Քրեաօլիգարխիկ ռեժիմն ինքն իրեն չի հանձնվելու

Irates.am-ի հարցերին պատասխանում է «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ:

– «Նախախորհրդարանն» անցյալ տարի Ազատության հրապարակում մի քանի հանրահավաքներ անցկացրեց: Այն ժամանակ հայտարարում էիք, որ քաղաքացիական համախմբման, ճնշման միջոցով կարողանալու եք հասնել իշխանափոխության: Ինչո՞ ւ տևական ժամանակ չեք իրականացնում հրապարակային գործունեություն: Մարտի 1-ի հանրահավաքում էլ «Նախախորհրդարանը» հանդես չեկավ:

– Դուք ներկայացնում եք պնդումների շարք, որոնց ես համաձայն չեմ: Անցյալ տարի, երբ ժողովուրդը հուսահատված էր, մենք իրականացրել ենք մի քանի իրազեկման հանրահավաքներ, որոնց միջոցով էլ ստեղծվել է այն ցանցը, որն ընդլայնվել է թե՛ հանրապետությունով մեկ, թե՛ Երևանում և թե՛ Սփյուռքում:
Ինչ վերաբերում է մեր ակտիվությանը, ապա հանրահավաքը հրապարակային գործունեության միակ ձևը չէ, այլ՝ ձևերից մեկը: Մեր բոլոր փոքր ու մեծ միջոցառումները ունեն մեկ նպատակ՝ նախապատրաստություն քաղաքական նոր իրողությանը, որը հաստատվելու է Հայաստանում:
Մենք այսօր ականատեսն ենք լրջագույն փոփոխությունների թե՛ հետխորհրդային ողջ տարածքում, թե՛ մեզ հարևան իսլամական պետություններում: Հայաստանի (ներառյալ Արցախի) գոյատևումը այս տեկտոնական փոփոխությունների պայմաններում պահանջելու են ոչ թե պարզ իշխանափոխություն, այլ համակարգափոխություն, որին պետք նախապատրաստված գնալ:
Ինչ վերաբերում է մարտի 1-ին, Նախախորհրդարանը մասնակցեց զոհերի հիշատակի հարգման արարողությանը: Իսկ հանրահավաքին հերթական անգամ խոսվեց արտահերթ ընտրությունների մասին, որից հետո ժողովրդին նորից տուն ուղարկեցին: Կան, իհարկե, ոչ քիչ թվով մարդիկ, որոնք փոփոխությունների հասնելու իրենց հույսը կապում են ԱԺ ընդդիմության հետ: Մենք լսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, նրա առաջ քաշած թեզերը: Ըստ այդ թեզերի՝ ՀԱԿ-ը իշխանափոխությունը տեսնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով, սակայն համաձայն է նաև կառավարության հրաժարականի պահանջին, նոր՝ ազգային համաձայնության կառավարության ստեղծումով: Մենք, չենք ընդունում այս մոտեցումը, քանի որ նման փոփոխությունների համար ԱԺ-ում պետք է ստեղծվի նոր մեծամասնություն: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, և ցանկացած որոշում նա կարող է տորպեդահարել: Նոր մեծամասնություն ստեղծելու համար պետք է ԱԺ քաղաքական ուժերի մի մասն արտահոսի դեպի ընդդիմություն: Նման բան տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ երկրում հաստատվում է ուժային նոր հաշվեկշիռ: Դա մեզ հայտնի է վերջին քսան-քսանհինգ տարիների թե՛ հայկական , թե՛ միջազգային, այդ թվում՝ վերջին շրջանի ուկրաինական փորձից:
Մենք նույնպես այն կարծիքի ենք, որ փոփոխությունները լինելու են արտահերթ ընտրությունների միջոցով, բայց մինչ այդ պետք է լինեն նոր ընտրական հանձնաժողովներ: Այսինքն՝ անցումային կառավարությունը պետք է հաստատված լինի մինչև ընտրությունները: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը պետք է զգա ժողովրդի ճնշումը, որպեսզի ստեղծվի անցումային կառավարություն: Այսինքն՝ սպասել, թե խորհրդարանում կլինեն փոփոխություններ՝ առանց համակարգից դուրս ձևավորված քաղաքական իրականության, բացարձակ անտրամաբանական է:
Ահա հենց այդ նոր, արտահամակարգային քաղաքական իրականության ստեղծման էլ ուղղված է մեր գործունեւեթյունը՝ իր բազմազան արտահայտություններով:

– «Նախախորհրդարանը» ակտիվ մասնակցում է քաղաքացիական նախաձեռնություններին: Բայց տեսնում ենք, որ նույն «Փակ շուկա»-ի դեպքում քաղաքացիական ակտիվիստների պայքարը չգրանցեց ոչ մի արդյունք. Սամվել Ալեքսանյանն իր «ժողովրդին» հանեց քաղաքացիական ակտիվիստների դեմ, և դրանից հետո հարցը լուծվեց:

– Նորից համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Ժողովրդի պայքարելու կամքը թրծվում է փոքր ու մեծ դիմադրությունների ընթացքում: Փոքր թվացող պայքարների շնորհիվ է կոփվում քաղաքացին, որն էլ վաղը կարողանալու է ազատագրել Հայաստանը նոր գաղութային վարչախմբից:
Ինչպես մյուս քաղաքացիական նախաձեռնությունների դեպքում, այնպես էլ «Ծածկած շուկա»-ի դեպքում, նախևառաջ գործ ունենք պայքարի դպրոցի հետ: Դիմադրության կաթիլները ի վերջո հավաքվում են մեկ մեծ կաթսայի մեջ: Եվ հայտնի չէ թե որ նախաձեռնության դեպքում է լցվելու վերջին կաթիլը, որն էլ լուծելու է ապազգային համակարգից ազատագրվելու հարցը:
Բացի այդ «Ծածկած շուկա»-ն լակմուսի թղթի նման ի հայտ բերեց եղելություններ, որոնք մինչ այդ քողարկված էին:
Օրինակ հայկական «տիտուշկաները», որոնց տեսանք Ուկրաինայում, բացահայտվեցին հենց այս պայքարի ընթացքում: Ակնհայտ դարծավ նրանց և ոստիկանության կապը: Բացահայտվեց ամենաթողության բացառիկ իրավիճակը և այսօրվա կառավարության ողջ սնանկությունը: Տեսեք, մշակույթի նախարարն ինչ է ասում՝ ես հոգնել եմ իմ պարտականությունները կատարելուց: Ի՞նչ է սա նշանակում: Մենք ունենք վերնախավային ճգնաժամ, երբ որոշումները կայացվում են կառավարությունից դուրս ինչ-որ մութ տեղ, ընդ ուրում՝ չի գործում ոչ մի օրենք:

– Շանթ Հարությունյանն իրականացրեց մի ակցիա, որի հետևանքով ինքն ու իր ընկերները չորս ամսից ավել է, ինչ գտնվում են անազատության մեջ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հետևություններ արեց Շանթի այս քայլից մեր քաղաքական համակարգն՝ իր իշխանություն-ընդդիմություն սեգմենտներով:

– Բողոքի արտահայտման այն ձևը, որը Շանթ Հարությունյանը ընտրեց, կարծում եմ, բացառիկ ազնիվ ակունքներ ուներ: Սակայն հենց այս դեպքը վառ ցույց է տալիս, որ Հայաստանում այսօր դեռևս պարտիզանական պայքարի ժամանակն է: Անխուսափելիորեն Հայաստանում հասունանալու է նաև ճակատային պայքարի պահը: Քրեաօլիգարխիկ լուծը, որը հաստատվել է Հայաստանում, ինքն իրեն չի հանձնվելու:

– Տեսեք, ընդդիմադիր ՀԱԿ-ը տևական ժամանակ է, ինչ առաջ է քաշում բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը: Ռեալ չէ՞ այն:

– Սա այլևս հնացած եզրույթ է, որը չի արտացոլում ներկայիս Հայաստանի և հայության բարդ իրականությունը: Առավել ևս եթե մենք բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կապենք Գագիկ Ծառուկյանի ֆեոդալական կերպարի հետ, ապա որպես ժողովուրդ, երբեք չենք ունենա որևէ կենսունակ հեռանկար:
Նախ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ենթադրում է, որ մենք գտնվում ենք ֆեոդալական հասարակարգում, որն այդպես չէ: Չնայած, ֆեոդալական վերապրուկների առկայությանը, մենք որպես ժողովուրդ ավելի բարդ հետագիծ ենք անցել, ներառյալ խորհրդային ինդուստրալացումը և ուրբանիզացիան: Իսկ այսօր աշխարհը գնում է դեպի հետինդուստրիալ հարաբերությունների փուլ: Եթե մենք չենք ուզում հայտնվել պատմության լուսանցքում, մենք պետք է տեսնենք, թե որտեղ է քաղաքակրթության մայրուղին:
Անհրաժեշտ է հին ու նոր սփյուռքի հետ գործուն աշխատանք տանելով, ակտիվ հայրենադարձություն իրականացնելով ՝ փորձենք թռիչք կատարել, և այդ թռիչքը պետք է կատարվի դեպի ավելի բարձր տեխնոլոգիական հասարակություն: Այսօր մեզանում առկա են տարբեր խավեր, այդ թվում նաև այն խավը, որը այսօր «Դեմ եմ» շարժման կորիզն է կազմում: Այդ շարժման շարժիչ ուժը հենց Հայաստանի այն երիտասարդությունն է, որը տնտեսական «թռիչքի» մեջ է գտնվում և հավատում է նաև երկրի թռիչքաձև զարգացման հնարավորությանը: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում պետք է ոչ թե բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիր լուծել, այլ ավելի բարդ հարաբերությունների հաստատման խնդիր: Ի դեպ, այդ նոր Հայաստանի տեսլականի հանրային քննարկումների արդյունքում մշակվել է Նախախորհրդարանի ռազմավարական հայեցակարգը, որտեղ շարադրված են մեր պատկերացումները ստեղծվելիք պետական համակարգի ուրվագծի մասին:

– Վերջին տարիների ընթացքում ձևավորվեցին քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, ի հայտ եկան նոր, երիտասարդ գործիչներ: Ինչո՞ւ այսօր հարթակը շարունակում են զբաղեցնել «հին գվարդիայի» քաղաքական գործիչները, որոնք չեն արդարացնում հենց նոր սերնդի սպասելիքները:

– Մենք ունենք փայլուն երիտասարդություն, որն ինքն է թելադրելու «հին գվարդիային», և նրանց միջից ծնվելու են նոր առաջնորդներ: Հենց նույն «Դեմ եմ» շարժումից, վստահ եմ, որ նոր առաջնորդներ են ծնվելու: Այդ նախաձեռնությունները քաղաքական հասունացման դպրոց են դառնում շատ երիտասարդների համար: Մենք հին սերնդի գործիչներից չունենք սպասելիքներ, որովհետև նրանց դարաշրջանն է ավարտվում: Ինչպես 1988 թվականին ի հայտ եկան անսպասելի քաղաքական առաջնորդներ, նույն անսպասելի ձևով էլ հիմա է լինելու:
Ես կարծում եմ, որ մնալով Ազգային Ժողով կոչվող քաղաքական կազինոյում՝ հնարավոր չէ հասնել փոփոխությունների: Պետք է ուժ գտնել, դուրս գալ փողոց և ճնշում գործադրելով՝ հասնել համակարգափոխության:

– Մաքսային միությանը միանալուն դեմ դուրս չեկավ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը: Այս դեպքում ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել:

– Ուկրաինական իրադարծությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ ողջ Եվրասիա մայրցամաքը թևակոխել է քաղաքական անկայունության փուլ: Այդ պայմաններում խոսել Մաքսային միություն մտնելու անշրջելիության մասին ոչ միայն իրատեսական չէ, այլ նաև վտանգավոր: Եթե այդ միությունը փլուզվի, ինչպե՞ս ենք մենք դրա փլատակների տակից դուրս գալու: Ո՞ւր են այդ հաշվարկները:
Միայն առաջին հայացքից է ճիշտ թվում, որ եվրասիական անկայությունից խուսափելու և սեփական անվտանգությունը ապահովելու լավագույն լուծումը Հայաստանի նման «փոքր նավերի» համար պետք է լինի ամուր խարիսխ գցելը՝ եվրոպական կամ ռուսական տարբերակներով: Մինչդեռ, որքան էլ դա պարադոքսալ հնչի, փոթորիկների ժամանակ նավերին խորհուրդ չի տրվում խարիսխ գցել, որպեսզի չհայտնվեն անկանոն ալիքների տակ:
Ժամանակի պահանջն է, որ Հայաստանի հանրապետությունը (ներառյալ Արցախը) ծնի այնպիսի քաղաքական վերնախավ, որը օժտված լինի անհրաժեշտ քաղաքական խիզախությամբ և ճկունությամբ: Այս կամ այն բլոկի մեջ հայտվելը հղի է ոչ միայն մեծագույն վտանգներով: Վտանգները բոլոր պարագաներում անխուսափելի են: Բլոկային լուծումների դեպքում մենք զրկվելու ենք ճակատագրական պահերին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Ահա սա է ամենավտանգավորը, որից ամեն գնով պետք է խուսափել: Նկատենք, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հաշվեկշիռը այնպիսին է, որ նրանք իրար հաջողությամբ չեզոքացնում են, որի վկայությունն է Արցախի և Ադրբեջանի միջև խաղաղապահների բացակայությունը:
Ուկրաինայի իրադարձությունները ուսանելի են Հայաստանի համար: Տեսեք՝ Ուկրաինայում բլոկների մրցակցության պարագայում սուր ճգնաժամային տեսք ստացան ներքին արատները: Մյուս կողմից ՝ժողովուրդն ապստամբեց՝ ազատվելու քրեաօլիգարխիկ համակարգից: Փաստորեն երկու գործընթաց տեղի ունեցան զուգահեռաբար: Հետագա գործընթացները ցույց կտան, թե կկարողանա՞ արդյոք Ուկրաինայի ժողովուրդը ազատագրվել նոր գաղութատիրական քրեաօլիգարխիայից և զերծ մնալ այս կամ այն բլոկի մեջ մտնելուց, թե՞ հերթական Ռիբենտրոպ-Մոլոտովի պայմանագիրը կստորագրվի:
Հիշենք, թե ինչպես ժամանակին Կիլիկիան գոյատևեց ժամանակի երկու հզոր բլոկների միջև: Որքան էլ տարօրինակ թվա, այսօր նորից, ինչպես հազար տարի առաջ, մենք ենք լուծելու մեր լինել-չլինելու հարցը և ոչ թե մեծ տերությունները:
Հակառուս, հակաեվրոպացի, հակաիսլամ կեցվածքները մեր համար չեն: Հայաստանի անվտանգությունը այս տարածաշրջանում պահանջում է լինել կապող կամուրջ ռուսական, արևմտյան և իսլամական աշխարհների միջև: Ընդ որում Շվեյցարիայի նման՝ ամեն պահի մեկ մարդու պես պատրաստ լինելով ինքնուրույնաբար զենքով պաշտպանելու սեփական ազատությունը և անվտանգությունը: Սակայն այդ անելու համար պետք է նախ նվաճել այդ ազատությունը նոր գաղութային վարչախմբից:
Հարցազրույցը՝ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Աղբյուրը՝ www.irates.am
Share Button