Առաջին օգնություն ոստիկանների հետ շփման դեպքում

Դու ազատ ես կատարել այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Որևէ միջոցառման մասնակցելիս իրավաբաններից տեղեկացիր, թե դրա հետ կապված ինչ իրավական կարգավորումներ կան: 

Մի´ արձագանքիր քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որովհետև՝հասարակական կարգի պահպանության ժամանակ ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել համազգեստով, որի վրա փակցված է նրան անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշան:

 Զե´րծ մնա.

– հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման իր պարտականությունը կատարող ոստիկանին վիրավորելուց.

– հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման իր պարտականությունը կատարող ոստիկանի պահանջը չկատարելուց, եթե այն օրինական է:

Ոստիկանը պարտավոր է առաջնորդվել բացառապես օրենքով:

Քո իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում ոստիկանը պարտավոր է անմիջապես քեզ համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող քո իրավունքներն ու պարտականությունները:

Հիշի՛ր, որ ոստիկանության բաժանմունք «հրավիրել» իրավական հասկացություն չկա: Եթե ոստիկանը քեզ նման պահանջով դիմում է, ապա հարցրու՝ քեզ ուզում են բերմա՞ն ենթարկել: Եթե այո, ապա պահանջիր, որ հիմնավորեն, թե ինչ իրավախախտման մեջ են քեզ կասկածում, որովհետև ոստիկանն իրավունք ունի քո ինքնությունը հավաստող փաստաթղթերը ստուգել և բերման ենթարկել քեզ ՄԻԱՅՆ հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքեր ունենալու դեպքում (բավարար հիմք են իրավախախտում կատարելիս կամ դրանից անմիջապես հետո բռնվելը, ականատեսների մատնանշումը, քեզ մոտ իրավախախտման բացահայտ հետքերի առկայությունը):

Հիշի՛ր, որ ոստիկանն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, ՄԻԱՅՆ եթե իր պարտականությունների կատարումը հնարավոր չէ ոչ ուժային միջոցներով: Ամեն դեպքում, եթե հայտնվել ես լարված և վտանգավոր վիճակում և վստահ չես ինչպես վարվել, կշռադատիր՝ գուցե ավելի լավ է առանց դիմադրության ներկայանալ ոստիկանության բաժանմունք և հարցը կարգավորել փաստաբանի օգնությամբ: Երբեք բռնություն մի կիրառիր ոստիկանի նկատմամբ:

Եթե քեզ ձերբակալել են հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով, ապա դու համարվում ես կասկածյալ: Քեզ բերման ենթարկելուց հետո երեք ժամվա ընթացքում պետք է կազմվի քեզ ձերբակալելու մասին արձանագրություն, որի մեջ պետք է նշվի քեզ բերման ենթարկելու ճշգրիտ ժամանակը, վայրը, հիմքը, նպատակը, այն հոդվածը, որով սահմանված հանցանքը կատարելու մեջ դու կասկածվում ես:

Պահանջիր, որ քեզ տրամադրեն արձանագրության պատճենը: Կասկածյալի վիճակում քեզ չեն կարող պահել 72 ժամից ավելի:

Դու ունես լռելու իրավունք։

Չմոռանա՛ս, որ դու ունես իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունք: 

Եթե քեզ բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք և դու օգնության կարիք ես զգում, հրաժարվիր պատասխանել որևէ հարցի, քանի դեռ հնարավորություն չեն տվել փաստաբանիդ կանչել:

Անվճար փաստաբանական ծառայություն ստանալու համար հիշիր «Իրավունք և աջակություն» հիմնադրամի թեժ գծի հեռախոսահամարները` 098-20 93 47 և 093-30 95 89։ Հիշիր նաև մարդու իրավունքների պաշտպանի արագ արձականքման 116 հեռախոսահամարը։

Share Button