առումով, քանի որ մեզնից է կախված, թե արդյոք մենք ներքնապես այնքան ուժեղ կլինենք, որ կարողանանք նախ ներազդել տարածաշրջանային զարգացումների վրա և հետո, մեզնից անկախ տեղի ունեցող այդ զարգացումներից օգտվել:

Ալեք Ենիգոմշյան
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ

Share Button