«Վարչապետի հրաժարական պահանջելով` ժողովրդի աչքին թոզ են փչում». Տիգրան Խզմալյան

Վերջին օրերի զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:

-Պարոն Խզմալյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարանը ձեր կարծիքով ինչ-որ ճնշումների ներքո՞ տեղի ունեցավ, թե՞ իշխանությունները հասկացան, որ այսպես շարունակել անհնար է, և ընդվզումը չխորացելու համար գնացին  այդ քայլին:

– Ես չեմ կարծում, որ 20 տարի է պահանջվում, որպեսզի մի քանի գող ու ավազակներ ինչ-որ բան հասկանան: Իհարկե, այս բառաբաններն ամեն ինչ շատ լավ հասկանում են: Այնպես որ հարցի պատասխանը տվյալ դեպքում շատ պարզ է՝ դա հենց սեփական իշխանությունը և դրանով ապահովված սեփականությունը պահպանելու և երկարացնելու, ինչպես նաև սեփական պատիժը հետաձգելու նպատակով է արված: Ո՞նց կարող են իրենք չհասկանալ՝ ինչ են անում 20 տարի շարունակ, իհարկե, հասկանում են:

-Ոչ իշխանական չորս ուժերը շտապում են հաղթանակ տոնել, արդեն կան հայտարարություններ, որ իշխանությունները ապրիլի 28-ի շուրջօրյա հանրահավաքներից ու կառավարության հրաժարականի պահանջից են վախեցել, այդ պատճառով էլ վարչապետը հրաժարական տվեց: Ինչպե՞ս եք մենաբանում նմանօրինակ հայտարարությունները:

-Դա ծիծաղելի է ինձ համար, կարծում եմ նաև՝ շատերի համար: Այդ չորս ուժերն իրականում իշխանության մեջ սեփական ներկայությամբ օրինականացնում են իշխանության գոյությունը: Կեղծված ընտրություններից հետո մնալով Ազգային ժողովում՝ իրենք դրանով միայն օրինականացնում են և վավերացնում են իշխանության անօրինականությունները: Այնպես որ ասել, թե սա ինչ-որ հաղթանակ է, առնվազն միամիտ են: Մեզանում որևէ վարչապետ կամ արտգործնախարար սեփական քաղաքականություն չի վարում: Հայ-թուրքական խայտառակ արձանագրություններից հետո որոշ ուժեր գնում էին և պահանջում էին արտգործնախարարի հրաժարականը: Այդ ժամանակ ասում էին, որ նույն հաջողությամբ կարող են պահանջել արտգործնախարարության շենքի պահակի հրաժարականը, որովհետև երկուսն էլ գրեթե նույնչափ ազդեցություն ունեն որոշումների վրա: Մեր երկիրը բռնատիրություն է, ուստի բռնապետն է իրականացնում քաղաքականությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Մնացածը նրան ուղղակի սպասարկում են: Մարդը փոխում է վարչապետ կամ արտգործնախարար, նրանց մեջ չէ խնդիրը, այնպես որ նրանց հրաժարականը պահանջելը ուղղակի նշանակում է ժողովրդի աչքին թոզ փչել:

-Հետևաբար, ձեր կարծիքով, ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է անել:

-Այդ հարցը պետք է տրվի ոչ թե իշխանության մաս կազմող կուսակցություններին, այլ ժողովրդին: Ժողովուրդն ինքն իրեն պետք է հարցնի: Եթե մենք թույլ տանք, որ մեր հնազանդության պայմաններում մեր հարցերով, մեր երեխաների ապագայով կրկին զբաղվեն ու ճակատագիրը կանխորոշեն օտար ուժերը, որոնց այսօր սպասարկում են նախագահական ադմինիստրացիայում, ապա մենք կստանանք ևս մի քանի կորցրած տարի կամ տասնամյակ և կմնանք զրոյական տարիներում՝ Մարտի 1-ի գիշերը, ինչպես մնում են բոլոր անցած տարիները: Մենք զրոյական տարիներից ոչ մի քայլ, ոչ մի զարգացում չունենք: Մինչ աշխարհը առաջ է գնում, մենք հայտնվեցինք բոլորիս հայտնի ցուցակում՝ Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի և Սուդանի հետ միասին: Ահա ինչի հասցրեց մեզ այս իշխանությունն իր պարագլխի առաջնորդությամբ: Եվ ուրեմն խնդիրը կարող է լուծել ոչ թե ռեժիմը, որովհետև հիվանդն ինքն իրեն վիրահատություն չի կարող անել, այլ դրանով պետք է զբաղվեն ուրիշ մարդիկ՝ մասնագետները: Իսկ քանի որ հեղափոխությունը դա մասնագիտություն չէ, դրանով պետք է զբաղվի ամբողջ ժողովուրդը:

-Պարոն Խզմալյան, այս օրերին տարբեր կարծիքներ են հնչում, որ Ռուսաստանի ղեկավարությունն է որոշելու, թե ով է լինելու Հայաստանի նոր վարչապետը, որոշումը Կրեմլում է կայացվելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

-Ողջ տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցան նման գործողություններ: Կարելի է տեսնել, որ մի շարք երկրներ, ինչպես, օրինակ, Ղրղզստանը ընկճվեց և կարծես թե ռուսական ընտրությամբ առաջնորդվեց, մյուս երկրները, ինչպես, օրինակ, Ղազախստանը, կարծես թե արեց հակադարձ քայլ: Քանի որ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև իշխանության մի շարք այլ ներկայացուցիչներ, տարիներ շարունակ գտնվում են Սովետական Ռուսաստանի հատուկ ծառայությունների շարքերում և ուղիղ ազդեցության տակ, կարող եք չկասկածել, որ իրենք հերթական անգամ կատարելու են իրենց ծառայողական պարտականությունը, բայց ուրիշ պետության շահերին համապատասխան, ինչը հակացուցված է մեր ազգային շահերին:

-Զուգահեռ իշխանության ներկայացուցիչների շարքերից հայտարարություններ են լինում, թե պարտադիր չէ, որ նոր վարչապետը ՀՀԿ-ական լինի: Արդյո՞ք իշխանությունները պատրաստ են զիջել վարչապետի պաշտոնն այլ կուսակցության անդամի և դա որևէ էական փոփոխության կբերի՞:

-Հարցն ինձ հիշեցրեց Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնորմիրդինի հայտնի և իմ կարծիքով շատ ճշմարիտ հայտարարությունը: Նա ասել էր, որ Խորհրդային միության փլուզումից հետո ողջ այս տարածքում ինչքան և ինչ կուսակցություն էլ ստեղծվեր, միևնույն է, ստեղծվում է Կոմկուսը: Այնպես, որ մարդիկ, ովքեր հիմա իշխանության կերակրատաշտի մոտ են տարբեր նպատակներով, բոլորն ունեն նույն Կոմունիստական կուսակցության կամ  Ռուսաստանի հատուկ ծառայությունների անցյալ, որն ինչպես հայտնի է՝ չի անցնում, միշտ մնում է իրենց հետ և հետապնդում է իրենց: Այնպես որ այս շրջանակից՝ լինի դա ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, թե ինչ-որ ուրիշ մի բան, նրանք լինելու են այդ փտած Խորհրդային համակարգի, այն էլ ամենավերջին փչացած շրջանի, կոռումպացված ու կեղծիքով լցված շրջանի արդյունքն ու արտադրությունը: Ուրիշ բան այստեղ սպասել հնարավոր չէ մինչև մենք չքանդենք այս ամբողջ համակարգը: Իրականում որևէ տարբերություն այս կուսակցությունների մեջ չկա, բավական է միայն նայել նրանց աշխատանքի արդյունքներն ու գործերը, ամենապարզ վերաբերմունքը Մաքսային միությանը, Ուկրաինայի դեպքերին, և ամեն ինչ պարզ կլինի:

Մարի Ներսեսյան

© Medialab.am 

Share Button