Մենք ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում

Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան և Ուշի համայնքների բնակիչներն այսօր հավաքվել էին Օհանավան գյուղի կենտրոնում՝ սպասելով ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում գյուղացիներն ակնկալում էին բարձրաձայնել իրենց մտահոգությունը՝ նշված համայնքների տարածքում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ:

Պաշտոնատար անձի այցին գյուղացիները սպասեցին մի քանի ժամ շարունակ, սակայն Օհանավանի և Կարբիի գյուղապետերը բնակիչների հետ զրույցում նշեցին, որ «նոր մանրամասներ և փաստեր են ի հայտ եկել», որոնք ուսումնասիրելու նպատակով նախատեսվում է յուրաքանչյուր գյուղից ընտրել 15-20-հոգանոց ներկայացուցչական խմբեր, որոնց հետ կքննարկվի ՀԷԿ-ի կառուցման և գյուղացիների ոռոգման ջրի հարցը:

Այդուամենայնիվ, գյուղացիներից շատերը պահանջում էին, որ պաշտոնյան հանդիպի իրենց հետ բոլորի ներկայությամբ և մտավախություն հայտնում, որ մի քանի հոգու առանձացնելով՝ կփորձեն վախեցնել գյուղացիներին և հարցի լուծումը տանել փակուղի:

Գյուղապետերը խոստացան, որ ակնկալվող հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Արտաշավան և հարակից այլ համայնքների գյուղացիները դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ իրենց համայքում իրականացվող ապօրինի ՀԷԿ-ի շինարարության: Ի նշան իրենց բողոքի՝ գյուղացիները մի քանի ժամ շարունակ փակեցին Աշտարակ-Ապարան մայրուղին: Մանրամասները՝  տեսանյութում. Ձեռքներդ հեռու մեր գյուղերից: Բախում Երևան-Ապարան մայրուղու վրա

 

Share Button