ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Նոր որակի հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշների վերաբերյալ
ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով երկու տասնամյակ առաջ Հայաստանի խորհրդային հանրապետությունը դարձավ դե-յուրե ինքնիշխան պետություն և վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Սակայն այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չկայացավ որպես դե-ֆակտո ինքնիշխան պետություն, այլև հայտնվեց հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի ու նորգաղութային կախյալության մեջ և այժմ արդեն մաս առ մաս կորցնում է նաև դե-յուրե ինքնիշխանությունը, ինչի հետևանքով կարող է վերածվել դասական գաղութի:
Պատճառն այն էր, որ ազգային ընտրախավի փոխարեն պետության կառավարումը հայտնվեց ստրկամիտ և նյութապաշտ մարդկանց ձեռքին: Այդ կառավարիչները չունեին բավարար քաղաքական կամք և պետականաշինության ծրագիր: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը ձևավորվեց որպես ազգային շահերի հաշվին աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, ինչպես նաև նրանց տեղական խամաճիկների շահերն սպասարկող գործիք: Այս ամենի հետևանքով պետական կառավարման բոլոր` օրենսդիր, գործադիր և դատական, մարմինները վերածվել են պարազիտ կառույցների և այլևս չեն կարող առանց արմատական միջամտության բարեփոխվել ու ծառայել ժողովրդին:
Այս ամենի հաշվառմամբ, Նախախորհրդարանը մշակել է Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) նորգաղութային կախյալությունից ազատագրելու և Նոր որակի հայկական պետություն կառուցելու համահայկական շարժման ծրագիր: Այդ ծրագիրը, մասնավորապես, մերժում է գործող պետական կառավարման համակարգի ներսում և դրա կանոններով ընտրություններին մասնակցելու միջոցով քաղաքական պայքարը, քանի որ ընտրությունները վերածվել են ապազգային ու հանցավոր վարչախմբի վերարտադրության մեխանիզմի: Դրա փոխարեն նախատեսվում է այլընտրանքային ընտրությունների միջոցով ստեղծել Նոր որակի հայկական պետության կառավարման հիմնական մարմինը` Հիմնադիր խորհրդարանը, որը քաղաքացիների հետ անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով ձեռք կբերի լեգիտիմություն և կդառնա ժողովրդի կամքն արտահայտող մարմին: Զուգահեռաբար` Հիմնադիր խորհրդարանում և դրա շուրջ կձևավորվի ապագա Հայաստանի` ազգային շահերով առաջնորդվող նոր քաղաքական ընտրախավի կորիզը: Իսկ երբ ժողովրդի կամքի պարտադրմամբ կհեռացվի պարազիտի վերածված գործող պետական կառավարման համակարգը, Հիմնական խորհրդարանը, ինչպես նաև այդ ընթացքում նրա ձևավորած Անցումային կառավարությունը, պատվաստի նման կներդրվեն պետական կառավարման համակարգի մեջ և կփոխեն դրա բովանդակությունն ու բնույթը:
Նոր որակի հայկական պետության ձևավորման ու զարգացման կարևոր երաշխիք է Հիմնադիր խորհրդարանի համալրումը ազգային շահերով առաջնորդվող գործիչներով:
Նախախորհրդարանն այդ երաշխիքն ապահովելու նպատակով նախապես մշակել, հաստատել և ստորև ներկայացնում է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները:
Ընդունվել է Նախախորհրդարանի
2013 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
65 անդամ ունեցող Հիմնադիր խորհրդարանի
պատգամավորության թեկնածուների ընտրազատման
- Գործունակություն:
- Հայերենի իմացություն:
- «Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) նորգաղութային իրավիճակի հաղթահարման և նոր որակի հայկական պետության ձևավորման համահայկական շարժման» ծրագրի և Նախախորհրդարանի մշակած ու ընդունած` «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգ»-ի նախագծի ընդհանուր դրույթների հետ համաձայնություն:
- 27 տարին լրացած լինելու հանգամանք (21-27 տարեկան անձանց համար սահմանվում է մասնաբաժին` մինչև 5 տեղ):
- Բարձրագույն կրթություն (բարձրագույն կրթություն չունեցող անձանց համար սահմանվում է մասնաբաժին` մինչև 5 տեղ):
- ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա պետության քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ լինելու հանգամանք (ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի համար սահմանվում է մասնաբաժին` մինչև 11 տեղ):
- Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի պահից ՀՀ (ներառյալ Արցախը) տարածքում մշտական բնակության և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար սահմանված կարգով դիմում ներկայացրած լինելու հանգամանքներ:
- Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի և Արդարության ատյանի անդամ չլինելու հանգամանք:
- Որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու պահից պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն չզբաղեցնելու հանգամանք:
- Դիտավորությամբ հանցագործություն կատարած չլինելու հանգամանք*:
- Նախկին ԽՍՀՄ կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների աշխատող կամ նախկին ԽՍՀՄ, ՀՀ, ԼՂՀ կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների արտահաստիքային գործակալ չլինելու հանգամանք:
- ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում ստորև նշված կամ դրանց հավասարեցվող պաշտոններից որևէ մեկը զբաղեցրած չլինելու հանգամանք՝
– Նախագահ,
– Ազգային ժողովի նախագահ կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալ,
– Վարչապետ կամ փոխվարչապետ,
– Ազգային անվտանգության խորհրդի անդամ,
– Նախագահի կամ Կառավարության աշխատակազմի ղեկավար կամ տեղակալ,
– մարզպետ կամ մարզպետի տեղակալ,
– Երևանի քաղաքապետ կամ Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի վարչական շրջանի ղեկավար, այլ համայնքի ղեկավար*,
– անվտանգության, ոստիկանության, ֆիսկալ, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող և քրեակատարողական մարմինների աշխատող*,
– դատավոր, դատախազ, քննիչ*,
– Կենտրոնական բանկի նախագահ, տեղակալ կամ խորհրդի անդամ,
– Վերահսկիչ պալատի անդամ,
– Նախագահի կամ Վարչապետի վերահսկողական ծառայության աշխատող,
– Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ,
– պետության ֆինանսավորմամբ կամ հովանավորությամբ գործող Ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար կամ տեղակալ*,
– Ընտրական հանձնաժողովի անդամ (վարչախումբը ներկայացնող կուսակցության կողմից),
– վարչախումբը ներկայացնող կուսակցության ղեկավար մարմնի անդամ*:
Ծանոթագրություններ
- 4-6-րդ կետերով նախատեսված մասնաբաժինները սահմանվում են դրանց գումարի (21) և Հիմնադիր խորհրդարանի տեղերի ընդհանուր քանակի (65) միջև 1/3 հարաբերակցությունը չգերազանցելու տրամաբանությամբ:
- 12-րդ կետում աստղանիշներով նշված չափանիշներին համապատասխանող անձի թեկնածությունը գրանցելու, ինչպես նաև ըստ սույն փաստաթղթով չնախատեսված չափանիշի անձի թեկնածությունը չգրանցելու հարցերի որոշման իրավասությունը վերապահվում է Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովին: Ընտրական հանձնաժողովը պարտավոր է իր այդպիսի որոշումները հիմնավորել և հրապարակել: