«Ես տեսել եմ թուրքական անձնագրեր, որոնք վերցվել են սպանվածներից»

Մեր զրուցակիցն է Հայկական վերածնունդ կազմակերպության անդամ, լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը, ով օրեր առաջ Լաթաքիայում  է եղել և հանդիպել է քեսաբահայերին

 

Պարոն ՍեֆիլյանԴուք նոր եք վերադարձել Սիրիայիցորտեղհանդիպել եք քեսաբահայությանըի՞նչ վիճակում են նրանք:

 

Նախ ուզում եմ նշել, որ մեր իշխանությունները, իսկ մինչ այդ նաև մեր ավանդական կուսակցությունները Հայաստանի ու սփյուռքի ժողովրդին վախեցրին, ուռճացրած ներկայացրին իրավիճակը: Իրողությունն այն չէ, ինչպես նրանք են ներկայացրել: Պատասխանատու խումբ են նշանակել, որտեղ ներկա են բոլոր ավանդական կուսակցությունների անդամները, ներառյալ կրոնական համայնքները: Որպես Հայկական վերածնունդ կազմակերպության ներկայացուցիչ՝ ես նշեցի, որ մեզ մտահոգում է ստեղծված իրավիճակը, և ճիշտ ենք համարում ներկա լինել Սիրիայում և իրավիճակին ծանոթանալ հենց տեղում, ոչ թե լրատվամիջոցներից:  Այն, ինչ տեղի է ունեցել Քեսաբում, շատ ցավալի է բոլորիս համար, քանի որ Քեսաբը շատ մեծ նշանակություն ունի թե պատմական առումով, թե որպես Կիլիկիայի վերջին մնացած քաղաքը: Հավանաբար շատերը չգիտեն, որ միայն 1939 թվականին կարդինալ Աղաջանյանի ջանքերով միջազգային համաձայնությամբ Քեսաբն անցել է Սիրիայի իշխանության տակ: Հակառակ դեպքում այն Մուսա լեռան նման այսօր կլիներ թուրքական: Հանդուրժել չի կարելի այն, ինչ կատարվեց Քեսաբում: Մենք  պետք է հատուկ մարտավարություն վարենք, դիվանագիտությանն ուժ տանք և միջազգային գործնական ձայներ բարձրացնենք: Մենք այստեղ ողորմություն խնդրելու կարգավիճակում չպետք է լինենք: Բայց ցավոք, ներկա դրությամբ իրար միս ենք ուտում, լինի Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

 

Եթե մենք Քեսաբի մեր հայրենակիցներին սնունդ ու հագուստ ենք հասցրել, մեծ բան չենք արել: Չկարծենք, թե դրանից հետո կարող ենք երեկոյան հանգիստ գլուխներս բարձին դնել՝ մտածելով, որ մի մեծ գործ ենք արել:

 

Պարոն Սեֆիլյանի՞նչ պիտի արվեր քեսաբահայերի համարոր չի արվել:

 

Մենք չպետք է բավարարվենք մի քիչ սնունդ ու հագուստ ուղարկելով: Պետք է օրական 24 ժամ աշխատել այս ուղղությամբ ու որոշենք, թե ինչ պետք է արվի: Ոչ թե մեծամասնությունն իր հայտարարությամբ փորձի ժողովրդին վախեցնել, որ չլսեն փոքրամասնությունների կարծիքը: Չկարծեք, թե այդ փոքրամասնություններն ինչ-որ պահից չեն անցնելու գործնական քայլերի: Շատ կուզեի, որ մեր իշխանությունների, ինչու ոչ, նաև ավանդական կուսակցությունների գիտակցական մակարդակն ավելի արթուն լիներ: Բավական է մեկն այցելի քեսաբահայերին, շատ արագ ոգևորվում են, արագ հուզվում են, մտածելով, որ իրենցով հետաքրքրվում են, լինի վարչական պատվիրակությունը Հայաստանից, թե այլ կազմակերպություններ:

 

Այս պահին որքա՞ն քեսաբահայեր են մնացել եկեղեցու տարածքում ապաստանած:

 

Հաշվարկ եմ արել և պարզել, որ եկեղեցու բակում մնացել են 130 հոգի: Մնացածը տեղավորվել են Լաթաքիայի՝ իրենց բարեկամների ու ծանոթների մոտ, ոմանք արդեն Բեյրութ են հասել, ոմանք Հալեպ են մեկնել: Այսինքն՝ քեսաբահայությունը ցիրուցան է եղել, մնացել են 130 հոգի: Ես քեսաբցիներին հարցրի՝ ընդհանրական որոշումը որն է. լքելո՞ւ են Քեսաբը, հեռանալո՞ւ են, երբ նման առիթ ստեղծվի: Հիշում եմ, որ Քեսաբի դեպքերի սկսվելուց մի քանի օր անց Հովիկ Աբրահամյանն էր հայտարարել, որ քեսաբցիներին ընդունելու և տեղ ենք տալու Հայաստանում: Ես պարզեցի, որ քեսաբցիները, լինի ժողովուրդը, լինի ղեկավար կազմը, կտրականապես դեմ են Քեսաբը լքելուն: Սա ինձ համար մեծ նշանակություն ունի, որ քեսաբցին չի լքելու իր քաղաքը, և դա հստակ որոշում է: Այո, այսօր նրանք ցիրուցան են եղած, բայց բոլորը ոչ միայն հույս ունեն վերադառնալ Քեսաբ, այլ հավատում են դրան: Սակայն նրանք շատ հստակ ասում էին, որ այսօր մենք ի վիճակի չենք ինքնուրույն ազատագրել Քեսաբը: Նրանք հույս ունեն, որ դա կանի իրենց պետությունը, և իրենք կվերադառնան իրենց տները:

 

Իսկ ե՞րբ, ըստ Ձեզ, հնարավոր կլինի վերադառնալ Քեսաբ:

 

Դա կախված է Սիրիայի իշխանություններից, որը պետք է ազատագրի Քեսաբը: Ես որոշ տեղերում բավական մոտեցա դիրքերին և այնտեղ տեսա 7-8 քեսաբցի հայ տղամարդկանց՝ 28-45 տարեկան, որոնք մյուսների նման չեն գնացել Լաթաքիա, այլ զենք են գտել, որպես կամավորներ միավորվել են Քեսաբն ազատագրող բանակին ու պաշտպանում են իրենց տները: Ես նրանց հետ խոսել եմ ու ցավալի է, որ Լաթաքիայում գտնվող հայ ղեկավարներն անգամ չգիտեն այդ տղաների մասին: Այդ տղաներից մեկը ցույց տվեց, որ 25 մետր հեռավորության վրա երևացող տունն իր տունն է և ասում էր. «Ես ոչ մի մետր չեմ հեռանալու այստեղից և ինձ չի հետաքրքրում, թե համայնքի ղեկավարներն ինչ են որոշել: Ես այսօր շատ հստակ որոշել եմ, որ միավորվում եմ իշխանության բանակին և իմ մասնակցությունը բերելու եմ այս ձևով»: Նույնն ասացին նաև մյուս հայ տղաները, որոնք զենքները ձեռքին, տարազները հագին միավորվել են կռվող բանակին: Արդյոք մեր ավանդական կուսակցությունները, Հայաստանի իշխանությունները տեղյա՞կ են այս մասին: Ես լավատես մարդ եմ և հակված եմ բաժակը կիսալիքը տեսնել, ոչ թե կիսադատարկ, ու ոչ թե նստելու եմ լաց լինելու տեղի ունեցածի համար, այլ տեղի ունեցածն ինձ ստիպելու է ավելի ակտիվ լինել, շատ ավելի մտահոգ լինել իմ ժողովրդի համար, ու ամեն ինչ պիտի անենք, որ հետ վերադառնանք մեր Քեսաբը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական որոշակի աջակցություն ցուցաբերեց քեսաբցիներինՁեր կարծիքով, դա բավարա՞ր է քեսաբցիների խնդիրները լուծելու համար:

 

Միայն առաջին 3 օրերին է շատ դժվար եղել քեսաբցիների համար, երբ օրական երեք անգամ սնունդ, հագուստներ բաժանելու խնդիրները կազմակերպելու լուրջ խնդիրներ են ծագել: Իսկ այսօր ես այնտեղ տեսա, որ լիքը սնունդ ու հագուստ կա: Այսօր դա արվում է և նույնիսկ Սիրիայի իշխանությունները որոշակի հոգատարություններ արդեն արել էին:

 

Ես, որպես «Վերածնունդի» անդամ, որոշել ենք դրամ հավաքել և մյուս դրամ հավաքող կազմակերպություններին էլ ուղղություն ենք ցույց տալիս, որ այսօրվանից պիտի մտածենք, թե Քեսաբ վերադառնալուց հետո ինչ ենք անելու: Բանն այն է, որ Քեսաբում շատ տներ ավերված են, որոնք պետք է վերականգնել: Քեսաբցիների համար ամենամեծ մտավախությունը ոչ իրենց ավերված տներն են, ոչ էլ իրենց ունեցվածքը, քանի որ արդեն գիտեն, որ դրանք ավերված են: Նրանց ամենամեծ մտավախությունն իրենց այգիներն ու հողամասերն են, որ չփորձվեն իրենց ծառերը վնասել, քանի որ դա իրենց ապրուստի միջոցն է: Նրանք ասում են. «Այն, ինչ կատարվեց, մեր տները մենք նորից կսարքենք, ավելի լավը կսարքենք, միայն Աստված տա, գյուղատնտեսական ունեցվածքը, ծառերը չվնասեն, չկոտրեն»: Ու նրանք ձև չէին անում, վստահ այդպես են մտածում:

 

Այս իրավիճակում դուք ի՞նչ ելք եք տեսնում:

 

Կարող եմ ասել, որ այսպես չի կարելի թողնել: Այն, ինչ կատարվեց, չի նշանակում, որ պետք է մտածենք, վերջ, պարտված ենք և պիտի մտածենք ժողովրդին այլ վայրեր հասցնելու մասին: Ընդհակառակը, պիտի ամեն ինչ անել Քեսաբը հետ վերցնելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ, բոլորովին պատահական չէր, դա քաղաքական որոշում էր և պատահական չէ, որ այն տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:  Ես նույնիսկ տեսել եմ թուրքական փաստաթղթեր, անձնագրեր, որոնք վերցվել են սպանված զինյալներից: Սա նշանակում է, որ թուրքերը վարձկան զինյալների տարազի տակ մասնակցել են Քեսաբի դեմ հարձակմանը: Այսինքն՝ Թուրքիան ոչ միայն սահմանն էր բացել զինյալների առջև, այլև իր քաղաքացիները մասնակցել են այդ գործողություններին:

 

Այն, ինչ կատարվեց, դավաճանությամբ ու խաբելով է եղել: Դուք գիտեք, որ Սիրիան արդեն 3 տարի է ներքին պատերազմների մեջ է, բայց ինչու երկրի հյուսիս-արևմտյան այդ հատվածում մեծ քանակությամբ զինվորականներ չեն եղել: Բանն այն է, որ 1939-ին միջազգային պայմանագիր է կնքվել, որը թույլ է տվել սիրիացիներին չմտահոգվել այդ դիրքերի համար: Փաստորեն Թուրքիան խախտել է այդ պայմանագիրը, և իր տարածքից հազարավոր զինյալներ են մտնում Սիրիայի տարածք: Ես լսել եմ, որ նրանց թիվը 20-22 հազար է եղել: Առաջին օրերին մեզ ասում էին 5-6 հազար զինյալների մասին, սակայն հետո այդ թիվը բարձրացավ ու հասավ 20-22 հազարի: Պարզ է, որ Թուրքիան հիմա բարձրաձայն չի ասելու, որ այս ամենն ինքն է անում, բայց բոլորի համար հստակ է, թե ով է այս ամենի թիկունքում կանգնած:

 

Լուրեր կանոր Թուրքիան ամեն ինչով ապահովում է քեսաբահայերինորոնք գտնվում են իր տարածքումանգամ անվճար տներ է տալիս:

 

Ես տեղեկություններ ունեմ, որ երկու կանանց՝ Թիթիզյան քույրերին, որոնք Թուրքիա էին մեկնել, իշխանությունները հատուկ խնամք էին տարել, որպեսզի աշխարհին ցույց տան, թե ինչ հոգատար են: Թիթիզյան քույրերը բոլոր քեսաբահայերի նման Լաթաքիա պիտի ուղևորվեին, բայց Թուրքիան ամեն ինչ արեց, որ նրանց հասցնի Մուսա Լեռ ու հոգատարություններ անի նրանց նկատմամբ, որը քարոզչական նպատակներով պիտի օգտագործվեր: Նրանց դիտավորյալ տարան, որ համաշխարհային լրատվամիջոցներով ներկայացնեն, թե որքան մտահոգ են հայերի կյանքերի համար:

 

Նորից ուզում եմ կրկնել, որ անելիքներ շատ կան, շատ դժվար է լինելու, բայց անհնար ոչինչ չկա: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ ոչ միայն վերադառնանք Քեսաբ, այլև հաղթանակ տանենք դիվանագիտության մեջ: Մենք հոգնել ենք ամեն անգամ մեր սերունդներից լսել, որ մենք դիվանագիտություն չունենք ու միշտ պատմության մեջ պարտված ենք դուրս եկել այդ ասպարեզում:  Ցավոք, այսօր էլ մենք միայն իրար ուտելով ենք զբաղված ու իրար չհանդուրժող ժողովուրդ ենք դարձել, այնինչ պիտի միավորվել ու մտածել մեր առջև ծառացած մարտահրավերների դեմն առնելու մասին:

Սիրանույշ Պապյան

Աղբյուրը՝ lragir.am

Share Button