Պարտվողներին ու ստրկամիտներին` Արցախը մնալու է Հայաստան. «Այլընտրանք»

8468631462_2f47615ed9Անցնող մեկ-երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայի շուրջ ծավալված զարգացումները արդեն միանգամայն ուղղակիորեն են սկսել առնչվել մեզ՝ հայերիս, Հայաստանի և Արցախի հետ։ Այսօրվա մեր զրույցը ևս կնվիրենք այդ թեմային։

Մեր պետականության շարունակական թուլացումը ներկա միջազգային վայրիվերումների արանքում մեզ հանգեցրել է նրան, որ ականատես ենք լինում մեր ինքնիշխանությունից մնացած վերջին շերտերի մաշեցմանը և կանգնում ենք մեր նորագույն պատմության ամենակարևոր ձեռքբերումներից մեկին՝ Արցախին սպառնացող վտանգի առջև։ Ի հեճուկս վերջին ժամանակներում ջրի երես ելնող պարտվողականների, ստրկամիտների և օտարին ծառայողների, վստահ ասում եմ, որ Արցախը հայկական տարածք է, և այն մնալու է որպես հայկական տարածք: Հայաստանը Արցախի հետ միասին լինելու է ինքնիշխան, գերիշխան տերություն, և այսօր բոլոր հայրենասեր մարդկանց և ուժերի պարտականությունն է մեկընդմիշտ կանխել հակառակ մտայնությունը և դրա գոյության հնարավորությունը: Պետք է հայ ժողովրդի անունից և նրա հետ միասին  հստակեցնել, որ նման ամենադույզն մոտեցումն անգամ մերժելի է, և որ հայ ժողովուրդը թույլ չի տալու նման մոտեցում։

Իհարկե, Արցախի միացումը Ռուսաստանին կարող է հենց իր՝ Ռուսաստանի համար շահավետ լինել մի քանի առումներով: Նախ այն, որ Ռուսաստանին ձեռնտու կլիներ իր մշտական ներկայությունը ապահովել այդ տարածքներում: Բացի այդ, դա Ռուսաստանին հնարավորություն կտար ի նպաստ իրեն ինչ- որ ձևով լուծել Հայաստանի Մաքսային միություն մտնելու խնդիրը, քանի որ Արցախը Ռուսաստանի կազմում լինելու դեպքում Հայաստանը ձերբազատված կլինի Մաքսային միություն մտնելու “Արցախով թե՞ առանց Արցախ” դժվար երկընտրանիքից: Եվ, հետևաբար, տեսականորեն Ռուսաստանին  ձեռնտու տարբերակ պիտի լիներ Արցախի ներառումը իր կազմում: Ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ներկայումս գոյություն ունի Արցախը Ադրբեջանին վերադարձնելու խնդիր, որի դիմաց չարյաց փոքրագույնը պետք է լինի Արցախի միացումը Ռուսաստանին: Նման խնդիր գոյություն չունի:

Ռուսաստանի համար, իհարկե,  խնդրահարույց կլիներ, եթե Հայաստանը Արցախի հետ միասին մտներ Մաքսային միություն: Այդ դեպքում խիստ կսրվեին նրա հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Որոշ չափով կսրվեին նաև Ղազախստանի հետ ունեցած հարաբերությունները, ինչպես նաև՝ ներկայիս հանգամանքերի առկայության պայմաններում, երբ Ռուսաստան -Արևմուտք հարաբերությունները չափազանց սրված են, դա կշահարկվեր Արևմուտքի համանախագահների և արևմտյան գործիչների կողմից: Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի միացումը Հայաստանին, ինչպես նաև ձեռնտու չէ նրա միացումը Ադրբեջանին: Բացի շատ հատուկ պարագաներից, Ռուսաստանի համար միշտ պետք է նախընտրելի լիներ, որ Արցախը մնար կռվախնձոր, և, այլընտրանք չլինելու պարագայում, բնականաբար, այն կցվեր հենց իրեն այնպես, ինչպես որ այսօր խոսակցությունները ընթանում են: Սակայն, այնուհանդերձ,  ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները այնքան էլ լուրջ չեն: Այսինքն՝ Արցախին սպառնացող վտանգը ավելի շատ հայանուն մարդկանց հոգեբանության հետ է կապված, քան իրականում այն գոյություն ունի: Եվ, բնականաբար, այդ հոգեբանական վիճակը՝ պարտվողական, գաղութացված հոգեբանությունը ի վերջո արմատավորվելու և տարածվելու դեպքում կարող է մեզ վերջնական պարտության հանգեցնել: Այսօր, փա՛ռք Աստծո, որ մենք ազգովի հեռու ենք այդ հոգեբանական վիճակից, և ես գտնում եմ, որ եթե որոշ մարդկանց մեջ նույնիսկ գոյություն ունի այն, ապա մեր գլխավոր պարտականությունն է արմատախիլ անել այդ հոգեբանությունը և նման մտածողություն կրող մարդկանց բացատրել, որ նման բանը անհնարին է: Հարկավոր է վերստին մեր ժողովրդի մեջ ուժեղացնել արժանապատվության զգացումը և մեր պատմության ու նրա ապագայի նկատմամբ պատասխանատվության գիտակցումը: Աշխարհը մտնում է բավական անկայուն ժամանակներ, և մենք գտնվում ենք անկայուն տարածաշրջանում: Հարկավոր է սա անպայման նկատի ունենալ, քանի որ այսօր առավել քան երբևէ կարևոր է Հայաստանի և հայության  համար ներկայիս բևեռացվող աշխարհում հնարավորինս քիչ վնասներով, ինչու չէ նաև՝ օգուտներով դուրս գալու ուղիներ գտնել: Անպայման պետք է սերտացնել հարաբերությունները հարավային մեր հարևանի հետ, ինչպես նաև՝ ասիական մայր ցամաքի այլ մեծ տերությունների հետ։ Հայաստանում գոյություն ունեցող իսկապես հայրենասիրական և ազգային ուժերը պետք է հասկացնեն Ռուսաստանին, որ Հայաստանը երբեք չի դառնա նրա հակառակորդների կամ թշմանիների բազա, սակայն, Հայաստանը  նաև չի դառնա Ռուսաստանի գաղութը։ Ռուսաստանի համար լավագույն ընտրանքը պետք է լինի ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի հետ գործընկերությունը, այլապես իր անհաշվենկատ քաղաքականությամբ Ռուսաստանը արջի ծառայություն մատուցած կլինի Արևմուտքին: Դա նպաստավոր կարող է լինել Արևմուտքի համար: Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և մնացած տերությունների համար լավագույնն այն է, որ Հայաստանը ունենա հավասարակշռված, մոտավորապես նույն հեռավորությամբ հարաբերություններ գլխավոր, համաշխարհային և տարածաշրջանային   դերակատարների հետ՝ սկսած Ռուսաստանից, Իրանից, արևմտյան երկրներից և ասիական այլ տերություններից։ Սա է լավագույն ընտրությունը Հայաստանի, և, խելոք լինելու պարագայում, Ռուսաստանի ու այլ երկրների համար։ Ոչ ոք թող հանկարծ չփորձի Հայաստանին քաշել, կամ հրել դեպի ծայրամաս։

Ծայրաստիճան խեղճացած սոցիալական պայմաններից դրդված հնարավոր է, որ այնպիսի մարդիկ գտնվեն Հայաստանում, որոնք հանուն թոշակի, կենսաթոշակի կամ նման այլ փշրանքների գնան ազգային արժանապատվությունը զիջելու քայլին։ Կլինեն նման մարդիկ: Սակայն, ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ կա բավարար չափով արժանապատվություն, և, որ այդպիսի մարդիկ մեծամասնություն չեն կազմի: Այդ դեպքում հարկավոր է, որ մենք բոլորս միասին հիասթափեցնենք նման  ակնկալիքներ ունեցողներին, որովհետև այսօրվա Ռուսաստանի կողմից մշակվելիք ծրագիրը  խորհրդային ծրագիրը չէ: Ռուսաստանում գոյություն չունի այն սոցիալական ապահովվածությունը, որը բնորոշ  էր Խորհրդային միությանը: Այսօր Ռուսաստանը շատ հստակորեն հանդես է գալիս իր կայսերական ծրագրերով, և անկախ վերջին զարգացումներից, համաշխարհային բևեռացմամբ առաջացած տնտեսական խնդիրներից, և, նաև Ռուսաստանի ղեկավարների վկայությամբ, Ռուսաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Եվ շատ մեծ ցանկության դեպքում նույնիսկ Ռուսաստանը չի կարողանալու իր բոլոր քաղաքացիներին ապահովել սոցիալական նպաստներով, էլ ուր մնաց, թե կարողանա հարյուր հազարավոր այլ քաղաքացիների ապահովել: Հետևաբար, դա խաբկանք է, և ռեալ չէ ներկայիս պայմաններում: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն իր մեջ կրում է  բավարար չափով ողջամտություն և հայրենասիրություն, որպեսզի նման մոտեցումները տիրապետող չդառնան:

Կարծում եմ, Ուկրաինայով պայմանավորված այս զարգացումները գալիս են ապացուցելու, որ աշխարհը շատ ավելի անկայուն է դարձել, և սա այդ  անկայունությունն ապացուցող առաջին լուրջ դեպքերից  մեկն է: Առաջիկա տարիներին աշխարհում շարունակելու են իրար հաջորդել անկայունության այլ երևույթներ: Ռուսաստանի ներկայիս պահվածքի բավականաչափ  կոպտության և կոշտության պատճառով, շատ երկրներ բացահայտորեն դեմ չեն արտահայտվում Արևմուտքին և չեն պաշտպանում Ռուսաստանին: Սակայն, ես կարծում եմ, որ համաշխարհային այս վտանգավոր իրադրությունը, այս անկայունությունը պայմանավորված չէ միայն Արևմուտք-Ռուսաստան ներկայիս առճակատմամբ, այլ պայմանավորված է համաշխարհային  անկայունությամբ ընդհանրապես: Առաջիկա տարիներին,  կարծում եմ, այլ երկրներ՝ Չինաստանը, ինչու ոչ նաև Իրանը՝ իր խնդիրների որոշակի կարգավորումից հետո, ինչպես նաև այլ պետություններ հակասությունների մեջ ևս կմտնեն տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետ: Եվ մենք արդեն կգտնվենք միանգամայն անկայուն և ավելի վտանգավոր աշխարհում: Այս առումով նշեմ, որ Հայաստանում նկատելի են խիստ վտանգավոր մոտեցումներ: Մեկը՝ դեպի Ռուսաստան ուղղված ստրկամիտ մոտեցումն է, որին արդեն անդրադարձանք: Մյուսը՝ արևմտապաշտ մոտեցումն է, որը նույնքան վնասակար է: Հնարավոր է այսօր ուղղակիորեն դրա վնասները  տեսանելի չեն, քանի որ շատ ավելի տեսանելի է ռուսական կոպիտ և կոշտ դիրքորոշումը: Սակայն, ամենևին պակաս վտանգավոր  չէ  նաև արևմտյան գաղութարարության սպառնալիքը: Հավասարապես վտանգավոր է նաև միանշանակորեն բոլոր մեղքերը Ռուսաստանի վրա բարդելը և նաև ամբողջությամբ պաշտպանելը Արևմուտքի կեցվածքը: Սա մեզ համար, ինչպես նաև արդարության առումով  ճիշտ չէ, որովհետև  օբյեկտիվ գնահատմամբ պետք է ասենք, որ յուրաքանչյուրն ունի  մեղքի իր հստակ բաժինը, և բացարձակապես չի կարելի ասել, որ Ուկրաինայում ծավալված իրադարձություններում Արևմուտքը  մեղքի իր բաժինը չունի: Որքան էլ որ ընդունելի չեն Ռուսաստանի գործողությունները, սակայն դրանով նա հակազդեց իրեն պարտադրվող իրականությանը: Իսկ այդ իրականությունը մեծ չափով  պարտադրվում էր նաև Արևմուտքի կողմից: Համենայն դեպս, մեղքը միայն միանշանակորեն մեկ կողմի վրա բարդելը և մյուս կողմին քաղաքակիրթ ու քաղաքակրթության խորհրդանիշ համարելը արդար չէ: Հատկապես նկատի ունենալով, որ սա նոր ու ավելի դեպի անկայունություն խորացող աշխարհի առաջին քայլերից մեկն է , իսկ այդ  անկայունությունը  ապագայում ավելանալու է: Եվ նաև՝ զուտ մեր ազգային՝ հայկական շահերից ելնելով,  մեզ բացարձակապես ձեռնտու չէ իրար հոշոտող, ծավալապաշտ և գաղութարար ուժերից որևէ մեկին պաշտպանելը, կողմնապահ լինելը կամ դաշնակից դառնալը: Նման ժամանակներում մեզ համար լավագույնը կլինի  առավելագույնս հեռու մնալ և նույնքան մոտ լինել այդ բոլոր ուժերին: Լավագույն մոտեցումը Հայաստանի արտաքին հարաբերություններում բազմակողմանի հարաբերությունների մշակումն է առաջին հերթին Իրանի, ասիական մայր ցամաքի մյուս մեծ տերությունների և, բացարձակապես առանց թշնամանալու, Ռուսաստանի հետ: Մենք պետք է  որպես երկիր Ռուսաստանի նկատմամբ լոյալ լինելով բարեկամական հարաբերությունների մեջ լինենք նրա հետ, սակայն լինելով այնպիսի երկիր, որի արժանապատվությունը հարգվում է նույն Ռուսաստանի կողմից: Միևնույն ժամանակ նորմալ և բարեկամական հարաբերություններ պետք է պահպանենք նաև Արևմուտքի հետ: Սա  է Հայաստանի շահը, եթե հատկապես հաշվի առնենք, որ ներկայիս զարգացումների հետևանքով Թուրքիայի դերը վերստին կարևորվելու է  Արևմուտքի կողմից, և տարօրինակ պիտի թվար, եթե Հայաստանը Ռուսաստանին ընդդեմ արևմտամետ  դիրքորոշում ցուցաբերեր ու հայտնվեր նույն  դաշինքի մեջ, որտեղ գտնվում է Թուրքիան: