Իշխանափոխությո՞ւն, թե՞ համակարգափոխություն

Մեր զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, տնտեսագետ Հասմիկ Էվոյանը:

Հարց. Իշխանափոխությո՞ւն, թե՞ համակարգափոխություն: Ո՞րն է տարբերությունը:

Հասմիկ Էվոյան. Երկու դեպքում էլ փոփոխություն կա։ Իշխանափոխության դեպքում համակարգի երևացող մասի՝ իշխանությունը կրող անձանց ֆիզիկական փոփոխությունն է, ինչը տեսանելի է, սակայն փոփոխությունը բովանդակությունից զուրկ է։ Այս դեպքում գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Համակարգափոխության դեպքում առաջին հերթին փոխվում են համակարգը կազմող մասերի միջև եղած կապերի որակը և բնույթը։ Սա տեսանելի չէ, սակայն դա է իրականում բերում փոփոխությունը։ Օրինակ՝ դրական ընտրազատման մեխանիզմի առկայությունը թույլ է տալիս ավելի կոմպետենտ մասնագետին հայտնվել կառավարման համակարգի ավելի բարձր օղակում և հակառակը։ Մեխանիզմը կամ տեխնոլոգիան ինքն իրենով տեսանելի չէ, սակայն բերում է բովանդակային փոփոխություն։ Իշխանափոխության և համակարգափոխության տարբերությունը հենց բովանդակության մեջ է։

Հարց. Ինչպե՞ս եք տեսնում երիտասարդության դերը Հայաստանում համակարգափոխության հարցում:

Հասմիկ Էվոյան. Համակարգափոխությունը կայանում է արժեքային համակարգի փոփոխության հենքի վրա։ Ուստի երիտասարդներն իրենք պետք է լինեն նոր համակարգի արժեքների կրողը՝ առաջին հերթին հայաստանակենտրոն և ազգային շահը հետապնդող, պահանջատեր, ստեղծարար ու ազատ։

Share Button