Հայաստանում նմանատիպ Եվրամայդանը բացառվում է.«Այլընտրանք»

1394001_717820421562613_1051084976_n1Այս օրերին արդեն ամբողջ աշխարհի, առավել ևս նախկին ԽՍՀՄ-ի տարածքի, ներառյալ Հայաստանի, բնակչության ողջ ուշադրությունը կենտրոնացված է Ուկրաինայում տեղի ունեցող հախուռն և բուռն զարգացումների վրա: Ես իմ անձնական անունից և, վստահ եմ, մեր բոլոր հայրենակիցների անունից, իմ համերաշխությունն եմ հայտնում Ուկրաինային և անկեղծ ցավակցությունս եմ հղում ընկած զոհերի հարազատներին և ուկրաինացի ժողովրդին:
Այս զարգացումները շատ էական նշանակություն ունեն մեզ համար, որովհետև դրանք հղի են ամբողջ ետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական փոփոխություններով: Ինչ հանգուցալուծում էլ ունենան Ուկրաինայում ներկայումս տեղի ունեցող զարգացումները, ետխորհրդային աշխարհը վստահաբար այլևս նույնը չի լինելու: Եվ մեզ համար շատ կարևոր է, թե այդ զարգացումները ինչ բնույթ կունենան, այսինքն՝ աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ, ինչ փոփոխություններ տեղի կունենան սրանից հետո:
Մի քիչ առաջ անցնելով ասեմ, որ զարգացումները կարող են այնպիսի նշանակություն ունենալ, ինչպիսիք ունեցան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո տեղի ունեցած իրադարձությունները, այն է՝ Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունը և այնուհետև բոլշևիկյան հեղափոխությունը: Դրանք ռուսական կայսրության, ինչպես և այսօր, չնայած ոչ բացահայտ, ռուսական կայսրության ճակատագրի հետ սերտ առնչվող զանգացումներ են: Այդպիսի հիմնական փոփոխություները մեր տարածաշրջանում կարող են հանգեցնել ճակատագրական զարգացումների: Այս առումով այդ զարգացումները մեզ համար շատ կարևոր են: Դրանք կարևոր են, քանի որ Հայաստանում էական, արմատական փոփոխությունները անհետաձգելի են, և դրա վերաբերյալ գոյություն չունի երկրորդ կարծիք, որովհետև մենք տարիներ ի վեր գտնվում ենք տևական վայրէջքի մեջ: Այդ անկումը գնալով արագանում է, և փոփոխությունը անհետաձգելի է դարձել: Մեզ համար կարևոր են Ուկրաինայի զարգացումները թե որպես օրինակ, իրենց բոլոր բացասական և դրական կողմերով հանդերձ, և թե ինչպիսի զուգահեռներ կարելի է գծել այդ զարգացումների և Հայաստանում տեղի ունենալիք փոփոխությունների միջև: Ես կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները բազմաթիվ գործոնների արդյունք են, բազմաթիվ պատճառների հետևանք: Ներքին առումով դրանք երկու գործոնների արդյունք են: Առաջին գործոնը երկրում տիրող օլիգարխիկ, բևեռացված համակարգն է ու իշխանության ներսում գտնվող ֆինանսատնտեսական քաղաքական փոքրաթիվ խմբի ձեռքում ամբողջ իշխանության, ռեսուրսների և հարստություն ստեղծելու հնարավորությունների կենտրոնացումը, որոնք և երկրում ստեղծել են անբավարարվածության և դժգոհության մթնոլորտ: Սա շատ նման է Հայաստանում տիրող իրավիճակին: Երկրորդ գործոնը այն պատմական իրականությունն է, որ Ուկրաինան պայմանականորեն կազմված է երկու մասերից: Արևմտյան Ուկրաինան երբեք ուկրաինական պետության մաս չի կազմել այն ժամանակներում, երբ նման պետություն գոյություն է ունեցել, ինչպես նաև մաս չի կազմել ռուսական կայսրությանը: Այն դարեր շարունակ, տարբեր ժամանակներում կենտրոնական Եվրոպայի կայսրությունների և պետությունների մաս է կազմել՝ Ավստրո-Հունգարիայի, Լեհաստանի և այլն: Այդ հանգամանքից ելնելով Ուկրաինայի այդ հատվածը իրեն ավելի շատ համարում է կենտրոնական Եվրոպայի, քան ռուսական՝ արևելյան Եվրոպայի մաս: Այս պատմական և մշակութային գործոնը անկասկած շատ էական նշանակություն ունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար: Հանգամանք՝ որը բացակայում է Հայաստանի դեպքում:
Ուկրաինայում, համենայն դեպս սոցիալական առումով, պայմանները, վստահաբար ավելի նպաստավոր էին, քան Հայաստանում: Այսինքն, այն ծայրահեղ համատարած աղքատությունը, որը առկա է Հայաստանում, գոյություն չունի այնտեղ և, եթե նույնիսկ կա, ապա դրանք անհամեմատելի են: Ամեն դեպքում, այնտեղ այս վերջին տարիներին առաջացել է միջին խավ՝ շոշափելի ինչ-որ շերտ, ինչի մասին Հայաստանում դժվար է խոսելը: Չնայած այս տարբերություններին, և այդ երկու հանգամանքներից ելնելով, այսինքն օլիգարխիկ համակարգի առկայության և արևմտյան Ուկրաինայի պատմամշակութային հանգամանքից ելնելով, այս զարգացումները ստանում են այսպիսի ընթացք: Ահա թե ինչն է պատճառը, որ Ուկրաինայում, որը սոցիալ-տնտեսական տեսանկյունից համեմատաբար առավել նպաստավոր պայմաններում է գտնվում, քան Հայաստանը, որը նաև ունի աշխարհագրական դիրքի և այլ առավելություններ, այնուհանդերձ, տեղի են ունենում նման բուռն զարգացումներ:
Այս օրերին, իհարկե, շատ է խոսվում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները Հայաստանում պատճենելու հավանականության մասին: Ոմանք ոգևորված են տեղի ունեցող զարգացումներով, ուկրաինացի ժողովրդի կամ համենայն դեպս ինչ-որ հատվածի հանդգնությամբ, համարձակությամբ, զենքի առջև ինքնաշեն միջոցներով դուրս գալու խիզախությամբ, ոստիկանության դեմ դուրս գալու նրանց քաջությամբ ու վճռականությամբ, իսկ ոմանք էլ ահազանգ են հնչեցնում, թե, ահավասիկ, մտածելն անգամ սարսափ է առաջացնում, որ Հայաստանում տիրող իրավիճակի փոփոխության նպատակով հնարավոր է նման դեպքերի կրկնությունը, և, թե ինչի կարող է դա հանգեցնել: Իհարկե, ես նորից ուզում եմ կրկնել այն անբեկանելի ճշմարտությունը, որ Հայաստանում ներկա իրավիճակը չի կարող շարունակվել: Մենք այս ընթացքի շարունակության պարագայում որպես պետություն, հետո նաև որպես ազգ և որպես հայրենիք դանդաղ դեպի մահ ենք գնում, և այդ մասին կասկած չկա: Հարցը այն է, թե արդյոք ցանկացած տեսակի ժողովրդական ընդվզում ինքնաբերաբար կհանգեցնի այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում այսօր Ուկրաինայում: Ես վստահ եմ, որ այդպես չի լինելու, որովհետև Ուկրաինայի զարգացումների համար պատճառ հանդիսացող մյուս հանգամանքը՝ ուկրաինացի ժողովրդի ներսում պատմամշակութային որոշ տարբերությունները, չնայած դա նույն ժողովուրդն է ու նույն ազգը, այս դեպքում ստեղծում են քաղաքացիական պատերազմի վտանգ, քանի որ ժողովուրդը բաժանված է երկու մասի: Իսկ առկա ռեժիմը և նաև այդ ռեժիմին սատարող արտաքին ուժերը կարող են ժողովրդի ներսում գոյություն ունեցող երկփեղկվածությունը օգտագործել փոփոխությունների դեմ բիրտ ուժ կիրառելով, ինչին մենք ականատես ենք այսօր: Ես վստահ եմ, որ, եթե ուկրաինացի ժողովրդի իր ինքնության ճանաչման, ընկալման մեջ չլիներ այդ մշակութային և պատմական տարբերությունը, ապա այդ հանգամանքը հնարավոր չէր լինի օգտագործել։ Հայաստանում, բարեբախտաբար, չունենք այդ երկփեղկվածությունը, քանի որ Հայաստանը էթնիկապես միատարր է, և ենթամշակութային մեծ տարբերություններ գոյություն չունեն այստեղ։ Հայաստանում սոցիալական բևեռացվածությունը շատ մեծ է, ջախջախիչ մեծամասնությունը գտնվում է մի կողմում, իսկ չնչին փոքրամասնությունը իրենց սատարող մանկլավիկներով հանդերձ գտնվում է մյուս կողմում։ Այս ճշմարտությունը ակնառու է, և քաղաքացիական պատերազմի հնարավորությունը բացառվում է Հայաստանում: Այն բացառվում է նաև այժմյան Հայաստանի ռեժիմի պարագայում Ուկրաինայում կիրառվող միջոցների առումով։ Ես վստահ եմ, որ եթե Հայաստանում առկա ռեժիմը փորձի դիմել այդ նույն միջոցներին, որին ներկայումս դիմում է Ուկրաինայի կառավարությունը, ապա Հայաստանում այն շատ կարճ կտևի, և համակարգը արագորեն կփլուզվի։ Այդ իմաստով հանգամանքները բավականին տարբեր են երկու երկրների միջև։ Իհարկե, մենք ունենք Արցախի խնդիր, և Ադրբեջանի հետ դեռևս պաշտոնապես խաղաղություն կնքված չէ: Մենք ունենք նաև Թուրքիայի խնդիր։ Այս հանգամանքները անշուշտ չեն կարող անտեսվել, սակայն, ես կարծում եմ, որ Հայաստանում փոփոխությունները ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաև հնարավոր, հաշվի առնելով հենց Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հանգամանքները: Ամեն ինչ հաշվենկատ գործողություններ կատարելու մեջ է կայանում։
Այս ամենով հանդերձ, ուզում եմ ասել, որ Ուկրաինայի վերջին օրերի զարգացումները չեն վախեցնում մեզ, մենք ցանկանում ենք, որ այնտեղ օր առաջ և ժամ առաջ տիրի խաղաղությունը և արյունահեղությունը դադարի: Սակայն, մենք կայուն ենք Հայաստանում հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետականության և մեր հայրենիքի այս ներկա իրավիճակը փոխելու մեր վճռականությամբ: Հայ ժողովրդին հաջողվելու է իրականացնել այն առանց ընկնելու Ուկրաինային կամ վերջին տարիներին Մերձավոր և Միջին արևելքի երկրներին բաժին հասած իրավիճակի մեջ։ Ասեմ, որ ինքնավստահությունն ու հավատը, որ մեզ հաջողվելու է առանց նման ցնցումների փոփոխություններ իրականացնել Հայաստանում, գալիս է այն համոզումից, որ մենք պետք է փոփոխությունները իրականացնենք նախօրոք պատկերացնելով և ունենալով այն կառույցների սաղմերը, որոնք տեր են կանգնելու մեր երկրին։ Մենք մեր ժողովրդի հետ միասին չենք փոխելու այս իրավիճակը և դրանից հետո նոր մտածենք, թե ինչով ենք փոխարինելու այն: Ասածս վերաբերում է և՛ ծրագրային և՛ թե կառույցների ստեղծման անհրաժեշտությանը, որոնց վրա պետք է հիմնված լինի մեր պետությունը։ Մենք դատարկություն չենք նախատեսում, և դատարկություն չենք հանդուրժի, և կարծում եմ, որ և՛ արաբական երկրներում, և՛ ներկայումս Ուկրաինայում զարգացումները տարբեր կլինեին, եթե այնտեղ նմանօրինակ մոտեցում լիներ։ Ոչ թե իշխանափոխություն կատարվեր, և դրանից հետո մի նոր բան ստեղծելու փորձ արվեր, այլ մինչ իշխանափոխությունը նոր կառույցների սաղմերը ստեղծվեին՝ թե կառուցվածքային և թե ծրագրային իմաստով:
Ռուսաստանը անցնող շաբաթներին արդեն ֆեդերատիվ Ուկրաինայի գաղափարին համակերպվելու տրամադրվածություն է հայտնել, և դա կարծեմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բաժանման հետ համակերպվելու առաջին քայլն էր, իրեն համակիր պահելով այն հատվածները, որտեղ, բնականաբար, ռուսախոս մեծամասնություն է տիրում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական շահերն են առավել ներկայացված, ինչպես Ղրիմը, Դոնեցկի շրջանը և այլ տարածքներ: Բոլորիս համար պարզ է, որ Ռուսաստանը չի հրաժարվի այս շրջաններից, և տեղի բնակչությունը ներկայումս հակված է Ռուսաստանին բարեկամ մնալ, եթե ոչ վարչականորեն Ռուսաստանի մաս կազմել: Կլինի այդպես, թե կլինեն առավել կամ նվազ բարդ զարգացումներ, այժմ դժվար է ասել: Համենայն դեպս, այսօր Ուկրաինայում, ռուսամետ կամ արևմտամետ հատվածներից բացի, գոյություն ունի նաև իսկական, ուկրաինական, ազգային, դիրքորոշում ունեցող ժողովրդական և քաղաքական հոսանք, որը հավասարապես դեմ է և արևելյան հարևանի վասալը դառնալու, և եվրոպական չակերտյալ ընտանիքին միանալով նոր գաղութարար ծրագրի մեջ մերվելու գաղափարներին : Ի հակադրություն մյուս երկուսի, այս հոսանքը կողմ է իսկապես արդարության վրա հիմնված, ոչ օլիգարխիկ, ինքնիշխան Ուկրաինայի պետություն ստեղծելուն: Ցանկալին պիտի լիներ այս մոտեցման հաղթանակը, սակայն, այնքան շատ են գործոնները, որ այսօր դեռևս հնարավոր չէ ասել, թե որ սցենարը հաջողություն կունենա: Համենայն դեպս այսօրվա ընթացքը վստահաբար գնում է, եթե ոչ դեպի քաղաքացիական պատերազմ, ապա առնվազն դեպի Ուկրաինայի բաժանում, լինի դա ֆեդերատիվ կամ ոչ ֆեդերատիվ տարբերակով, դժբախտաբար: