«Ցեղասպանությունից հետո ցանկացած ներողության խոսք արժեքազուրկ է». Գարեգին Չուգասզյան. (Տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ, այսօր Կոնսերվատորիայի հարակից այգում՝ Կոմիտասի արձանի դիմաց, մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: 
Ներկաների շարքում էր նաեւ նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը: Aravot.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում  ապրիլի 23 –ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարածած ցավակցական խոսքերին, պրն Չուգասզյանն ասաց, որ պետք է առաջին հերթին դատել գործերով , ոչ թե խոսքով. «Իհարկե այս օրերին շատ է խոսվում Էրդողանի արած հայտարարության մասին: Սակայն, եկեք բոլոր խոսքերի կողքը դնենք գործեր: Պետք է գործերով դատել, ոչ թե խոսքով: Գործով երեւում է, որ ցեղասպանական ողջ հիշողությունը մեր ժողովրդի մեջ վերաբացվել է՝ վերաբացվել է Քեսաբով:  Այն ինչ տեղի ունեցավ Քեսաբում՝ դասական էթնիկական զտման օրինակ է: Այդ գործի կողքը որեւիցե  ներողության խոսք, թեկուզ ոչ գենոցիդին վերաբերող, այլ զուտ ցավակցական խոսք, ցինիզմի է նման: Երբ իրականում ցեղասպանություն է կատարվում , դրանից հետո ցանկացած խոսակցություն եւ ներողություն արժեքազրկվում են»: 

Պրն Չուգասզյանի կարծիքով՝ Թուրքիան, օգտվելով միջազգային անկայուն իրավիճակից, փորձում է լուծել է այն հայկական գաղութների հարցը, որոնք սպառնում են Թուրքիային իրենց գոյությամբ: «Իրենց իրական նպատակներից մեկն է՝ օգտվել առիթից եւ ցիրուցան անել հայկական գաղութները»: 


Մեր այն հարցին, թե ինչ կտա ցեղասպանության ճանաչումը , պրն Չուգասզյանը պատասխանեց, ոչ թեճանաչման խնդիրն է այդքան կարեւոր, որքան հատուցման խնդիրը: «Եվ որպեսզի այդ հատուցումը տեղի ունենա, մենք, որպես ժողովուրդ, պիտի կարողանանք արժանապատիվ կեցվածք ունենալ: Այսօր այն ինչ մենք տեսնում ենք ՝ երբ նախագահի աթոռը զբաղեցնող անձը հիմարություն է համարում քեսաբահայերի օգնության համար կամավորականների համերաշխական գործողությունը , այդ պարագայում մենք ինքներս վտանգում ենք մեր բարոյահոգեբանական պաշտպանությունը»: 

Մեկ րոպե լռությունից հետո, ներկաներից մի քանիսը հանդես եկան կոչերով եւ հայտարարություններով, մասնավորապես. «Մենք հավաքվել ենք, որպեսզի լռենք:  Ամեն տարի մեր լռությունը ավելի ու ավելի լսելի պետք է դարձնենք: Մյուս տարի ցեղասպանության 100-ամյակն է լինելու, եւ մենք տեսնում ենք, որ ցեղասպանությունը շարունակվում է: Այսօր մեր երկիրը անցել է ցեղասպանությունը շարունակող մարդկանց ձեռքը, դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք պայքարել: Հաջորդ տարի ՝ 2015 թվականին, նման իրավիճակում չպետք է դիմավորել ցեղասպանության 100-ամյակը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Աղբյուրը՝ aravot.am

Share Button