ՀՀ վարչապետի փոփոխության հարցի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը և այդ պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ ասեկոսեները վերջին օրերի ընթացքում արհեստականորեն վերածվել են հանրապետության թիվ մեկ քաղաքական նորության:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է նորգաղութային, իսկ որոշ առումներով` անգամ դասական գաղութային բնույթի արտաքին կառավարման ներքո: Այն չունի ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգ, ի վիճակի չէ հաստատելու ու վարելու արտաքին հարաբերություններ: Նշված պատճառներով այդ համակարգն ըստ էության արդեն վերածվում է գաղութային վարչախմբի:

Ընդ որում` գործող վարչախումբը ձևավորվում և իր իրավասության սահմաններում գործում է բրգային կառավարման սկզբունքով, ինչի հետևանքով իշխանության իրականացման բոլոր լծակները կենտրոնացած են վարչախմբի պարագլխի` հանրապետության Նախագահի պաշտոնն զբաղեցնող անձի ձեռքում:

Մնացած պետական մարմինները և պաշտոնատար անձինք, այդ թվում` վարչապետը, իրականում զրկված են Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված լիազորություններից և հնազանդ կերպով կատարում են վարչախմբի պարագլխի հրահանգները: Վարչապետի պարագայում հարկ է նաև նկատի ունենալ, որ նույնիսկ գործող Սահմանադրությամբ նրա լիազորությունները սահմանափակ են և ըստ էության չեն ապահովում ինքնուրույն գործունեության հնարավորություն:

Այսպիսի պայմաններում վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հրաժարականի և նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակելու հանգամանքները համազգային մակարդակի հարց դարձնելուն ուղղված քարոզչական ու այլ բնույթի քայլերը անհեթեթ են և հետապնդում են մեր ժողովրդին ճակատագրական կարևորության հարցերից շեղելու նպատակ:

Նախախորհրդարանը հորդորում է անտեսել մեկ բաժակ ջրում փոթորիկ հիշեցնող այս աճպարարությունը և աչքի առաջ ունենալով մեր պետականությանն ու ազգի ֆիզիկական գոյությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները` ինքնակազմակերպվել և երկրում ձևավորել պետական կառավարման յուրային համակարգ:

Այդ նպատակով Նախախորհրդարանը կոչ է անում ձևավորել իշխանության իրականացման զուգահեռաբար գործող ներկայացուցչական մարմին` Հիմնադիր խորհրդարան, սկսել դրա լեգիտիմացումը, նրա առաջնորդությամբ հեռացնել ապազգային ու հանցավոր վարչախմբին և ապահովել հայ ժողովրդի կամքի վերահաստատումը մեր երկրում:

 

07.04.2014 թ.

Share Button