Արդեն հասել ենք ընդերքի անխնա թալանին

Մեր զրուցակիցն է հոգեբան, Նախախորհրդարանի անդամ Գայանե Բաբլոյանը:

Հարց. Ձեզ հաճախ կարելի է հանդիպել տարբեր բնապահպանական ակցիաների ժամանակ: Կնշեք՝ որո՞նք են առաջնային բնապահպանական խնդիրները Ձեզ համար:

Գայանե Բաբլոյան. Առաջնային բնապահպանական խնդիրը ինձ համար թեկուզ մեկ ծառն է, որը ես մարդու կյանքից ոչնչով առավել չեմ համարում, և ծառահատումը ինձ համար նույն բանն է, ինչ մարդասպանությունը, աբորտը և մարդկային վարքի նման ռեգրեսիաներ: Ո՞վ է որոշել, թե որ կենդանի շունչն է առավել կարևոր. հաստաբուն ծառը իր խոր արմատներով, առատ թթվածնով, շքեղ տեսքով, կենդանական աշխարհը իր անեզր բազմազանությամբ, թե՞ մարդ արարածը: Բոլոր թվարկվածներն ունեն միևնույն կառուցվածքը, միևնույն սխեման և յուրաքանչյուրի գոյությունն անմիջականորեն փոխկապակցված է մյուսին: Նրանց գոյությունը պետք է պայմանավորված լինի փոխադարձ ներդաշնակ կեցությամբ: Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ համատարած վանդալիզմ, համատարած բնասպանություն, որը միանշանակ գալիս է բնասպանների ցածր գիտակցական մակարդակից, ինչի պատճառով ունենք այն, ինչ ունենք, և շարունակում ենք կորցնել մեր ունեցածը: Մեր պատմական զարգացումները հանգեցրել են նրան, որ այսօր ունենք մոտավորապես 41.000 քառակուսի կիլոմետր տարածք և 2 միլիոնից օրեցօր պակասող բնակչություն, այսինքն՝ մենք մեր առջև արդեն իսկ ունենք գերխնդիր: Դրան ավելանում է նաև բնասպան վերնախավը, որն ասֆալտապատում և բետանապատում է այն, ինչ տեսնում է: Եվ քանի որ չպատժված հանցանքը բազմանալու և կրկնապատկվելու հակում ունի, այսօր հասել ենք արդեն ընդերքի անխնա թալանին, իսկ աղբը, թափոնները, թույնը հանձնվում են օդին, ջրին, հողին, մարդուն ՝ հայ մարդուն: Այսինքն՝ մարտահրավերը պարզից էլ պարզ է՝ «Ապրիր, թե կարող ես»: Ուստի, առաջնային բնապահպանական խնդիրն ինձ համար բնության հետ ներդաշնակ ապրելու արգելքների վերացումն է: Պետությունը ժողովրդինն է, ընդերքը, դրա հարստությունը և բարեկեցիկ ապրելու իրավունքը նույնպես ժողովրդինն է: Պետական ապարատն ուղղակի պետք է ծառայի այդ ամեն ապահովելուն:

Share Button