Հայտարարություն Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցի առթիվ

Թշնամին, օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, նպատակ ուներ Ցեղասպանությամբ ավարտին հասցնելու հայությանը ուծացնելու, ֆիզիկապես ոչնչացնելու, արտագաղթեցնելու և հայկական հոգևոր-մշակութային ու նյութական ժառանգությանը տիրանալու միջոցով մեզ հայրենազրկելու և մեր Հայրենիքը յուրացնելու` դարեր առաջ սկսած գործընթացը:

Ցեղասպանության հիմնական պատճառը պետականության կորուստն էր ու գաղութացված վիճակը: Իսկ դրա իրականացման համար խիստ նպաստավոր եղավ այն հանգամանքը, որ հայությունը չկարողացավ կազմակերպվել և պատերազմը դիմավորել պետականություն ստեղծելուն միտված համաժողովրդական ծավալի ազգային-ազատագրական պայքարով, այլ շարունակեց ապավինել օտար ուժերին:

Հայ ժողովուրդը միայն 1915 թ. աղետալի ցնցումից հետո հասկացավ, որ պիտի բացառապես ապավինի ինքն իրեն: Եվ, չնայած Ցեղասպանության ահռելի կորուստներին, մեր ժողովուրդն այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ իրագործել Սարդարապատի հրաշքն ու ստեղծել հայկական պետություն:

Սակայն հետագայում բավարար չափով գիտակից ու կազմակերպված չլինելու պատճառով մենք կորցրեցինք և՛ պետական ինքնիշխանությունը, և՛ մի շարք կենսական տարածքներ:

Նույն պատճառով դրանից յոթ տասնամյակ անց խորհրդային կայսրության փլուզման շնորհիվ մենք որպես նվեր ստացած դե յուրե ինքնիշխան պետությունը չկարողացանք նաև դե ֆակտո ինքնիշխան դարձնել: Դրա հետևանքով այն վերածվել է արդի նորկայսերական շահերի սպասարկման գործիքի, ուրացել է ազգն ու Հայրենիքը, երկիրը վերածել է բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի և վարում է յուրային ժողովրդի կեղեքման ու հայրենազրկման քաղաքականություն: Ասվածի ապացույցը երկրում օրեցօր խորացող համակարգային ճգնաժամն է, աղետալի չափերի արտագաղթը, ինքնիշխանության վերջին մասնաբաժինների հանձնումը, հայրենի Քեսապն ու քեսապահայերին բախտի քմահաճույքին թողնելը, հայաստանցի ազատամարտիկների` նրանց օժանդակելու փորձերը ձախողելը:

Անկազմակերպվածության և ազգային պետություն չունենալու պատճառով չենք կարողանում օգտագործել հայության ահռելի ներուժը: Ցեղասպանության 99-րդ տարելիցն է արդեն, սակայն մենք առաջընթաց ենք գրանցել միայն դրա հիշողության իրավունքի պաշտպանության հարցում: Մինչդեռ Ցեղասպանության հետևանքների հաղթահարման և մեր անօտարելի իրավունքների պաշտպանության հարցում ոչ միայն դոփում ենք տեղում, այլև Մեծ Եղեռնի ամեն հաջորդ տարելիցը նախորդի համեմատությամբ ավելի վատ վիճակում ենք դիմավորում: Նման ընթացքի պարագայում մենք կարող ենք կորցնել անգամ մեր ապրելու իրավունքը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցը հայության համար ճակատագրական նշանակություն ունի և կարող է լինել այն սթափեցնող ցնցումը, որը կհանգեցնի նրա քաղաքական ինքնակազմակերպմանն ու օր առաջ հայկական պետություն ստեղծելու գործնական քայլերին: Հակառակ պարագայում`այն հոգեբանական առումով կդառնա ազգի ապրելու իրավունքից հրաժարվելու մեկնակետ: Ուստի իրավունք չունենք այսպիսի հակազգային ու մեռնող պետությամբ դիմավորելու այդ տարելիցը:

Նախախորհրդարանը համայն հայությանը կոչ է անում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տոգորվել հույսով ու հավատով, համախմբվել, չբավարարվել իրենց բնակության վայրերում ընդամենը 100-րդ անգամ մեր սուրբ նահատակների հիշատակը խնկարկելով, այլ Հայաստանի քաղաքացիների հետ միասին (ցանկալի է` Հայաստանում) մասնակցել Հայրենիքի ազատագրման և ազգային պետության կառուցման գործին:

Մենք պարտավոր ենք և կարող ենք շրջել պատմության անիվը: Եթե մեզ հաջողվել է պետություն ստեղծել 1915 թ. ահռելի կորուստներից հետո, ապա այսօր մենք պարզապես դատապարտված ենք հաջողության:

Մենք ենք տերը մեր երկրի:

23.04.2014 թ.