Ինքնիշխանության օտարերկրյա խոչընդոտը

Այս հոդվածը վերաբերում է Ռուսաստանի սահմանապահներին Հայաստանից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությանը: Հոդվածը գրել է Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը` 2011 թ. փետրվարին: Այդ ժամանակ զինծառայող լինելու պատճառով նա հոդվածը հրապարակել է կեղծանունով:

129656223496Կյանքի տրամաբանությունը և պատմական փորձը հուշում են, որ պաշտպանության ենթակա որևէ արժեքի մատչելիության վերահսկողությունը օտարին վստահելը, այդ արժեքը տվյալ օտարին կամ նրա հայեցողությամբ մեկ ուրիշին հանձնելու ռեալ սպառնալիք է:

ՈՒստի գերակա արժեքները` ազատությունը, պատիվը, արժանապատվությունը, կյանքը, ընտանիքը, ազգը, երկիրը, Հայրենիքը գիտակցաբար նման սպառնալիքի ենթարկելը ոչ թե պարզ անխոհեմություն է, այլ դավաճանություն:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պահպանության մասով մեր գերակա արժեքների մատչելիության վերահսկողությունը վստահված է օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնությանը` ի դեմս ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերի:

Այս երևույթի հիմնական հատկանիշները և ՀՀ-ի համար դրա վտանգավորությունը բնութագրվում են հետևյալ պարամետրերով.

1. Սահմանների անձեռնմխելիության ապահովումը իշխանության իրականացման, պետական կառավարման գործառույթ է: Օտարերկրյա պետությանն այդ գործառույթի զիջումը ոչ այլ ինչ է, եթե ոչ  ինքնիշխանության զիջում տվյալ պետությանը:

2. ՀՀ ինքնիշխանության հաշվին և ՀՀ Սահմանադրության խախտմամբ “ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող” ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը օտարերկրյա պետության հատուկ ծառայության ստորաբաժանում է: Վերջինս ՀՀ-ում բացահայտ ու իրավազոր կերպով ի շահ ՌԴ-ի հետախուզական և հակահետախուզական համալիր գործունեություն իրականացնելու առարկայական հնարավորություններ ունի: Ընդ որում, այդ գործունեությունը բացարձակապես անվերահսկելի է մեր կողմից: Բնական է, որ անհրաժեշտության դեպքում նման գործունեությունը կիրականացվի նաև ի վնաս ՀՀ-ի: Անխուսափելի է ինչպես ՀՀ-ում գործակալական ցանց ստեղծելու և այն այլազան մանիպուլյացիաների ենթարկելու միջոցով ՀՀ ներքին գործերին միջամտելը, մեր պետության կառավարմանը հայեցողական ու անվերահսկելի կերպով մասնակցելը, այնպես էլ ուրիշ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ ՀՀ-ի շահերի հաշվին գործակցելը:

3. ՀՀ-ն անմիջական, կենդանի շփում չունի տարածաշրջանի հիմնական սահմանակից դերակատարներ Թուրքիայի և Իրանի հետ: Մինչդեռ սահմանը, որպես կանոն, յուրօրինակ չափիչ սարքի նման ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կերպերով արտացոլում է սահմանակցի վարքը և հնարավորություն է տալիս համապատասխան կանխատեսումներ անել, որոնք կդրվեն հետագա քաղաքականության հիմքում: Բացի այդ, այս հանգամանքը Թուրքիայի և Իրանի հետ սահմանային հարցերի ու դրանց հետ որևէ առնչություն ունեցող ոլորտների մասով հարաբերվելու գործում ՀՀ-ին զրկում է սուբյեկտությունից, քանի որ հայկական կողմը ստիպված է լինելու որպես միջնորդ ու դատավոր հրավիրել ռուսական կողմին, որն էլ գործելու է ի շահ իր նպատակների:

4. Իր հատուկ ծառայության “ռեզիդենտ” ստորաբաժանման միջոցով օտարերկրյա պետություն ՌԴ-ն կարող է ոչ միայն միջամտել ՀՀ ներքին գործերին և ուղղորդել նրա արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլև ուղղակի կերպով մոնիտորինգի տակ պահել և վերահսկել մեր քայլերը: Մասնավորապես` որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ովքեր, ինչ իրավունքով և ինչ չափով են վերահսկում մեր օդային սահմանով մուտքն ու ելքը մեր օդանավակայանում: Մինչև վերջերս նրանք ռուսներ էին, հետո նրանց փոխարինեցին հայազգի սահմանապահներ, որոնցից շատերը ռուսերեն են խոսում: Նրանք մե՞ր, թե ռուսական սահմանապահներ են: Արդյո՞ք օդանավակայանում ՌԴ սահմանապահները վերահսկում են միայն Թուրքիայի և Իրանի չվերթները, ինչպես բխում է համապատասխան միջազգային պայմանագրից: Ինչպե՞ս են բաշխված ՀՀ և ՌԴ սահմանապահների իրավասությունների ոլորտները: Ինչպիսի՞ համագործակցային մեխանիզմ է գործում նրանց միջև, եթե իրականում գործում է: Իսկ եթե կա նման մեխանիզմ, ապա հայկական թե՞ ռուսական կողմն է դրա “մեքենավարը”: Արդյո՞ք ՌԴ սահմանապահները մեր համապատասխան ծառայություններին տրամադրում են իրենց ձեռք բերած տեղեկատվությունը: Իսկ այդպիսի տեղեկատվությունը ՌԴ սահմանապահների կողմից չտրամադրելու դեպքում կա՞ն արդյոք համապատասխան ազդեցության լծակներ և այլն:

Սրանք ընդամենը նախնական, հպանցիկ դիտարկմամբ ոչ մասնագիտական, ընդհանուր տրամաբանության հիման վրա ծագող հարցերի մի մասն են:

Մի բան պարզ է, որ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունն իր ստորաբաժանման միջոցով ՀՀ տարածքում ձգտելու է հնարավորինս ընդլայնել իր գործունեության դաշտն ու ազդեցության սահմանները: Եթե հաշվի առնենք այն հանգամանքները, որ ա) այդ ծառայությունը խորհրդային շրջանում Հայաստանի տարածքում անբաժանելիորեն տիրապետել է ոլորտին, բ) նրա գործունեությունն իր բնույթի պատճառով գործնականում անվերահսկելի է և գ) այդ գործունեության պայմանագրաիրավական բազան իր հերթին`իր բնույթի պատճառով, ընդամենը ընդհանրական նորմեր պարունակող միջազգային պայմանագրերից բաղկացած լինելով, հայկական կողմին չի տալիս ռուսական կողմի գործունեության վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմներ, ապա ակնհայտ կդառնա, որ ՌԴ հատուկ ծառայությունների գործունեության դաշտի ու ազդեցության սահմանների աճման դինամիկան շատ քիչ է կախված մեր կամքից ու գործողություններից: Ընդհակառակը, մենք ենք հայտնվում հայցողի ու ազդեցության օբյեկտի կարգավիճակում:

5. Իր հատուկ ծառայութան ստորաբաժանման ուժերով ՀՀ սահմանը պահելու հանգամանքը որպես գործիք ու գործոն օգտագործելով, ՌԴ-ն օբյեկտիվորեն հնարավորություն է ձեռք բերում ՀՀ-ին վերաբերելու որպես ֆորպոստի, իսկ հայ ժողովրդին` որպես համայնքի:
 
Բնութագրական էոր ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ Բոնդարևը 2-3 տարի առաջսահմանապահի օրվան նվիրված միջոցառման ժամանակ միանգամայն ինքնաբուխ ու բնականորեն արտահայտեց այն կարծիքըոր հայ ժողովուրդը կարող է վստահ լինել իր սահմանների պահպանվածության համարՆա չխոսեց միջազգային իրավունքի երկու լիիրավսուբյեկտներիՀՀի և ՌԴի միջև միջազգային պայմանագրին համապատասխան իր ղեկավարությամբ գործող սահմանապահ զորամասերի պարտականությունների կատարման մասինայլ որպես ուժի կրող և տիրապետողհավաստիացրեց ուժ չունեցող և դրան չտիրապետող “խաղաղ ու ստեղծագործ” հայ համայնքժողովրդինոր վերջինիս տերն ու պաշտպանը ՌԴ-ն է
 
Պատկերացնո՞ւմ եքդա ասում է օտար պետության հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյանԱ՛յն պետությանորը հայկական բարձրավանդակ ոտք դնելուց ի վերշուրջ 200 տարի, ցարականից բոլշևիկյանի և ապա “ժողովրդավարականի” կատակլիստիկ փոխակերպումների ենթարկվելով անգամ հավատարիմ մնաց մեր հանդեպ իր առանցքային քաղաքականությանը` սպիտակ ջարդի (հարկ եղած դեպքում` նաև Թուրքիային ու Ադրբեջանին մեր նկատմամբ կարմիր ջարդի դրդելու և դրան մասամբ մասնակցելումիջոցով մեր տարածքը, ինչքը, կյանքն ու արյունը յուրացնելով ոչ պակաս չափով ու քանակությամբքան դա կարմիր ջարդի միջոցով արեցին Թուրքիան ու ԱդրբեջանըԱհա ա՛յդ պետության գեներալը հավաստիացնում էոր անհոգ լինենքվախենալու բան չկաիրենք ամեն ինչ վերահսկում են

6. ՌԴ-ի համար դա կարող է ծառայել (ըստ էության ծառայում է) որպես կայսրության վերարտադրողական տարրերի պահպանման ռեզերվացիա, որպես կայսրության վերականգնման ռեսուրս: Սա հնարավոր է հատկապես այն հիմնարար պատճառով, որ ՀՀ-ի սահմանները ՌԴ-ի ուժերով պահելու ձևաչափը կառուցված է Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանը “ներքին”, իսկ Թուրքիայի և Իրանի հետ սահմանը “արտաքին” համարելու մեկնակետերի վրա, ինչը ըստ ամենայնի պահպանում ու սնուցում է կայսրության ընդհանուր տիրույթը: Մի քանի տարի առաջ կնքվել է նաև միջկառավարական մի համաձայնագիր, որով նախատեսվում է ռուս սահմանապահների երեխաների համար ՀՀ տարածքում դպրոցներ ստեղծել` այնտեղ սովորելու հնարավորություն տալով նաև շրջակա բնակավայրերի հայ երեխաներին: Ի՞նչ է սա, եթե ոչ մշակութային էքսպանսիա, որի առարկայական դրսևորումներից երկուսին վերջերս ականատես եղանք: Խոսքը օտարալեզու դպրոցներ ստեղծելու նպատակով “Լեզվի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և Երևանի նորընտիր ռուսամոլ քաղաքապետի ու ՀՀ-ում ՌԴ դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող “կրթական” ծրագրի մասին է:

7. Դրանով նաև շարունակում է կենսունակ մնալ այն կարծրատիպը, որ մենք մեզ չենք կարող պաշտպանել, որ առանց ռուսի հնարավոր չէ, ինչը ոչ միայն նվաստացուցիչ է ազգային արժապատվության համար, այլև թույլ չի տալիս, որ մենք անձնային ու ազգային առումներով հոգեբանորեն անկախանանք, ազատվենք հոգեբանական բարդույթներից, ժամանակակից պահանջներին բավարարող և համապատասխան մարտահրավերներին դիմակայելու ընդունակ ազգի վերածվենք ու դրա հիման վրա հասնելով լիարժեք հոգեբանական ինքնիշխանության` ստեղծենք ռեալ ինքնիշխան պետություն:

Ժամանակները փոխվել են, փոխվել են ձևերն ու մեթոդները, բայց բնույթն ու էությունը նույնն է: Ներկայիս ՌԴ-ն ժողովրդագրական լուրջ պրոբլեմներ ունի: Բացի այդ, ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորամասերի պարտադիր ծառայության կազմը ՌԴ քաղաքացիներով համալրելը իրավական անլուծելի պրոբլեմներ է առաջացրել: ՀՀ և ՌԴ միջև կնքված համապատասխան միջազգային պայմանագրերի համաձայն դրանց անձնակազմը մասամբ պետք է համալրվի ՀՀ քաղաքացիների զորակոչի միջոցով: Սակայն մի քանի տարի առաջ փոփոխված ՌԴ օրենսդրության համաձայն պարտադիր ծառայության ժամկետը մեկ տարի է: Մինչդեռ ՀՀ օրենսդրության համաձայն պարտադիր ծառայության ժամկետը երկու տարի է, ինչի պատճառով հնարավոր չէ կազմակերպել ՀՀ և ՌԴ քաղաքացիների համատեղ ծառայություն: Այս հանգամանքներն հաշվի առնելով` ՌԴ-ն փոխել է մարտավարությունը. ՀՀ տարածքում գտնվող նրա սահմանապահ զորամասերի շարքային, մասամբ նաև` կրտսեր սպայական կազմը համալրվում է ՀՀ քաղաքացիներով, իսկ ավագ և բարձրագույն սպայական ու հրամանատարական կազմը` ՌԴ քաղաքացիներով:

Այսպիսով, “սև” գործը թողնվել է ՀՀ քաղաքացիներին, սակայն կառավարումը մնում է ռուսների ձեռքում: Նման պարագայում ակամա հարց է առաջանում. մեր ինչի՞ն են պետք ռուս հրամանատարները, եթե մեր սահմանը պահպանվում է մեր կենդանի ուժի հաշվին: Ինչ է, մենք ի վիճակի չե՞նք մի քանի սահմանապահ զորամաս կառավարել: Թե՞ նրանք, որ ժամանակին “եկեք ու տիրեք մեզ” խնդրանքով դիմել են վարյագներին, ավելի լավ ու սրտացավորեն դա կարող են անել:

Փաստորեն ՀՀ-ն առնվազն մասամբ անուղղակի կերպով կառավարվում է Հայաստանում տեղակայված ՌԴ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների համապատասխան ներկայացուցիչների միջոցով: Դրանք գործում են ՀՀ-ի ինքնիշխանության տիրույթում և գոյատևում են դրա հաշվին` այն սպառելով և սահմանափակելով ի շահ իրենց պետության նպատակների: Եվ որքան է այդ “մասամբը”, ոչ ոք չի կարող ասել:

ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն սահմաննների անձեռնմխելիության պաշտպանությունը ՀՀ ԶՈՒ-ի գործն է: Երեսպաշտ ու դավաճան պետք է անվանել նրանց, որոնք կասեն, թե մենք ի վիճակի չենք պահել մեր սահմանը և կփորձեն բերել, օրինակ, տնտեսական բնույթի հիմնավորումներ: Նույնիսկ ՀՀ-ի տնտեսության համար մեծ բեռ չէ մի քանի լրացուցիչ զորամաս պահելը: Հատկապես, որ ՌԴ սահմանապահ զորամասերի պահպանության ծախսերի մի մասը ՀՀ-ն է հոգում: Իսկ եթե ավելի լուրջ, դա քննարկման ենթակա հարց չէ:

Ինչ վերաբերում է մեզ, ապա պետք է փորձենք հաղթահարել անտարբերությամբ պայմանավորված մեր անգրագիտությունը և ի վերջո ձգտենք հասկանալ, թե ինչ է “ՀՀ տարածքում ռուսական ուժային ներկայությունը”:

Այդ ներկայությունն ունի երկու բաղադրիչ` ՀՀ տարածքում գտնվող ՌԴ ԶՈՒ զորամասերից բաղկացած ռուսաստանյան ռազմակայանը և ՀՀ տարածքում գտնվող ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերը: Ցավալի է, որ շատերը, այդ թվում` հանրային կարծիքի ձևավորման համար պատասխանատու լրագրողների մեծ մասը, այս բանը չգիտեն և այդ բաղադրիչներն իրարից չեն տարբերում:

Մինչդեռ սա շատ կարևոր է: Այդ տարբերակումից է սկիզբ առնում մեր պետությունում օտարի ներկայության չափը, ձևը, տեսակն ու կերպը, դրա հնարավոր փոխակերպումներն ու մուտացիաները կանխատեսելու և այդ ամենի նկատմամբ համապատասխան դիրքորոշում ձևավորելու ու ըստ այդմ վարք դրսևորելու, մի խոսքով` սուբյեկտ դառնալու գործընթացը:

Զինված ուժերը, բացի ռազմական դիկտատուրայի դեպքից, ընդամենը քաղաքական իշխանության կամքի գործադրման` գրեթե ամբողջությամբ տեսանելի, ուստի` նաև վերահսկելի, գործառույթ ու լիազորություններ ունեն, մինչդեռ հատուկ ծառայությունները նաև մասնակցում են այդ կամքի ձևավորմանը, ինչը բնույթով առավելապես անտեսանելի և անվերահսկելի գործընթաց է:

Այս օբյեկտիվ տրամաբանությունը հուշում է, որ թեև ՀՀ տարածքում օտարերկրյա պետության ռազմակայանի առկայությունը նույնպես ՀՀ ինքնիշխանության որոշակի նվազեցման գործոն է, սակայն ռազմակայանն իր գործունեության բնույթի հստակության և ոլորտի սահմանափակության պատճառով երբեք չի կարող անցնել տեսանելիության ու վերահսկելիության սահմանները: Պետք է նաև հաշվի առնել, որ մեր տանը ազատ և անկաշկանդ տիրություն անելու, մեր դուռը հայեցողաբար բացել-փակելու, մեր մուտքն ու ելքը վերահսկելու հնարավորությունն ապահովող ՌԴ դաշնային անվտանգության ծառայության “ռեզիդենտ” ստորաբաժանման` ՀՀ տարածքում դրա սահմանապահ վարչության զորամասերի հեռանալով նաև կթուլանա և առավելագույնս կսահմանափակվի ռուսաստանյան ռազմակայանի` որպես մեր ինքնիշխանության նվազեցման գործոնի, դերն ու նշանակությունը:

ՈՒրեմն հասկանանք և համապատասխան հետևություններ անենք, որ ՌԴ սահմանապահների ներկայությունը ու նրանց մեր սրբություն-սահմանը վստահելը մեր ազատության, անկախության և ինքնիշխանության` ՀՀ տարածքում գտնվող հիմնական օտարերկրյա խոչընդոտն է:

Կեցցե ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանը:
 
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աղբյուրը՝ lragir.am