Շարժման ցանցային համակարգը՝ որպես հաղթանակի և հայրենակերտման նախապայման ու գլխավոր գործիք

Վարուժան Ավետիսյան, Հասմիկ Էվոյան

 

Հայաստանը օտար գաղութարարների ու նրանց շահերն սպասարկող պետական կառավարման համակարգի տիրապետությունից ազատագրելու և հայ ժողովրդի յուրացված իշխանությունը վերահաստատելու` նախկինում կատարված բոլոր փորձերը ձախողվել են: Սույն հոդվածում դիտարկվում են այդ ձախողումների պատճառները և ներկայացվում է ծրագրային հենքի վրա ժողովրդին ցանցային համակարգի մեջ կազմակերպելու միջոցով պետական կառավարման համակարգի հավանական դիմադրությունը հաղթահարելու և երկիրը ազատագրելու ճանապարհը:

I. Մինչ օրս համակարգի դեմ ժողովրդի պայքարի ձախողման պատճառները

Մինչ օրս ապազգային ու հանցավոր համակարգի և նրա միջուկը կազմող վարչախմբի դեմ պայքարը քանակական ու որակական առումներով բավարար չափով կազմակերպված չի եղել: Որպես կանոն, տվյալ պահի ընդդիմադիր ուժը ձևավորվել և ժողովրդին քիչ թե շատ կազմակերպված ու նպատակային քաղաքական պայքարի է հրավիրել միայն նախագահական ընտրությունների ժամանակ:

Ընդսմին, ընդդիմությունը երբևէ միտված չի եղել երկարատև ու ծանր պայքարի, ուստի երբևէ չի ունեցել ծրագրային հենքի վրա պայքարը կազմակերպելու նախապես մշակված ռազմավարություն ու մարտավարություն և չի ձևավորել դրա գործընթացի արդյունավետ կառավարման համակարգ:

Պայքարի տրամաբանությունը մշտապես սահմանափակվել է համակարգի ներսում, ենթարկեցվել է նրա կանոններին և տեղավորվել է ընտրական մեխանիզմի մեջ: Երբևէ չի դիտարկվել համակարգը փոխելու հարցը, այլ ընդամենը առաջադրվել է կառավարման լծակները գործող վարչախմբի ձեռքից վերցնելու և մեկ ուրիշ վարչախմբին հանձնելու հարցը: Լավագույն դեպքում` խոսք է եղել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Ընդդիմությունը, եթե նույնիսկ ստեղծել է պայքարի գործընթացի կառավարման համակարգեր, ապա դրանցում երբևէ չի ներառել ժողովրդին: Նա, ըստ էության, ժողովրդին վերաբերվել է որպես քաղաքական պայքարի օբյեկտ-գործիքի, այլ ոչ` որպես սուբյեկտ-գործոնի: Այդ կառավարման համակարգերը ժողովրդի մասնակցությունն ապահովելու մասով հիմնականում բաղկացած են եղել միայն ժողովրդին հուզական հենքի վրա զանգվածային միջոցառումների մեջ ներգրավելու և որպես հախուռն ուժ վարչախմբի վրա ճնշում գործադրելու կազմակերպական միավորներից:

Ընդդիմությունը երբևէ հաշվի չի առել այն պարզ ու ակնհայտ ճշմարտությունը, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ամենակազմակերպված ուժը պետական կառավարման համակարգն է` իր վարչախմբով հանդերձ, ուստի նրան հաղթելու համար հարկավոր է ձևավորել ավելի հզոր ուժ, որպիսին կարող է լինել միայն կազմակերպված ժողովուրդը:

Ընդդիմությունը երբևէ հաշվի չի առել նաև, որ ժողովրդին անհրաժեշտ է հանել համակարգի և դրա մեխանիզմների ու կանոնների (պետական կառավարման մարմիններ, այդ թվում` դատարաններ, ինստիտուտներ, կազմակերպություններ, ընտրական հանձնաժողվներ, ընտրական մեխանիզմներ ու կանոններ և այլն) տիրապետության տակից և նրա կազմակերպական կառույցը ձևավորել գործող համակարգից դուրս, քանի որ համակարգը թույլ չի տա (գործնականում հնարավոր էլ չէ) իր ներսում ստեղծել մեկ ուրիշ համակարգ: Ուստի, մնալով համակարգին դեմ հանդիման և նրա տիրույթում, ժողովուրդը մնում է խոցելի վիճակում ու ենթակա է լինում համակարգի ճնշումներին և տիրապետող ազդեցությանը:

Վերը նշված երկու` համակարգի ներսում գործելու և ժողովրդին պայքարի մեջ կազմակերպված ձևով չներգրավելու, պատճառներով հերթական ընտրությունների գործընթացի ավարտից հետո պայքարը բնականոն կերպով մարել է, ինչին օբյեկտիվորեն հետևել է տվյալ պահի ընդդիմադիր ուժի փոշիացումն ու ժողովրդի հիասթափության ու արտագաղթի հերթական ալիքը:

Մինչդեռ կառավարման համակարգից դուրս ժողովրդի կազմակերպումը ոչ միայն բազմապատիկ անգամ մեծացնում է այդ համակարգի վրա ժողովրդի կողմից ազդելու հնարավորությունը, այլև շատ անգամներով նվազեցնում է նույն համակարգի ուժը: Այս պնդումը հիմնավոր է այն պարզ պատճառով, որ պետությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդի քաղաքական կազմակերպվածքը: Եվ, եթե ժողովուրդը հրաժարվում է գործող պետական կառավարման համակարգից ու նրան այլևս չենթարկվելով, քաղաքականապես կազմակերպվում է այդ համակարգից դուրս, ապա այդ համակարգը զրկվում է իր սոցիալական հենքից ու գոյության հիմքերից: Նա զրկվում է իրեն պահող ու սնուցող աղբյուրից` ժողովրդից, և դատապարտվում է շուտափույթ քայքայման:

II. Ցանցային սկզբունքով ժողովրդի կազմակերպումը և պայքարը որպես լուծում

 

Ժողովրդին անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ նրա կազմակերպական կառույցն ի վիճակի լինի ներգրավելու հնարավորինս մեծ թվով մարդկանց և կարողանա հնարավորինս արդյունավետ կերպով կիրառել այդ մարդկանց ռեսուրսը: Ուստի այդ կառույցը պետք է ունենա բազմապիսի կառուցվածք, որպեսզի կարողանա ներառել տարբեր հայացքներ ունեցող և պայքարի տարբեր մարտավարությունների հակված մարդկանց, միևնույն ժամանակ` այն պետք է լինի ճկուն և հեշտ ու արդյունավետ կառավարվող: Բացի այդ, նշված կառույցը պետք է լինի կենսունակ և կարողանա դիմագրավել վարչախմբի գործադրած բռնություններին ու ճնշումներին և դրանք հաղթահարել նվազագույն կորուստներով:

Փորձը ցույց է տալիս, որ ներկայիս պայմաններում այդպիսի չափանիշներին համապատասխանում են ցանցային սկզբունքով ձևավորվող ու գործող համակարգերը:

Այս ամենի հաշվառմամբ Նախախորհրդարանը որպես իր մշակած` «Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) նորգաղութային իրավիճակի հաղթահարման և նոր որակի հայկական պետության ձևավորման համահայկական շարժման» (այսուհետև` Շարժում) ծրագրի առաջին քայլ, նախատեսել է Շարժման կառուցվածքային կայացումը:

Շարժման կառուցվածքային կայացումը ենթադրում է դրա ցանցային համակարգի ձևավորումը և գործունեությունը, ինչի նպատակներն են.

ա) պետական կառավարումից գործող վարչախմբի հեռացման ապահովումը,

բ) գործող վարչախմբի հեռացումից հետո անցումային կառավարման փուլի ընթացքում ազգային անվտանգության և պետության կառավարելիության ապահովումը:

Նշված նպատակների իրագործման համար Շարժման ցանցային համակարգը պետք է լուծի հետևյալ խնդիրները.

1. Շարժման գործընթացի արդյունավետ կառավարում,

2. Շարժման ցանցային համակարգի ձևավորում և դրա մեջ ժողովրդի ներգրավում ու կազմակերպում,

3. Շարժման ցանցային համակարգի միջոցով առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող այլընտրանքային մարմինների ձևավորում և լեգիտիմացում,

4. Շարժման ցանցային համակարգի վերածում անհաղթահարելի ուժի և դրա նպատակային կիրառմամբ վարչախմբի հեռացման ու անցումային կառավարման փուլում ազգային անվտանգության և պետության կառավարելիության ապահովում:

1. Շարժման գործընթացի արդյունավետ կառավարում

Շարժման գործընթացի արդյունավետ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է վարվել նույն ցանցային տրամաբանությամբ: Այդպիսի կառավարման մեջ էական պետք է լինեն հետադարձ կապի գործոնը, ինքնակառավարման չափաբաժինը, որպես կանոն` մարտավարական հարցերում գրեթե ամբողջական ազատությունը: Ինչ վերաբերում է ռազմավարական հարցերին, ապա դրանց մասով կառավարումը պետք է իրականացվի համակարգման սկզբունքով:

Ըստ այդմ` պետք է ձևավորվի և գործառի Շարժման կառավարման համակարգ: Սկզբնական շրջանում այն ձևավորվում է Նախախորհրդարանի քարտուղարության միջուկի շուրջ: Քարտուղարությունը Նախախորհրդարանի որոշումներին համապատասխան իրականացնում է Նախախորհրդարանի գործունեության ապահովումը և ամբողջ Շարժման ընթացիկ կառավարումը` ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև Շարժման ցանցի տարածքային և այլ միավորների համակարգողներին:

Ձևավորումից հետո Շարժման համակարգումն իրականացնելու է Հիմնադիր խորհրդարանը` իր քարտուղարության միջոցով:

2. Շարժման ցանցային համակարգի ձևավորում և դրա մեջ ժողովրդի ներգրավում ու կազմակերպում

 

Ցանցային համակարգի կառուցվածքային հենքը Շարժման աջակիցների տարածքային խմբերի ցանցն է:

Բացի տարածքային խմբերից, ցանցը պետք է ներառի նաև մշտական ու ժամանակավոր բնույթի մասնագիտացված խմբերին և առանձին քաղաքացիական նախաձեռնություններին: Ցանցում իր ուրույն տեղը պետք է ունենա Շարժման ինտելեկտուալ ճակատը, որը կազմավորվում է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի նախագծերի մշակմանը մասնակցող` Նախախորհրդարանի և քարտուղարության անդամներից, ինչպես նաև փորձագետներից: Շարժման ինտելեկտուալ ճակատը դառնալու է նաև Շարժման ռազմավարական որոշումների նախագծերի հիմնական մշակողը:

Հատուկ կարևորություն ունի ցանցային համակարգի արտերկրյա բաղադրիչը: Այն ձևավորվում է հայաստանյան ցանցից ավելի ճկուն և ազատ գործելու սկզբունքներով և, ըստ էության, միտված է լինելու Շարժման գործընթացին բարոյական, նյութական, կազմակերպչական, մասնագիտական և տեղեկութային առումներով աջակցելուն: Այդպիսի բաղադրիչի օրինակ է արտերկրում թափ առնող Հայկական վերածնունդ շարժումը:

Շարժման ցանցային համակարգի ձևավորումը և դրա մեջ ժողովրդի ներառումն ու կազմակերպումը փուլային գործընթաց է:

Առաջին փուլում ձևավորվում են ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի (Արցախը ներառյալ) տարածքային խմբերը: Դրանք կազմավորվում են սակավաթիվ առաջամարտիկներից, որոնք այնուհետև ներգրավում են ժողովրդի հաջորդ մասին:

Երկրորդ փուլում, երբ արդեն զգալի քանակությամբ մարդիկ են ներգրավվում, Երևանի վարչական շրջանների խմբերի հենքի վրա և աջակցությամբ ձևավորում են տարածքային ենթախմբեր, իսկ մարզային խմբերի հենքի վրա և աջակցությամբ ըստ նախկին Հայկական ԽՍՀ և ներկայիս Արցախի վարչատարածքային բաժանման` յուրաքանչյուր շրջանում ստեղծվում են առանձին տարածքային խմբեր: Առանձին խմբեր են ստեղծվում նաև մարզային կենտրոններում և այլ խոշոր քաղաքներում: Մարզերի տարածային խմբերի աշխատանքի կազմակերպման նպատակով ստեղծվում են համակարգող մարմիններ:

Երրորդ փուլում, երբ արդեն բավարար քանակությամբ մարդիկ են ներգրավվում, տարածքային խմբերն ու ենթախմբերը ձգտում են քաղաքներում բակերի ու փոքր թաղամասերի, իսկ մարզերում` բոլոր գյուղական համայնքների մակարդակով ձևավորել փոքր ենթախմբեր կամ առնվազն ունենալ պատասխանատուներ:

Այս երեք փուլերն անցնելուց հետո` Շարժման ցանցային համակարգը գործնականում ի վիճակի է լինում ներգրավելու ամբողջ ժողովրդին:

Զուգահեռաբար` Շարժման ցանցային համակարգը ներառում է և/կամ ինքն է ձևավորում երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներով ստեղծվող տարբեր խմբեր ու նախաձեռնություններ և սերտ գործակցություն է իրականացնում Շարժման արտերկրյա բաղադրիչի հետ, ինչպես նաև ձևավորում է Շարժման ինտելեկտուալ ճակատը:

Ժողովրդի ներգրավումը կատարվում է քարոզչական-բացատրական գործունեության, տարբեր միջոցառումներում մարդկանց ներգրավման, անհատական ու խմբային աշխատանքի և ցանցային սկզբունքով կազմակերպության ընդլայնման այլ մեթոդներով:

3. Շարժման ցանցային համակարգի միջոցով առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող այլընտրանքային մարմինների ձևավորում և լեգիտիմացում, ինչպես նաև դրանց գործունեության ապահովում

 

Շարժման տարածքային խմբերը և ենթախմբերը տեղերում ներկայացնելու են Շարժումը, ապահովելու են ժողովրդի իրազեկումը, առանձին անձանց և խմբերի հետ տարվող աշխատանքը, Շարժման միջոցառումների կազմակերպումը, աջակցելու են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներին` տեղերում քարոզչական և բացատրական աշխատանք կատարելու, ինչպես նաև ստորագրություններ հավաքելու հարցերում:

Հիմնադիր խորհրդարանի ընտրությունից հետո դրանց հենքի վրա ձևավորվելու են տեղական շտաբները, որոնք աշխատելու են Հիմնադիր խորհրդարանի և ՀՀ քաղաքացիների միջև պայմանագրերի կնքման գործընթացը համակարգող կենտրոնական շտաբի (այսուհետ` Կենտրոնական շտաբ) համակարգմամբ, որը ձևավորվելու է Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի վերակազմակերպման միջոցով:

Տեղական շտաբները և դրանց անդամները Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացիների միջև անձ առ անձ պայմանագրերի կնքման հարցերում ենթարկվում են միմիայն Կենտրոնական շտաբի որոշումներին և հրահանգներին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը աջակցում է պայմանագրերի կնքման գործընթացին և իր մասով ապահովում է կենտրոնական ու տեղական ընտրական շտաբների գործունեությունը:

Անշուշտ, Շարժման ցանցային համակարգի տարածքային մարմիններն ամբողջությամբ չեն վերածվելու տեղական շտաբների, այլ դրա համար առանձնացնելու է համապատասխան մարդկային ու կազմակերպական ռեսուրս, իսկ իրենք շարունակելու են իրականացնել իրենց գործառույթները:

Շարժման ցանցային համակարգի մյուս բաղադրիչները այդ գործընթացում մասնակցում են ըստ իրենց նախանշանակման:

4. Շարժման ցանցային համակարգի վերածում անհաղթահարելի ազդեցության ուժի և դրա նպատակային կիրառմամբ վարչախմբի հեռացման ու անցումային կառավարման փուլում ազգային անվտանգության և պետության կառավարելիության ապահովում։

Ինչպես արդեն նշվեց, գործող պետական կառավարման համակարգը Հայաստանում առկա ամենակազմակերպված ուժն է, ուստի նրա հավանական դիմադրությունը հաղթահարելու համար հարկավոր է ձևավորել ավելի կազմակերպված և հզոր ուժ, որը կարողանա անհաղթահարելի ճնշում գործադրել համակարգի վրա և նրան պարտադրել ժողովրդի կամքը:

Շարժման ցանցային համակարգն անհաղթահարելի ազդեցության ուժի վերածելու պայմաններն ու նախադրյալներն են.

– Համակարգի ցանցային կառուցվածքը և դրա գործունեության ցանցային սկզբունքն ու տրամաբանությունը: Նման չափանիշներով գործելու պարագայում Շարժումը կարող է լայնորեն կիրառել փոքր ուժով մեծ ուժին դիմակայելու և հաղթելու «պարտիզանական» մարտավարություն, միանգամից մեկից ավելի շատ տեղերում կազմակերպել ու հաջողությամբ իրականացնել ճնշման գործողություններ, ապահովել այդ գործողությունների բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:

– Հուզականության և գիտակցականության օպտիմալ համադրումը: Ի տարբերություն առավելապես հուզական հենքի վրա ժողովրդին զանգվածային հանրահավաքների ու երթերի ձևով համախմբելու և նրա այդ հախուռն ուժը կիրառելու տարբերակից, ցանցային պայքարը հավասարապես հիմնված է ինչպես զգացմունքի, այնպես էլ գիտակցական մասնակցության վրա, ինչի շնորհիվ ենթակա չէ սադրանքի կամ վայրկյանական հուսախաբության:

– Տոկունությունը և կենսունակությունը: Ցանցային կառույցն իր կազմակերպական առանձնահատկությունների, այդ թվում` ներքին կայուն ու ամուր կապերի շնորհիվ, անհամեմատ ավելի տոկուն է և կենսունակ: Այն ի վիճակի է հարմարվելու փոփոխվող պայմաններին, կատարելու մարտավարական մանյովրներ, վերադասավորելու ուժերը, դիմանալու երկրատև ու մաշեցնող պայքարի, ինչին ունակ չէ հրապարակում հուզական ալիքի վրա հախուռն կերպով հավաքված ժողովուրդը: Միևնույն ժամանակ` հանցավոր համակարգի կողմից ճնշումների ու բռնության դիմելու դեպքում ցանցային կառուցվածք ունեցող Շարժումը հնարավոր չի լինի քայքայել ու փլուզել: Բացի այդ, ցանցային կառույցն ունի ինքն իրեն ապահովելու և վերարտադրելու ահռելի ներուժ և ռեսուրս:

– Իր ազդեցությունն ու ճնշումը կառավարելու ունակությունը: Ցանցային կառույցը ունակ է գործադրելու մեթոդական ուժ, ըստ անհրաժեշտության բաշխելու և/կամ կենտրոնացնելու իր ռեսուրսները, մեծացնելու կամ փոքրացնելու իր ճնշումը, փոփոխելու դրանց թիրախները, ձևերն ու մեթոդները: Մասնավորապես` ցանցային պայքարի դեպքում հնարավոր է կիրառել քաղաքացիական անհնազանդության հարյուրավոր ձևեր, ինչը գործնականում անհնար է զանգվածային հանրահավաքային մեթոդի պարագայում:

– Մասնակիցների և մասնակցության տարակարգվածությունը (դիվերսիֆիկացիա): Այս առանձնահատկության շնորհիվ Շարժումը կարող է ներգրավել ինչպես կյանքի գնով ամեն ինչի պատրաստ մարդկանց, այնպես էլ կամընտիր ձևով ու չափով Շարժմանը աջակցելու և օժանդակելու ցանկություն ունեցողներին: Սրա շնորհիվ նաև հնարավոր է դառնում մինչև ժողովրդի հիմնական զանգվածի կողմից կրիտիկական պահին իր ուժը ցույց տալու պահը Շարժման մեջ ներգրավել և դրա շրջանակում պահել ամենօրյա պայքարի հակում չունեցող բազմահազար մարդկանց (փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի մեծ մասը մտնում է այս կատեգորիայի մեջ), ինչպես նաև գործող համակարգում աշխատող մեր քաղաքացիներին, որոնք միայն վերջին պահին են միանալու պայքարին:

– Համակարգի մաշեցումը և քայքայումը ու դրա մաս կազմող առողջ ուժերի և անձանց հաշվին Շարժման ցանցային համակարգի կայացումն ու հզորացումը: Ներկայումս ժողովրդի մեծ մասը գտնվում է համակարգի ազդեցության ներքո, սակայն Շարժման ցանցային կառուցվածքի, սկզբունքի և տրամաբանության շնորհիվ նրանք ի վերջո սկզբում մտքով ու հոգով, իսկ երբ համակարգը բավարար աստիճանի թուլացած կլինի` նաև ֆիզիկապես մաս են կազմելու Շարժմանը:

– Անհրաժեշտ պահին բազմահազարանոց զանգվածային հանրահավաքներ, երթեր և այլ միջոցառումներ կազմակերպելու և դրանց միջոցով ժողովրդի կամքը թելադրելու հնարավորությունը: Որպես կանոն, բազմահազարանոց միջոցառումներ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի զանգվածային ընկալման մեջ առաջանա ճակատագրական նշանակություն ունեցող քաղաքական կամ որևէ այլ պատճառով կամ գոնե առիթով գոյացած կրիտիկական լարվածության իրավիճակ: Ընդ որում` բոլոր ճակատագրական պահերին չէ, որ կարող է նման իրավիճակ առաջանալ: Ասվածի ապացույցը մեր երկրի ու ժողովրդի կյանքի ներկայիս իրողությունն է: Երկիրը թալանվում է, ժողովուրդը կեղեքվում ու արտագաղթեցվում, բայց զանգվածային ըմբոստություն չկա վարչախմբի քայքայիչ աշխատանքի, ընդդիմության անգործունակության և մի շարք այլ պատճառներով: Մինչդեռ Շարժման ցանցային համակարգի շնորհիվ ժողովուրդը վերածվում է միասնական գիտակցություն ու կամք ունեցող սուբյեկտի, որը ոչ միայն արձագանքում է արդեն կատարված դեպքերին, այլև կանխատեսում է դրանք և ուղղորդում է դրանց զարգացումը: Նման կերպով կազմակերպված ժողովուրդը կարող է բազմահազարանոց բազմությամբ հավաքվել և իր կամքը թելադրել ոչ միայն որևէ պատճառի կամ առիթի դեպքում, այլև ցանկացած ժամանակ` ըստ իր որոշած սցենարի ու օրակարգի:

– Վարչախմբի հեռացումից հետո անցումային կառավարման փուլի կայունության ապահովումը: Անցումային կառավարման փուլում ցանցային կառույցի մեջ կազմակերպված ժողովուրդը դառնում է ամենամեծ երաշխիքը ներքին և արտաքին ասպարեզներում ազգային անվտանգության ու պետության կառավարելիության ապահովման, այդ թվում` օտար և/կամ տեղական հակառակորդի հակաքայլերը կանխելու ու չեզոքացնելու գործում:

Սրանք ցանցային կառույցի ոչ բոլոր առանձնահատկություններն են, որոնց շնորհիվ Շարժումը կազմակերպված ձևով ներառելու է մեր ժողովրդի մեծ մասին և դառնալու է այնպիսի անհաղթարելի ուժ, որի դեմ ոչ մի պետական համակարգ չի կարող կանգնել: Նաև այն պատճառով, որ Շարժումը յուրացնելու է համակարգի լավագույն ուժերը և դրանք կիրառելու է նրա դեմ:

Share Button