Հայերը կենսական առաքելություն ունեն մարդկության համար

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

Քանդակագործ Վիգեն Ավետիսը չնայած որ, ապրում է Իտալիայում, սակայն տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և մտահոգված է  հայրենիքի ճակատագրով։

-Վիգեն, ինչպե՞ս կբացատրեք Իսահակյանի այն միտքը, որ հայ ծնվելը երջանկություն է, հայ լինելը դժբախտություն։

-Հայ ծնվելը պատիվ է, հայ լինելը` պատասխանատվություն։ Պատիվ է, որովհետև Աստծո առաջնեկն ենք ու սիրելի հետնորդները։ Նրա անվան պահապանն ու հոգիներ լուսավորողներն ենք և ճշմարտության համար ամենաշատը Սուրբ նահատակներ տվող ազգն ենք։ Պատասխանատու ենք, որովհետև Աստծո Որդուն մենք` հայերս առաջինը ճանաչեցինք և փրկեցինք…”Արևելքից մոգերն  եկան և փրկեցին մանուկ Հիսուսին” (այսինքն` Հայաստանից)։ Հայերը երկնքում տեսել ու ճիշտ հաշվարկել էին Քրիստոսի ծննդյան օրն ու ժամը։ Քանի դեռ հրեաների թագավորը մորթում էր սեփական ժողովրդի երեխաներին, հայերը արդեն ապահով պահել էին մարդկության փրկչին…301-ին առաջինն  ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն ու մեզ հայտարարեցինք քրիստոնյաներ. ահա, թե ինչպիսի պատասխանատվություն է կրում հայ ազգը արդեն 1700 տարի։ Մեր Հայկ նահապետն էր, որ չգնաց Աստծո կամքին հակառակ ու հրաժարվեց կառուցել չարի (Բելի) տաճարը։

-Մենք մշակութային ազգ ենք և շատ ենք խոսում Աստծո` մեր նկատմամբ ունեցած սիրուց։ Ի՞նչ եք կարծում մեր մեջ այդ հոգևորը կա այսօր։

-Կարծում եմ, որ այդ հարցին արդեն պատասխանեցի. մենք Հայկ նահապետի հետնորդներն ենք և Աստծո Որդու անունը պահող ու փառաբանող ազգն ենք։

-Վիգեն, անցյալ տարի այս օրերին Ձեր խոսքը ավելի հուսադրող էր, մտածում էիք, որ Սփյուռքում կայացած բոլոր հայերը պետք է հայրենիքում ներկայանալի լինեն, վերադառնան ու մասնակցեն հայրենիքի կայացմանը. բայց, Ձեր վերջին  հարցազրույցները ավելի հուսահատ են դարձել։ Ինչու՞, վիճակն այդքան անհուսալի՞ է։

-Զարմանալի է, կամ ես չեմ կարողացել հստակ արտահայտվել կամ ընթերցողն է տրամադրված հիասթափության. վերլուծել իրականությունն ու ահազանգելը դեռ հուսահատություն չէ, այլ սրտացավություն և ելքեր փնտրելու կանչ։ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԷԿ, ՀՀՇ, ՀՀԴ, ՀԱԿ…և նմանատիպ “բաժնետերերի” համար է ընկալվում որպես հիասթափություն, և որակավորում են “գաղջ” մթնոլորտ կամ պաշտոն ու փող մուրալու միջոց։ Մեծ երևակայություն և հանճարեղ իմաստություն պետք չէ հասկանալու համար երկրորդ դասարանցու “չարաճճիությունները”։

-Վերջին շրջանում շատ ջրեր հոսեցին`  Մաքսային միության մեջ մտնելը, կուտակային կենսաթոշակային օրենքը, տարբեր թանկացումները և այլն…Այդ ամենը մեզ ուր կհասցնի՞։

-Սա պայքար է` չարի և բարու. չարը օղակը սեղմում է գայթակղություններով և երկրային անբարո իշխանությամբ, բարին համբերությամբ և բարոյական ազատությամբ գոլորշիացնում է չարին, ասելով` Առավոտն լուսո, Արեգակն արդար, առ իս լույս ծագիա։

Չարը վերջանում է, իսկ Բարին սկսվում։ Մեզ ոչ մի տեղ չեն կարող տանել։ Մենք Արարատն ենք երկրի վրա և Արեգակը երկնքում։

-Վիգեն, ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանն առողջացնելու ելքը և որո՞նք են առաջնահերթ քայլերը։

-Հայաստանը հիվանդ չէ. կանգուն է Արարատը։ Վանում ու Անիում անխաչ են մեր եկեղեցինները… արտագաղթ, թուրք, ռուս, ջհուդ, պարսիկ ու ֆրանսիացի…     Հայերը մարդկության խիղճն են. եթե մեծ պետությունները անտեսում կամ առևտրի առարկա են դարձնում հայկական հարցը, որպեսզի լուծեն իրենց արտաքին խնդիրները` նշանակում է, որ հիվանդը հենց գլոբալիզացված աշխարհն է։ Տեսեք, երբ պետությունները ճնշվում են, օրինակ` Եգիպտոսը, Սիրիան, կամ ստիպված են հակազդել թուրքիայի եվրոպա մուտք գործելուն (Ֆրանսիա), ապա միանգամից դիմում են ու մատնացույց անում մեզ` հայերիս։ Սովորաբար մարդը դիմում է Աստծուն ու իր խղճին, երբ հիվանդանում է, կամ մահամերձ է։ Հետևաբար, եթե աշխարհն ուզում է առողջանալ, ապա հայերին կպահի աչքի լույսի պես։ Սակայն դեղագործական մաֆիաները արհեստական վիրուսներ տարածելուն ավելի են հակված, քան առողջ հասարակության…Ցավոք սա է իրականությունը։

-Սոս Սարգսյանը նման միտք ունի. “Փոքրաթիվ ժողովուրդն էլ կարող է մեծ գործեր անել, եթե ունի որակյալ մտավորականություն”։  Ո՞ր հատկանիշն է պակասում մեր մտավորականությանը, որպեսզի մեր ժողովուրդը մեծ գործեր անի։

-Ինչպես արդեն ասացի, հայ ժողովուրդն ունի կենսական  առաքելություն մարդկության համար։ Ցավոք 19-20-րդ դարերում հայ ազնվականությունը, հայ միտքն ու ոգին մեծ կորուստ ունեցավ. յոթանասուն տարի աթեիստները ղեկավարեցին մեր հոգիները. (պարադոքս, Սփյուռքի նախարարը մինչև հիմա` կոմերիտական մաթեմատիկոս է)։ Հայ գենը պետք է վերականգնվի, որի համար ժամանակ և պայմաններ է պետք։ Խորհրդային Հայաստանը կառուցեց ու շենացրեց Արևմտյան Հայաստանից, Թիֆլիսից կամ Ցարական Ռուսաստանից մազապուրծ եղած, Ստալին-Բերիայից փրկված մեր հայկական Գենը։

Տեսնելով մեր այսօրվա իշխանությանը, կառավարությանը, նախարարներին հասկանում եմ, որ նոր ենք քաղում աթեիստական բոլշևիզմի պտուղները, և փառք եմ տալիս Տիրոջը, որ հայերի մեծամասնությունը փրկվեց օտար ափերում և մաքուր պահեց աստվածահաճո Հայ Գենը։                              Անկախ Հայաստանում ակնհայտորեն պայքարում են գրագիտության, կրթության դեմ, աղանդները հեռացնում ժողովրդին Առաքելական եկեղեցուց, թշնամիները ֆինանսավորում են պետական օրինագծերը, սեփականացնում են ազգային հարստությունները, արտահանվում են երիտասարդ ընտանիքները…Վիճակը  սարսափելի է, էլ մտավորականն ինչպե՞ս մտածի…

-Այսօրվա Ազգային ժողովում արդեն գրեթե մտավորական չկա, իսկ մշակվող օրենքները վաղը մտավորականությանը կանգնեցնելու են հերթական ընտրության առջև` ստեղծագործել՞, թե՞ պայքարել կամ սատարել։

-Դուք ասում եք Ազգային ժողո՞վ…Այդ ժողովի ընտրությունների ժամանակ ես Հայաստանում էի. տունառտուն, գյուղառգյուղ կաշառելով նշանակվեցին պատգամավորներ…

Եվրոպան այսօր հիասթափված է ՀՀ-ի Մ.Մ մտնելով, իսկ կեղծ ընտրությունները ե՞ս վավերացրեցի. ի՞նչ մտավորականների մասին է խոսքը, մնում է Ազգային ժողովի մուտքի մոտ գրել` ազնիվ հայերի մուտքն արգելվում է։                          ԲՀԿ-ն կարմիր գորգ է փռել, իսկ ՀՀԿ-ն ծաղրում է կամ հայհոյում լրագրողներին։

Ազգային ժողովը ապահովում է ՀՀԿ-ն սնող, ԲՀԿ-ն բարգավաճեցնող, Լ.Տ.Պ-ին վերակենդանացնող, Րաֆֆու ժառանգներ, Հայ հեղափոխական դեսպաններ, ՀՀԿ-ն օրինացնողներ և ազատ գեներալներ։

-Եղեռնի 100-ամյակին նվիրված քանդակ եք արել, որը պետք է տեղադրվի Երևանում։ Ո՞ր փուլում է գտնվում գործընթացը։

-2013-ին ունեցա առաջարկ ու գործի անցա. քանդակը ներկայացնում է Հայ մորը, որն իր չորս զավակներին փրկում է թուրքական յաթաղանից և Վանից հասցնում է Երևան. դա իրական պատմություն է, որի թոռներից մեկն էլ հենց իմ պատվիրատուն էր։ Ցավոք որոշ անհամաձայնությունների պատճառով գործը կանգ առավ։ Բայց քանի որ այդ գործի ծնունդը Աստծո կամոք էր ու ճիշտ ժամանակին, հայտնվեց երկրորդ պատվիրատուն ու քանդակը վերջապես ձուլվեց բրոնզից։ Ե՞րբ և որտե՞ղ այն կտեղադրվի, միայն Աստված գիտի։          (պարզվեց, որ եղեռնի 100-րդ տարելիցին է համապատասխանում…տարօրինակ զուգադիպություն)։

Սաթենիկ Ազատյան

Աղբյուրը՝ df.am

Share Button