Նոր արկածախնդրությունները կարող են որոշիչ լինել մեր ազգի համար

428945_464264606967476_1950893973_nՄեր հարցերին կպատասխանի հոգեբան, Նախախորհրդարանի անդամ Գայանե Բաբլոյանը.

 

Հարց. Ինչպե՞ս է կարելի Հայաստանում դադարեցնել արտագաղթը: Որո՞նք են դրա պատճառները:

 

Գայանե Բաբլոյան. Նախ՝ խոսենք արտագաղթի մասին որպես հոգեախտաբանական արմատներ ունեցող երևույթ: Հիշենք՝ որտեղից այն սկսվեց: Մեր թշնամի հարևանների քաղաքական բնույթի անդադար հետանդումները, ճնշումները, եղեռնագործությունները: Շատ հեռու չգնանք. վերցնենք հենց քսաներորդ դարը: Հայի գենի մեջ արդեն նստած է փախչելու, փրկվելու, ինքնապաշտպանության ռեֆլեքսը: Մեր պատմության ընթացքում մենք շատ քիչ հնարավորություններ ենք ունեցել մեր սթրեսի մակարդակը լիովին իջեցնելու, իսկ երբ սթրեսը լիովին չի նահանջում, ստեղծվում են տարբեր հիվանդություններ հենց կենդանի օրգանիզմում, էլ չասենք, թե ինչ է տեղի ունենում հոգեկան աշխարհում: Այո´, մենք դեռ հնարավորություն չենք ունեցել ազգովի հաղթահարել մեր սթրեսները, դրանց անընդհատ գումարվել են նորերը, և մենք չենք կարող համարվել լիարժեք առողջ, մեր հողի վրա ամուր կանգնած ազգ: Խորհրդային շրջանում հարաբերական անդորր նկատվեց, և ծաղկունք ապրեցին մշակույթը, արվեստը: Սակայն միևնույն ժամանակ անհանգստություն կար, քանի որ Արցախում կային անդադար ճնշումներ արցախահայության նկատմամբ, ինչը բերեց պատերազմի, որից առաջ մեզ ցնցեց աղետալի երկրաշարժը, այնուհետև անլույս տարիներ, այսինքն՝ կրկին սթրես, ինչի հետևանքով՝ կրկին արտագաղթ: Թվում էր, թե պատերազմը հաղթեցինք. այժմ կլինի նոր կյանք, ներդաշնակություն, բայց արի ու տես՝ որոշ դատարկ և անկուշտ ստամոքսներ դեռ պետք է լցվեին, ինչի հետևանքով՝ կենցաղային պայմանների շեշտակի անկում, և կրկին արտագաղթ: Ուստի, պետք չէ ամպագոռգոռ եզրակացություններ անել արտագաղթողների մասին, քանի որ այդ երևույթը խոսում է օրգանիզմի դիմադրողականության պակասի, երկրի և մարդկանց դիմադրողականության անկման մասին, որովհետև առողջ և ամուր մարդը չի փախչում, այլ հաղթահարում է դժվարությունները, իսկ մեր ազգը, ցավոք սրտի, առողջ և ամուր չէ: Հիմա երևի շատերը կասեն, բա մնացողնե՞րը: Մնացողներին տարբեր շերտերի կարելի է բաժանել. մի հոծ զանգված իշխանական թևի հարազատ-ծանոթ-բարեկամներն են, մեկ այլ խումբ մարդիկ, որ բավականին հաջողակ, պնդաճակատ և աշխատասեր են եղել և գտել են այն հազվագյուտ սիրելի կամ ոչ այդքան սիրելի աշխատանքը, մարդիկ, ում տեղավորել են աշխատանքի, մարդիկ որ այդքան էլ լավ չեն վարձատրվում և հազիվ ծայրը ծայրին են հասցնում (այսինքն՝ մեծամասնությունը), մարդիկ, որ չունեն աշխատանք և ունեն բարեկամներ արտերկրում, մարդիկ, որ չունեն աշխատանք և չունեն բարեկամներ արտեկրում, բայց ասում են՝ «հերն էլ անիծած, իմ երկրից չեմ հեռանա», և միգուցե այլ շերտեր ևս… Իմ կարծիքով՝ Հայաստանը չունի շատ հնարավորություններ և այլևս սպառել է իր օրգանիզմի հիմնական և բնական էներգետիկ ռեսուրսը և իմունիտետը: Նոր արկածախնդրությունները կարող են որոշիչ լինել մեր ազգի, տարածաշրջանի և երկրի համար. պետք է չափից դուրս զգոն լինել և ոտքը դնել հողի, ոչ թե ամպի վրա: