Սերժ Սարգսյանը վախեցած է

Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ՝ Սերժ Սարգսյանի Քեսաբի դեպքերի վերաբերյալ դիրքորոշման շուրջ:

-Պարոն Խանումյան Սերժ Սարգսյանը բացասական է արտահայտվել Քեսաբի պաշտպանության համար զինված ջոկատներ ուղարկելու առաջարկներին՝ այն անվանելով արկածախնդրություն: Համաձայն ե՞ք արդյոք նրա տեսակետի հետ:

-Սերժ Սարգսյանի առաջարկի հետ կարելի էր համաձայնվել, եթե վերջինս սիրիական պատերազմի սկսելուց հետո կարողանար կազմակերպել հայության տեղափոխումը Հայաստան: Սակայն ակնհայտ է, որ հայկական պետություններն ընդամենը խորհրդանշական աջակցություն են ցույց տալիս Հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին: Քեսաբահայության մեջ կան հայորդիներ, ովքեր ստեղծել են ինքնապաշտպանական ջոկատներ և պատրաստ են ազատագրել իրենց հայրենի գյուղերն ու վերադառնալ այնտեղ: Հայրենիքում բնակվող մի շարք հայորդիներ գտել են, որ հարկավոր է նրանց աջակցել և մեկնել են այնտեղ: Ի՞նչ տարբերակ է առաջարկում Սերժ Սարգսյանը: Կոտորվե՞լ: Ինձ մոտ տպավորություն է, թե Սերժ Սարգսյանի վարքի վրա ազդող ամենամեծ գործոնը վախն է:

-Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնում, որ նույնիսկ Սիրիայի հայերը պետք է չեզոք մնան:

-Չեզոքությունը պայմանավորվածություն է: Ոչ ոք չի կարող հենց այնպես հայտարարել, որ չեզոք է և զերծ մնա հարձակումներից: Չեզոքությունդ պետք է հարգվի պատերազմող ուժերի կողմից: Այսօր Սիրիայի գործող վարչակարգի դեմ կռվող վարձկանական մի խմբավորում ակնհայտորեն հարձակվել է հայության վրա, գրավել հազարամյա հայկականություն ունեցող բնակավայրեր, ինչի հետևանքով հայ բնակչությունը տարհանվել է: Այստեղ արդեն չեզոքության մասին խոսք լինել չի կարող: Կամ պետք է կազմակերպել Լաթաքիայի մարզի, այդ թվում Քեսաբի շրջանի հայության ներգաղթը հայրենիք կամ էլ աջակցել նրանց ինքնապաշտպանությանը: Սակայն հայկական պետությունները հայտնվել են այնքան խղճուկ վիճակում, որ բացի այս կամ այն խորհրդարանական վեհաժողովում հարցը բարձրացնելուց այլ գործողություն ի վիճակի չեն անել: Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Քեսաբի հարցում ցույց է տալիս վերջինիս անկարողությունը և վարկաբեկում է Հայաստանը հայության և աշխարհի աչքերում: Այն պետությունը, որը չի կարողանում պաշտպանել իր հայրենակիցներին, չի կարող հարգանք վայելել աշխարհում:

-Քեսաբի օգնության մեկնող նախկին հրամանատարներին Սերժ Սարգսյանն առաջարկում էկանգնել սահմանը պահող 18-ամյա զինվորի կողքին, քանզի մեր կռիվը դեռ չի ավարտվել:

-Ավելի մեծ երեսպաշտություն, քան Սերժ Սարգսյանի այս առաջարկն է, լինել չի կարող: Արցախյան պատերազմն անցած շատ հրամանատարներ մեկ անգամ չէ, որ դիմել են նրան՝ առաջարկելով օգտագործել իրենց ներուժը, առաջարկել են մարտական հերթապահության բարելավման ծրագրեր, սակայն որևէ ուշադրության չեն արժանացել: Արցախյան պատերազմի ամենամարտունակ գումարտակներից մեկի՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մինչ այսօր նույնիսկ ՀՀ քաղաքացիություն չի ստացել: Ավելին, արհամարհվել են նաև հայ գիտնականների մշակած շատ սարքերի առաջագծում տեղադրելու առաջարկները, ինչը զգալիորեն կնվազացներ թշնամու կողմից մեր զինվորի խոցելիությունը: Այս ամենը վկայում է, որ առաջնագիծը Սերժ Սարգսյանին շատ քիչ է հետաքրքրում:

-Սերժ Սարգսյանը նշում է, որ Քեսաբ զինված ջոկատներ ուղարկելը կլինի մեծ արկածախնդրություն, մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը:

-Սերժ Սարգսյանն ակնհայտորեն վախեցած է: Վախեցած է այն պատասխանատվությունից, որ կարող է առաջանալ հայության գործոն դառնալով: Իր իշխանության տարիներին այս գործիչը զգալիորեն իջեցրել է հայկական գործոնի դերն աշխարհում, Հայաստան պետության դերը տարածաշրջանում, վաստակել անվստահելի գործընկերոջ կերպար, վաճառել հայոց ինքնիշխանությունը: Քեսաբում հաջողության դեպքում հայկական գործոնի դերը ավելանալու է, ինչն էլ խիստ վախեցնում է Սերժ Սարգսյանին: Նա պատրաստ չէ այդ գործոնին վայել պատասխանատվության, քանզի իր նախագահության ամբողջ շրջանում հայությանն օբյեկտի վերածելու քաղաքականություն է վարել:

Ստեփանակերտ

12 ապրիլի 2014թ.

Աղբյուրը՝ avk.am