Ժիրայր Սեֆիլյանի ելույթը Դեմ եմ-ի հանրահավաքին

23 տարի առաջ` 1991 թվի վերջին, պատիվ եմ ունեցել գլխավորել 56-հոգանոց ջոկատ, ու առաջինը լինելով հայաստանյան ջոկատներից, բացահայտ մուտք ենք գործել Ստեփանակերտ, երբ տակավին այնտեղ էին ռուսական զորքերը և տեղակայվել ենք նրանցից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Ես շեշտում եմ «բացահայտ» մուտք գործելը, որովհետև մինչև մեր բացահայտ մուտքն այնտեղ գործել են ջոկատներ, սակայն ընդհատակում: Այդ օրերին քչերն էին հավատում, որ մեզ՝ հայերիս, հաջողվելու է ազատագրել Արցախը։ Սակայն մենք դրանում համոզված էինք, և մեր ժողովուրդը տեսնելով այդ ամենը, օրեցօր խանդավառվում և ոգևորվում էր։ Ահա այդպես՝ փոքրաթիվ ջոկատներով, մենք կարողացանք հույս ու հավատ ներշնչել մեր ժողովրդին, ինչի արդյունքում մեզ հաջողվեց ազատագրել Արցախը։

Մեր սերունդն իրեն հաջորդող սերնդին ժառանգեց մի մեծ նվաճում, որ հարյուրամյակներ մեզ՝ հայերիս, չէր հաջողվել։ Գերեվարված հայկական հողը վերադարձավ մայր Հայաստանի գիրկը։ Դժբախտաբար, չհաջողվեց ստեղծել այնպիսի մի պետություն, այնպիսի մի կառավարման համակարգ, որը ծառայեր մեր ժողովրդին, այլ ոչ թե կեղեքեր առանց այդ էլ հարյուրամյակներ տանջված ու հարստահարված մեր ժողովրդին։ Այո′, մենք մեզ մեղավոր ենք զգում, որ մեզ չի հաջողվել հեռու պահել մեր երկրի կառավարման ղեկից մեր միջի տականքին։ Ուստի, մենք համոզված ենք, որ կռիվն ավարտված չէ, ու եթե 20-25 տարի առաջ մեր սերունդը խնդիր էր դրել ազատագրել Ստեփանակերտն ու Արցախը, ապա այսօր, նոր սերնդի հետ միասին, մենք խնդիր ենք դրել ազատագրել Երևանն ու Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ։

Մենք ուրախ ենք այս շարժման մեջ ներգրավված երիտասարդներ համար, ի մասնավորի բարձր տեխնոլոգիական խավի ներկայացուցիչների։ Այն 21-րդ դարի ամենախոստումնալից խավն է. հենց նրանք պետք է դառնան առաջնորդողը՝ ապահովելով մեր երկրի թռիչքային զարգացումը, որովհետև նրանք իրենց մեջ կրում են մեր ժամանակը՝ նոր ժամանակը։ Միաժամանակ կարող ենք հաստատել, որ այս շարժումը լոկ նյութական կորուստների կանխման խնդիր չէ, որ դրել է, այլ առաջին հերթին արժանապատվության խնդիր, որը ձեզ բոլորիդ հանել է փողոց։ Վստահ եղեք, որ դուք ունակ եք ձեր կամքը պարտադրելու հակառակորդին: Եղե′ք համառ ու վճռական։

Շատերը կարող են չհամաձայնվել հակառակորդ անվան հետ։ Սակայն ես շեշտում և կարևորում եմ այս ռեժիմի պարագլուխների ճշգրիտ գնահատման հանգամանքը։ Այո, նրանք պետական այրեր չեն, ու նրանց հետ պիտի վերաբերվել ընդամենը որպես օկուպանտի հոգեբանությամբ ադմինիստրացիայի։

Այս օրերին շատ հուսահատական խոսքեր են հնչում, թե մեր երկրում այլևս ազնիվ պայքարողներ չեն մնացել։ Խնդրեմ, դրան պատասխանում է այս շարժումը։ Եթե դա այդպես չէ։ Խնդրեմ, բոլորովին վերջերս ականատես եղանք Օհանավանի, Կարբիի և մնացյալ գյուղերի մեր ժողովրդի պայքարին։ Կրկին ապացույցն այն բանի, որ մեր՝ հայերիս մեջ, պայքարի կամքը չի անհետացել։ Ես բոլորիս խնդրում եմ, որ ողջունենք մեր պայքարող գյուղաբնակ հայությանը: Առիթից օգտվելով՝ այս շարժման համակարգողներին առաջարկում եմ պայքարող ժողովրդին հնարավորինս նեցուկ կանգնել:

Չէի կարող չանդրադառնալ այս օրերին տարածաշրջանային ռազմաքաղաքական վտանգավոր զարգացումներին։ Ժողովո′ւրդ, իսկապես պահը լուրջ է. հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք բարձրաձայնում են մեր ինքնիշխանությունից հրաժարվելու և շուտափույթ Ռուսաստանի Դաշնությանը հանձնվելու մասին։ Մեզ հիշեցնում են անցյալ դարասկզբի անցուդարձերը՝ հաստատումներ անելով, թե պատմությունը սիրում է կրկնվել։ Նման պնդումները սին են։ Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է: Ավելին, ես համոզված եմ, որ այն չի′ կրկնվի, քանի որ մեր պատմության կերտողը մենք ենք և մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու։

Մե′նք ենք տերը մեր երկրի։