Կազմակերպված ժողովուրդն է իր ապագայի կերտողը

Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյան new12013 թ. սեպտեմբերի 3-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, առաջնորդվելով բացառապես անձնական և իր գլխավորած վարչախմբի կլանային շահերով, իր օտար տերերի թելադրանքով որդեգրել է Հայաստանը Մաքսային Միության, այնուհետև` Եվրասիական Տնտեսական Միության, իսկ հեռանկարում` վերպետական սկզբունքով ձևավորվող Եվրասիական Միության անդամ դարձնելու կուրս:

Նման տարբերակով իրավիճակի զարգացումը միանգամայն կանխատեսելի էր, քանի որ պայմանավորված էր ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ակամա անկախություն ստացած Հայաստանի` որպես պետության, որակական ու քանակական բացասական հատկանիշներով:

Իրապես ինքնիշխան պետություն կառուցելու բավարար կամք, գիտելիք, փորձ և ծրագիր ունեցող ազգային ընտրախավի բացակայության պատճառով հայ ժողովուրդը, ձևականորեն պետություն ունենալով հանդերձ, չկարողացավ ըստ էության պետականորեն կազմակերպվել և իր շահերին համապատասխան որոշել իր ապագան: Ժողովուրդը չկարողացավ որոշել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետության տեղը և դերն աշխարհում ու տարածաշրջանում և, ըստ այդմ` ինչ ձև ու բովանդակություն պիտի ունենա նրա պետական կառավարման համակարգը, ինչպիսի հասարակություն պետք է կառուցի, մարդու և քաղաքացու ինչ իդեալի պետք է ձգտի:

Ուստի այս ամենը մեր ժողովրդի փոխարեն որոշեցին աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները: Նրանք Հայաստանը դարձրեցին իրենց ռազմավարական շահերի օբյեկտ ու ռեսուրս և ըստ այդմ մեզ պարտադրեցին պետական կառավարման համակարգ, ինչպես նաև արտաքին ու ներքին քաղաքականություն:

Այդպես Հայաստանը հետզհետե հայտնվեց նորգաղութային կախյալության մեջ, ազգային ընտրախավի փոխարեն ձևավորվեց խամաճիկային ու հանցավոր, միևնույն ժամանակ` կամազուրկ ու ապաշնորհ վերնախավ:

Այդ վերնախավը ժողովրդին մեկուսացրել է արտաքին և ներքին քաղաքական գործընթացներից, դրանք սահմանափակել է իր շրջանակում և վերածել օտար տերերի միջամտությամբ իր խմբավորումների միջև հանուն կառավարման լծակներին տիրանալու հյուսվող պալատական խարդավանքների: Հայաստանյան վարչախմբերը ձևավորվում են որպես այդ խարդավանքների արդյունք և ըստ այդմ էլ իրականացնում են համապատասխան արտաքին ու ներքին քաղաքականություն:

Սակայն հանուն վերնախավի ներկայացուցիչների անձնական և կլանային շահերի երկիրն ու նրա շահերը հանձնելու տրամաբանությամբ պետությունը կառավարելու գործընթացը չի կարող գոնե նվազագույն մակարդակի վրա պահպանել պետության ինքնիշխանությունը:

Նշված գործընթացի ներքին տրամաբանության համաձայն` արտաքին ուժերի դրածո, ստրկամիտ ու հանցավոր վարչախմբերը, որոնք անկախության ամբողջ ժամանակահատվածում հաջորդել են իրար, իրենց օտար տերերի աջակցությամբ Հայաստանի պետական կառավարման համակարգի միջոցով հայ ժողովրդի իշխանությունը քայլ առ քայլ յուրացնելուն զուգահեռաբար` ստիպված են եղել մաս առ մաս օտարին հանձնել պետության ինքնիշխանությունը և երկրի ռեսուրսները, որպեսզի դրա դիմաց կարողանան պահպանել կառավարման լծակները:

Նույն տրամաբանության համաձայն` արտաքին ուժերի ազդեցության մեծացման հետևանքով զուգահեռաբար մեծանում են նաև երկրի կառավարման գործերին նրանց միջամտության ծավալն ու աստիճանը, ինչի հետևանքով այդ արտաքին ուժերի անուղղակի կառավարումը պետք է փոխարինվի ուղղակի կառավարմամբ: Իսկ թե հիմնական մասով կոնկրետ որ արտաքին ուժի ուղղակի կառավարմանը (մեկից ավելի ուժերի կողմից ուղղակի կառավարումը գործնականում արդյունավետ և ռեալ չէ) պետք է հանձնվի երկիրը, կախված է աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունից և հարաբերություններից:

Սեպտեմբերի 3-ից արդեն ակնհայտ դարձավ, որ Հայաստանը նորգաղութային կախյալության վիճակից արդեն անցում է կատարում դասական գաղութացման ենթարկվելու վիճակին: Վարչախումբը արագընթաց տեմպերով կորցնում է ինքնուրույնության վերջին չափաբաժինները: Օտարի ձեռքում գտնվող պետական կառավարման համակարգն արդեն ամբողջությամբ վերածվել է Հայաստանն ու հայ ժողովրդին բացահայտ կերպով կեղեքող մեքենայի, իսկ ժողովրդի պլանավորված արտագաղթ իրականացնելու քաղաքականության մասով` նաև ցեղասպանության գործիքի:

Համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում այս գործընթացը շարունակվելու է մինչև պետականության կորուստ ու հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացում և/կամ ուծացում:

Միևնույն ժամանակ` արագընթաց կերպով փոփոխվող ներկայիս աշխարհում` աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների գերակայությունների վերանայման ու հարաբերությունների նոր ձևաչափերի ձևավորման հզոր միտումների առկայության պայմաններում, հայությունը ռեալ և իրատեսական հնարավորություն է ձեռք բերում ոչ միայն խուսափելու այս աղետալի հեռանկարից, այլև որակապես նոր ու հայանպաստ դեր և տեղ զբաղեցնելու ապագայի աշխարհում:

Սակայն այս դրական սցենարով մեր ժողովրդի ու պետականության զարգացումն ապահովելու համար նախ հարկավոր է ազգովի վերածվել կազմակերպված ուժի, ձեռք բերել հավաքական կամք և գեներացնել այն գործադրելու կարողություներ` ազգային-ազատագրական շարժում սկսելու և այն հաղթանակով ավարտելու համար:

Ակնհայտ է, որ պետականության քայքայման գործիքի վերածված առկա պետական կառավարման համակարգի միջոցով դա հնարավոր չէ անել, ուստի պետք է կազմակերպվել դրանից դուրս: Հատկապես արտերկրի հայության համար արդեն պետք է պարզ լինի, որ ապազգային ու հանցավոր համակարգի կառավարման իրավունքը ճանաչելը, նրա հետ գործակցելը, նրա կազմակերպած միջոցառումներին մասնակցելը կամա թե ակամա նպաստում է մեր երկրի գաղութացման ու մեր պետականության կործանման գործին: Ուստի անհրաժեշտ է հրաժարվել գործող համակարգից ու մերժել կառավարող վարչախմբին:

Այսօրվա ցանցային աշխարհը և հայության ցանցային վիճակը հուշում են, որ պետք է կազմակերպվել նույն ցանցային սկզբունքով` ձևավորելով համահայկական ցանցային կառույց: Միևնույն ժամանակ` այդ ցանցի կառավարումն ապահովելու նպատակով հարկավոր է ստեղծել ժողովրդի կամքն արտահայտող այլընտրանքային կառավարման մարմիններ և մեխանիզմներ, որոնց միջոցով հետագայում` վարչախմբին հեռացնելուց հետո, կիրականացվի նաև երկրի կառավարումը:

Նախախորհրդարանի մշակած ծրագրի համաձայն` նախատեսվում է ստեղծել Արդարության ատյան (անցումային ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներով գործող դատական իշխանության այլընտրանքային մարմին), ապագա հայկական պետության Հիմնադիր խորհրդարան (անցումային ժողովրդավարության սկզբունքներով գործող օրենսդիր իշխանության այլընտրանքային մարմին, որը նաև կառավարելու է ազգային-ազատագրական շարժումը), իսկ որոշակի պահից` նաև անցումային կառավարություն:

Միևնույն ժամանակ` հարկ կլինի ձևավորել համահայկական մասնակցության և աջակցության գործուն մեխանիզմներ: Մասնավորապես` այդպիսի մեխանիզմ կարող է դառնալ ազգային-ազատագրական շարժումը սնուցելու նպատակով ստեղծվող այլընտրանքային Համահայկական հիմնադրամը:

Share Button