Մանկավարժ-ազատամարտիկ Աղավնին ապրում է` շարունակելով պայքարել

Մայրության եւ գեղեցկության տոնն առանձնահատուկ է մեր հաջորդ տեսանյութի հերոսի՝ մասնագիտությամբ բուժքույր ազատամարտիկի համար: Նա այս օրը նշում է հիշելով իր անցած կյանքը, պատերազմական տարիներն ու մարտական ընկերներին:

Ինչպես ինքն է ասում՝ կռվի դաշտ գնալու գլխավոր պատճառը հայուհի լինելն էր: Հաղթանակից տասը տարի անց տուն վերադառնալուց հետո անգամ, իր խոսքով, ապրում ու պայքարում է միայն Հայաստանի պայծառ ապագայի ու ձեռքբերածը չկորցնելու համար:

Ֆրանսերենի ուսուցչուհի Աղավնին 44 տարեկան էր, երբ մեկնեց Ղարաբաղ` համալրելու ազատամարտիկների շարքերը: Այդ ժամանակ աշխատում էր “Նաիրիտի” գրադարանում: Իրենց ձեռնարկությունը գումար էր հավաքում ՝ Բերդաձորին օգնություն ցույց տալու համար: 1992 թվականն էր: Հավաքված փողը Բերդաձոր ուղարկելու համար գնում են շտաբ Երեւանում ու տեսնում Ստեփանակերտ պարեն տեղափոխող ուղղաթիռ: Խնդրում է, որ իրեն էլ ուղարկեն Ղարաբաղ, սակայն ուղղաթիռում տեղ չլինելու պատճառով մերժում են: Խոստանում են զանգահարել: Այդպես էլ զանգ չստանալով՝ նա ինքն է նույն խնդրանքով գնում “Արցախ” կոմիտե:
Մանկավարժ Աղավնին պատմում է, որ հարազատները դեմ են եղել իր որոշմանը: Սակայն ասում է, որ բոլորը գիտեին՝ եթե ինքն ուզում էր, ուրեմն կգնար: Իր մեծ ցանկության գլխավոր պատճառը մոր ընտանիքի պատմությունն է եղել: Ազատամարտիկի մայրն ընտանիքի հետ 1915թ-ին Թուրքիայից Հայաստան գաղթի ճանապարհին կորցրել էր իր մորը: Նրան գտել էր ամուսնանալուց հետո միայն: Եւ, ինչպես ինքն է ասում, “թուրքական ամեն ինչ՝ սնունդ, հագուստ, հիվանդագին էր ընդունում”:
Ազատամարտիկի համար պատերազմի տարիների ամենալավ հիշողությունները հաղթանակի օրերն էին, բայց այդ զգացողություններն անհնար է բառերով փոխանցել:
Աղավնի Սահակյանը Հայաստան վերադարձավ հաղթանակից տասը տարի անց միայն: 1994թ.-ին իր հրամանատարի՝ Յուրա Հովհաննիսյանի՝ 26-ի Յուրայի եւ մարտական ընկերուհու՝ Կարինե Գեւորգյանի շիրիմին երդվել էր, որ դեռ տասը տարի մնալու է Ղարաբաղում: Երդումը կատարելուց հետո՝ 2004թ.-ին վերադարձավ ու մինչեւ օրս ապրում է Երեւանում՝ եղբոր ընտանիքի հետ:
Ինչպես ազատամարտիկն է սիրում ասել՝ ապրում է հայավարի ու պայքարում, որ այն, ինչ նվաճել ենք, չկորցնենք: Ֆրանսերենի երբեմնի ուսուցիչ ազատամարտիկն այսօր աշխատանք չունի. եկամտի միակ աղբյուրը զինվորական թոշակն է:
Share Button