«Նոր որակի հայկական պետության ձևավորման համահայկական շարժման»
ծրագրի հավելված
(ընդունվել է Նախախորհրդարանի 2013 թ. հունիսի 13-ի որոշմամբ)
Սույն Ծրագրային հիմնադրույթների և կանոնակարգի (այսուհետև՝ Կանոնակարգ) նպատակն է` ապահովել Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) կանոնակարգված արդյունավետ աշխատանքը:
- 1. Հանձնաժողովի նպատակը և խնդիրները
1.1. Հանձնաժողովի նպատակն է՝ ապահովել Հայաստանում Նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի ընտրությունը:
1.2. Կանոնակարգի 1.1 կետում նշված նպատակին հասնելու համար, Հանձնաժողովը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.2.1. Նախախորհրդարանի Ծրագրային հիմնադրույթների և կանոնակարգի (այսուհետ՝ Նախախորհրդարանի կանոնակարգ) 1.2.6 կետի* համաձայն հաստատված կարգով Հիմնադիր խորհրդարանի ընտրությունների մասնակիցների ընտրազատում, գրանցում և նրանց ցուցակների հրապարակում,
1.2.2. Նախախորհրդարանի կանոնակարգի 1.2.6 կետի* համաձայն հաստատված չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատում և գրանցում, ինչպես նաև պատգամավորության թեկնածուին գրանցելու կամ չգրանցելու վերաբերյալ իր որոշումների հիմնավորումների ներկայացում ու հրապարակում,
1.2.3. Նախախորհրդարանի կանոնակարգի 1.2.6 կետի* համաձայն հաստատված կարգով Հիմնադիր խորհրդարանի ընտրության նպատակով քվեարկության կազմակերպում, ձայների հաշվում և արդյունքների հրապարակում,
1.2.4. իր գործունեության պարբերական հանրային իրազեկում:
2. Հանձնաժողովի կազմը և կառուցվածքը
2.1. Հանձնաժողովը կազմված է Նախախորհրդարանի Կանոնակարգի 1.1 և 1.2 կետերում նշված նպատակն ու խնդիրները, ինչպես նաև Նախախորհրդարանի հաստատած Ռազմավարական հայեցակարգի նախագիծն ընդունող, Հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի պահից ՀՀ-ում (ներառյալ Արցախը) մշտապես բնակվող և հասարակական հեղինակություն ունեցող 9 (ինը) անդամներից:
Հանձնաժողովի անդամը չի կարող ընտրվել Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր:
2.2. Հանձնաժողովի անդամի թեկնածություն առաջադրելու իրավունքը վերապահվում է Նախախորհրդարանի և Նախախորհրդարանի քարտուղարության (այսուհետ՝ Քարտուղարություն) անդամներին: Հանձնաժողովի անդամ ընտրվելու պարագայում Քարտուղարության անդամը դուրս է գալիս դրա կազմից:
2.3. Հանձնաժողովի կազմի հաստատումը, ինչպես նաև հետագայում դրա թափուր տեղի համալրումը կատարվում է Նախախորհրդարանի կանոնակարգի 3.3 կետով սահմանված կարգով ընդունված Նախախորհրդարանի որոշմամբ (եթե որոշման օգտին բաց կարգով քվեարկել է Նախախորհրդարանի առնվազն 22 (քսաներկու) անդամ (ընդհանուր քանակի 67%-ը):
2.4. Հանձնաժողովի աշխատանքները (ներառյալ՝ նիստերի անցկացումը) համակարգում է Հանձնաժողովի նախագահը (այսուհետ՝ Նախագահ), իսկ վեջինիս բացակայության ժամանակ՝ նրա տեղակալը (այսուհետ՝ Տեղակալ), որոնց Կանոնակարգի 2.2 և 2.3 կետերով սահմանված կարգով ընտրում է Նախախորհրդարանը:
3. Հանձնաժողովի նիստերի անցկացման և
որոշումների ընդունման կարգը
3.1. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տասը օրը 1 (մեկ) անգամ: Նիստը համարվում է կայացած, եթե բացման պահին ներկա է Հանձնաժողովի առնվազն 5 (հինգ) (ընդհանուր քանակի 50%+1-ը) անդամ:
3.2. Յուրաքանչյուր հաջորդ նիստի օրը, ժամը և օրակարգը, խորհրդակցելով Հանձնաժողովի անդամների հետ, հայտարարում է Նախագահը, իսկ նրա բացակայության ժամանակ՝ Տեղակալը:
3.3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` դրա առնվազն 5 (հինգ) (ընդհանուր քանակի 50%+1-ը) անդամի ձայնով:
3.4. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել նաև փորձագետներ և խորհրդականներ:
3.5. Մեկ նիստի ընթացքում, բացի զեկուցումից (որի տևողությունը չի կարող գերազանցել 20 (քսան) րոպեն), օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար տրվում է առավելագույնը 3 (երեք) ելույթի հնարավորություն (յուրաքանչյուր ելույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 (երեք) րոպեն):
3.6. Նիստն ավարտվում է օրակարգի կամ դրա համար հատկացված ժամանակի սպառման դեպքում, եթե Հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:
3.7. Հանձնաժողովի անդամը հարգելի պատճառով կարող է նիստին և քվեարկություններին մասնակցել հեռավար կապի միջոցով:
3.8. Հանձնաժողովի անդամի՝ 5 (հինգ) նիստից անհարգելի բացակայության դեպքում Նախախորհրդարանը որոշում է կայացնում նրա հետագա անդամության վերաբերյալ:
3.9. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը (ներառյալ՝ նիստերի արձանագրությունների կազմումը և Հանձնաժողովի որոշումների հրապարակումը) իրականացնում է Քարտուղարությունը: Քարտուղարությունը Հանձնաժողովի որոշումները հրապարակում է ոչ ուշ, քան դրանք ընդունելու օրվանից 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
4. Որոշումների նախագծերի մշակման և
ներկայացման կարգը
4.1. Հանձնաժողովի որոշումների նախագծերը մշակում են Հանձնաժողովի անդամները, հրավիրված փորձագետներն ու խորհրդականները, ինչպես նաև Քարտուղարությունը` Հանձնաժողովի որոշմամբ:
5. Հանձնաժողովի վերակազմակերպումը
5.1. Հանձնաժողովը Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից նույն կազմով վերակազմակերպվում է Նախախորհրդարանի կանոնակարգի 1.2.5 կետով նախատեսված` ՀՀ քաղաքացիների հետ պայմանագրերի կնքման գործընթացը համակարգող կենտրոնական շտաբի (այսուհետ` Կենտրոնական շտաբ):
5.2. Նախագահի ու Տեղակալի պաշտոնները համապատասխանաբար վերանվանվում են` Կենտրոնական շտաբի պետ և Կենտրոնական շտաբի պետի տեղակալ:
5.3. Կենտրոնական շտաբը ձևավորում է տեղական շտաբներ և հաստատում է դրանց գործունեության կանոնակարգերը, գործում է որպես դրանց վերադաս և համակարգող մարմին:
5.4. Մինչ Հիմնադիր խորհրդարանի որոշմամբ Կենտրոնական շտաբի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի ընդունումը, նրա գործունեության կազմակերպումը և որոշումների կայացումը կատարվում է Կանոնակարգի 3.1-3.10 և 4.1 կետերով սահմանված կարգով:
5.5. Կենտրոնական շտաբի անդամի թափուր տեղը համալրվում է Հիմնադիր խորհրդարանի որոշմամբ` նրա գործունեությունը կանոնակարգող փաստաթղթով սահմանված կարգով:
* Նախախորհրադարանի 2012 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ հաստատված «Նախախորհրդարանի Ծրագրային հիմնադրույթների և կանոնակարգի» 1.2.6-րդ կետով սահմանված կարգի համաձայն` Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները, ինչպես նաև ընտրության կարգը մշակում և հաստատում է Նախախորհրդարանը: