Ինչո՞ւ օր առաջ կազմակերպվել

299338_270673266277620_5092629_nՄեր զրուցակիցն է ճարտարագետ, Նախախորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանը:

Ինչո՞ւ է Նախախորհրդարանը կոչ անում օր առաջ կազմակերպվել:

Ներկայումս Հայաստանում ձևավորված ապազգային ու անմարդկային պետական համակարգի վարչախումբն իր գործունեությամբ մեզ կհասցնի պետականության կործանման, իհարկե, եթե կարողանա շարունակել իր ներկայիս ընթացքը: Այնպես որ ամեն անցնող օր մեզ (այսինքն ոչ կազմակերպված ու տարանջատված ժողովրդին), տանում է դեպի անդունդ ՝ մի քայլ ավելի մոտեցնելով կործանմանը: Ցավոք, պետք է նշեմ, որ ամեն օր արագանում է անկախության կորստի գործընթացը: Այդ պատճառով մենք մեր ժողովրդին կոչ ենք անում օր առաջ կազմակերպվել:

Ինչո՞վ է կարևոր կազմակերպվածությունը նախքան փոփոխության գնալը:

Նախախորհրդարանը ծրագրել է նոր որակի ազգային պետության ստեղծում: Որքան էլ որ այդ ծրագիրը և դրան հաջորդող ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը պարզ ու հասանելի լինի մեր ժողովրդին, իրոք,  ծանր աշխատանք է սպասվում ձևավորվելիք Հիմնադիր Խորհրդարանին՝ միս ու արյուն տալու համար այն կմախքին, որը ծրագրել է Նախախորհրդարանը ու հանձնելու է Հիմնադիր Խորհրդարանին, որը մշակելու է մեր նոր պետության համակարգը: Համենայն դեպս, մինչև ժողովուրդը կամ իր միջի առաջամարտիկները չկազմակերպվեն ու չլծվեն ազգային-ազատագրական պայքարին՝ Հայկական պետություն կառուցելու գործին, մեր մշակած ողջ ծրագիրն ու աշխատանքը մնալու է թղթի վրա: Խոսքիս սկզբում Հիմնադիր Խորհրդարանի աշխատանքը նմանեցրի Նախախորհրդարանի ստեղծած կմախքին, այսինքն՝ ծրագրին միս ու արյուն պարգևելուն:

Հիմա, ինչքան էլ կմախքը, միսը, արյունը կատարյալ ստեղծագործություն լինեն, առանց մկանների և մաշկի կունենանք մի անշարժ, անգործունակ օրգանների կույտ: Իսկ անհրաժեշտ մկաններն ու մաշկը հենց կազմակերպված Հայ ժողովուրդն է: Թույլ տվեք շեշտել, որ առանց ժողովրդին համախմբելու և կազմակերպելու, մեր ծրագիրն ու մեր աշխատանքը կդառնան անիմաստ: Իսկ մեր առաջամարտիկների աշխատանքը պետք է լինի խոհանոցի սեղանի շուրջ բամբասանքով զբաղված ժողովրդի հուսալքված ու դժգոհ հատվածին դուրս բերել փողոց՝ որպես կազմակերպված ու անհաղթահարելի ուժ:

Անցնեմ հարցի բուն պատասխանին: Փոփոխության գնալ առանց այս նախապատրաստության, մեծ հավանականությամբ մեզ ընդամենը բերելու է իշխանափոխության, այսինքն՝ ապազգային, կեղեքիչ ու անմարդկային կառավարման մի համակարգը կփոխարինվի նմանատիպ մեկ ուրիշով: Համակարգը մնալու է անփոփոխ, այլ կերպ ասած՝ օտարի նոր կամակատարները քչից շատից իրագործելու են նույն ապազգային ծրագիրը: