Ժիրայր Սեֆիլյանը՝ համակարգի մաս կազմող կուսակցությունների («հրաշալի քառյակի») մասին

«Հանրահայտ իրողություն է, որ համակարգային բնույթի պրոբլեմները հնարավոր չէ լուծել համակարգի ներսում: Առավել ևս` եթե այդ համակարգը գտնվում է դեպի ինքնաոչնչացում ընթացող ճգնաժամի մեջ: Այսքանով կուզեի սահմանափակել պետական կառավարման գործող համակարգի մաս կազմող կուսակցությունների ներկայիս ակտիվության մասին իմ խոսքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ ի պատասխան մեր այն հարցադրման, թե ի՞նչ կարծիք ունի խորհրդարանական չորս ուժերի քննարկումների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ համախմբման վերաբերյալ կոչերի մասին:

Սեֆիլյանն ընդգծեց, որ իր այդ մեկնաբանությունը բավարար է այդ երևույթին առնչվող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու համար:

«Միևնույն ժամանակ` մենք եղել և մնում ենք համակարգից դուրս մեր ժողովրդի, նրա առողջ ուժերի համախմբման և դրանց միջև համագործակցության առաջին ու ամենաակտիվ ջատագովը:

Մեզ պատած համակարգային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է ապահովել քաղաքական սերնդափոխություն և այդ նոր քաղաքական սերնդի ուժերով կազմավորել յուրային կառավարություն:

Սա է Նախախորհրդարանի առաջարկած համակարգային փոփոխությունների առանցքն ու բանալին: Որևէ այլ գաղտնիք կամ բարդություն չկա: Նոր քաղաքական սերնդի, նոր ընտրախավի ձևավորմամբ ու դրա գործունեության միջոցով կունենանք յուրային կառավարություն, արտաքին ու ներքին առումներով կազատագրվենք ու կդառնանք քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ, ինչի շնորհիվ կկարողանանք հասնել մեր ազգային ու մարդկային նպատակներին»,- ասաց նա:

Մեր զրուցակիցն ասաց, որ ազգային կամքն արտահայտող յուրային կառավարություն ձևավորելու նպատակով Նախախորհրդարանն առաջարկում է ազգովի կազմակերպվել ոչ յուրային, իսկ շատ հարցերում` պարզապես թշնամական համակարգից դուրս, ստեղծել դրան զուգահեռաբար գործող ներկայացուցչական մարմին` ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարան, սկսել դրա լեգիտիմացումը, այդ Հիմնադիր խորհրդարանի առաջնորդությամբ հեռացնել ապազգային վարչախմբին, սահուն կերպով ապահովել անցումային փուլի կառավարումը, անցումային փուլի ավարտին արտահերթ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորել պետական կառավարման լեգիտիմ մարմիններ, որից հետո նախապես մշակված ռազմավարական ծրագրի հիման վրա երկրում կատարել անհրաժեշտ համակարգային փոփոխություններ:

«Մենք արդեն շրջանառության մեջ ենք դրել համակարգային փոփոխությունների առաջին փուլի` յուրային կառավարության ձևավորման մեխանիզմն արտահայտող մեր բանաձևը` «Ռեժիմից ձերբազատում-անցումային շրջանի ժամանակավոր կառավարություն-արտահերթ ընտրություններ»: Նախախորհրդարանը մշակում է նաև Անցումային շրջանի ծրագիր, որպեսզի այդ շրջանը հնարավորինս սահուն ու արդյունավետ անցնի:

Նախախորհրդարանի մշակած ռազմավարական ծրագրի նախագիծը պայմանականորեն կոչվում է «Հայաստանում նոր որակի հայկական պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգ»: Ռազմավարական հայեցակարգի նախագծի մեծ մասը ոլորտ առ ոլորտ հանրային քննարկումների ձևով արդեն ներկայացվել է մեր ժողովրդի դատին: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել դրանց հետագա լրամշակմանը և ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները»,- ընդգծեց Սեֆիլյանը:

Նա նշեց, որ իրենք զուգահեռաբար կազմակերպական աշխատանք են կատարում մեր ժողովրդին Հայաստանում և արտերկրում ցանցային սկզբունքով համախմբելու, ինչպես նաև 65 անդամից բաղկացած Հիմնադիր խորհրդարանի ձևավորման ուղղությամբ: «Մենք կարևորում ենք այս գործընթացում արտերկրաբնակ հայության մասնակցությունը:

Ձևավորվելուց հետո սկսվելու է Հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացման գործընթացը, որն իրականացվելու է Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացիների միջև անձ առ անձ պայմանագրերի կնքման միջոցով: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ գործող վարչախմբի օրոք մենք չենք ակնկալում Հիմնադիր խորհրդարանի վերջնական լեգիտիմացում և վարչախմբի հեռացումը չենք պայմանավորում այդ հանգամանքով: Հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացումը շարունակվելու և ավարտին է հասցվելու վարչախմբի հեռացումից հետո` Անցումային կառավարման շրջանի սկզբնական ժամանակահատվածում»:

Մեր զրուցակիցը, ևս մեկ անգամ անդրադառնալով մեր հարցադրմանը, թե ԲՀԿ առաջնորդն առաջարկում է համախմբվել, ասաց, որ իրենք բաց են համագործակցության համար, բայց ըստ ծրագրերի. «Կրկին ուզում եմ շեշտել, որ մենք ոչ միայն պարզապես բաց ենք համագործակցության համար, այլև բոլոր առողջ ուժերին կոչ ենք անում օր առաջ համախմբվել ու համագործակցել նոր քաղաքական սերունդ և յուրային կառավարություն ձևավորելու քաղաքական հարթակում: Միայն այդ կերպ է հնարավոր ազատագրել Հայրենիքը և ստեղծել ազգային ու մարդկային դիմագծեր ունեցող պետություն»:

Share Button