«Կատուն գնաց՝ մուկը եկավ. ընդամենը խաղ է». արձագանք Փարիզից

Փարիզի «Հայկական վերածնունդ» ՀԿ նախագահ Շանթ Ոսկերչյանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ո՛չ Հայաստանի նոր կառավարությունից և ո՛չ էլ նոր վարչապետից որևէ դրական ակնկալիք չունեն:

Նա նշեց, որ, ի տարբերություն սփյուռքում հայկական բազմաթիվ այն կազմակերպությունների, որոնք զբաղվում են հայ-թուրքական արձանագրություններով, Ցեղասպանության ճանաչման խնդրով, իրենց հետաքրքրում է այն ներքին ցեղասպանությունը, արտագաղթը, որ կա այսօր Հայաստանում: Դե, իսկ վարչապետի փոփոխությունը նա պարզապես որպես խաղ բնութագրեց․

«Մեզ համար սա մի խաղ է, նույնիսկ այդ ոչ իշխանական չորս ուժերը՝ քառյակն է խաղ, որ ուզում էին վարչապետի հրաժարականը. դրանք խաղեր էին, մեզ համար ոչ մի բան չի փոխվելու: Կատուն գնաց՝ մուկը եկավ. նույն համակարգն է մնում, որից մարդիկ հուսահատվում ու արտագաղթում են»,-ասաց նա:

Նրա խոսքերով՝ Հայաստանը հասել է այն մակարդակի, որ այստեղ նույնիսկ օրենքը չի կիրառվում․ «Պարտադիր կուտակայինը նայեք. Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, ճիշտ է՝ բավական տարօրինակ, բայց, ի վերջո, եթե ուսումնասիրենք՝ ՍԴ-ն ասաց, որ հակասահմանադրական է, բայց այսօր դեռ պետական մարմինների աշխատողներից գումար են վերցնում: «Դեմ եմ»-ի երիտասարդները շատ լավ պայքար են տանում, համամիտ ենք ու աջակցում ենք իրենց, այլ քաղաքացիական նախաձեռնություններին՝ Նախախորհրդարանին, բայց ոչ երբեք իշխանությանը կամ այդ «ընդդիմությանը»:

Ոսկերչյանն ավելացրեց, որ կառավարությունից որևէ սպասելիք չունեն, օր առաջ պետք է ժողովուրդը համակարգ փոխի, եթե ոչ՝ ապա պետք է յուրային կառավարություն ստեղծել․ «Մենք տեսնում ենք, որ եղած ուժերը 0 են, խնամիական կապեր են խաղացնում, չգիտես ինչ են անում, բայց 0 են»:

Աղբյուրը՝ 1in.am

Share Button