«Թուրքիա դուրս կորի Քեսաբից». գերմանահայությունն ի պաշտպանություն քեսաբահայության

Օրեր առաջ՝ ապրիլի 5-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի թուրքական գլխավոր հյուպատոսարանի առջև բողոքի ցույց էր կազմակերպվել ի պաշտպանություն Սիրիայի Քեսաբ քաղաքի հայ բնակչության:   Ցույցը կազմակերպել էր Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն 1860» գիտամշակութային կազմակերպությունը, որին աջակցել էին Եվրոպայի հայերի համագումարի և «Հայկական վերածնունդ» շարժման Գերմանիայի մասնաճյուղերը: Ոստիկանության հետ պայմանները ճշտելուց հետո հայտարարվեց ցույցի սկիզբը: Բաժանվեցին դրոշներն ու նախապես պատրաստած պաստառները: Հնչեց ընդհանուր բողոքի տեքստը, ապա՝ Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի դիմում-նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին. նամակին արձագանքեցին նաև գերմանական թերթերն ու քաղաքական կայքերը: «Վտանգված ազգերի կազմակերպությունը» նամակին անդրադարձավ նաև իտալերեն հոդվածով: Ընթերցվեցին նաև Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող հոդվածներ գերմանական և միջազգային մամուլից, եղան կոչեր գերմաներենով, թուրքերենով, արաբերենով ու հայերենով, որոնք մասնակիցները պարբերաբար վանկարկում էին միասին: «Էրդողան՝ տեռորիստ», «Էրդողան-մարդասպան», «Թուրքիա դուրս կորի Արևմտյան Հայաստանից», «Թուրքիա դուրս կորի Քեսաբից», «Արարատ մենք քեզ հետ ենք», «Քեսաբը հայերի քաջության ու պայքարի խորհրդանիշն է» կոչերն ու մասնակիցների հայրենասիրական երգեը թնդում էին Դյուսելդորֆի կապույտ երկնքի ներքո:       Ցույցն անցավ խաղաղ, առանց որևէ միջադեպի: Թուրքական հյուպատոսարանից ոչ ոք չարձագանքեց, միայն հյուպատոսարանի մոտ կանգնած որոշ թուրքեր բղավում էին հայ ցուցարարների դեմ, որը մի փոքր տաքացրեց ցույցի մթնոլորտը: Գերմանահայերի բողոքի ցույցին աջակցելու էին եկել նաև ասորի քաղաքական գործիչներ: Գերմաներեն և թուրքերեն ելույթով հանդես եկան Թուրքիայում ձախակողմյան շարժման ղեկավար Իբրահիմ Սևենն և Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայում Ասորիների միությունների կենտրոնական խորհրդի անդամի  Յոզեֆ Աֆրեմ Բարսոնը: Ի պաշտպանություն քեսաբահայերի ցույցի կազմակերպիչների խոսքով՝ հատկապես վերջին տարիների սերտ համագործակցության արդյունքում հայերն ու ասորիները, նաև՝ դերսիմցիները աջակցում են միմյանց:     «Այսպիսի ցույցերի օգտակարությունը շատ մեծ է: Նախ իրազեկման առումով, քանի որ գերմանական կառավարությունը և հասարակությունը տեղեկանում է մեր խնդիրներին, պահանջներին: Այսպիսի ակցիաները օգնում են նաև գերմանացի այն պատգամավորներին կամ քաղաքական գործիչներին, ովքեր հայանպաստ դիրքորոշում ունեն և Թուրքիայի հետ որևիցե առնչություն են ունենում:  Բացի այդ, թուրքերը այսպիսի ակցիաների պարբերականության պայմաններում ստիպված են լինում հաշվի նստել նաև հայկական ձայների հետ: Այսպիսի ցույցերը կարևոր են նաև ներքին, ներհայկական առումով: Դրանք զորացնում, ամրապնդում են օտարության մեջ գտնվող հայերի ինքնությունը, կապված պահում հայկական գործին ու մտքին»,- համոզված են ցույցի մասնակիցները:     «Մեր բողոքի հայտարարությունները, մամուլի հաղորդագրություններն ու բաց նամակներն ուղարկում ենք Գերմանիայի, գերմանախոս երկրների ու աշխարհի բազմաթիվ երկրների գերմանական մամուլին, քաղաքական հաստատություններին, մարդու իրավունքների պաշտպանին, գիտական ու եկեղեցական և բազմաթիվ այլ պատասխանատու կառույցներին»,- մեզ հետ զրույցում նշեց Գերմանիայ Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:     Հ.Գ. Մարտի 31-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան ԿԻ-Մունին ուղղված նամակով Ազատ Օրդուխանյանը խնդրել է նրան միջամտել Քեսաբում տեղի ունեցող դեպքերին և օգնության ձեռք մեկնել քեսաբահայերին: Նամակի կրկնօրինակն ուղարկվեց նաև ՄԱԿ-ի Գերմանիայի մասնաճյուղ և Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Շտայնմայերին:       Անի Քոչար Գերմանիա

Աղբյուրը՝ pressident.am