Մարտի 1-ը հաղթահարելու 3 քայլերը՝ վարչախմբի հեռացում, ժամանակավոր կառավարում, արտահերթ ընտրություններ

2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անցել է վեց տարի, սակայն քաղաքական առումով մեր կյանքը կանգ է առել այդ օրվա մեջ:

Մենք դատապարտված կլինենք այսուհետև ևս խարխափելու «մարտի 1»-ից «մարտի 2»-ի միջև ընկած անլուսաբաց քաղաքական գիշերվա խավարի մեջ, քանի դեռ չենք հստակեցրել մեզ բաժին ընկած այդ ծանր ժառանգության հաղթահարման ուղին ու միջոցները:

«Մարտի 1»-ը համապետական ընտրությունների կեղծման և ժողովրդի նկատմամբ բռնության գործադրման միջոցով իշխանության յուրացման` 1995 թ. սկսված և մինչ օրս շարունակվող ու խորացող գործընթացի տրամաբանական ավարտն էր: 2008 թ. մարտի 1-ին իր տիրապետությունը պահպանելու համար վարչախումբն ստիպված եղավ բացահայտ կերպով անցնելու յուրայինի և օտար զավթիչի միջև եղած արյունալի ռուբիկոնը:

«Մարտի 1»-ի հիմնական պատճառն այն է, որ մենք անկախություն ենք ստացել ԽՍՀՄ-ի փլուզման, այլ ոչ թե քաղաքացիական և ազգային ազատագրման շնորհիվ: Ուստի մեզանում չի կայացել երկրի տեր քաղաքացին, չեն ստեղծվել ժողովրդի կամքը ներկայացնող ու պետության նկատմամբ նրա վերահսկողությունն ապահովող մեխանիզմներ, ինչպես նաև չի ձևավորվել ազգային շահերն արտահայտող ընտրախավ:

Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) ձևավորվել է որպես աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի իրացման օբյեկտ, իսկ նրա պետական կառավարման համակարգը` իր խամաճիկային վերնախավով հանդերձ, վերածվել է ազգային շահերի հաշվին օտար ուժերի շահերն սպասարկող գործիքի: Փաստորեն` երկիրը դասական գաղութային կախյալությունից անցում է կատարել ոչ թե դեպի անկախություն, այլ նորգաղութային կախյալություն:

Ապազգային այդ համակարգի կենսունակությունն ու գործունեությունն ապահովող վերնախավը բաղկացած է իրար հաջորդած վարչախմբերի, քրեական օլիգարխիայի, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներից: Ուստի իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունները պետք է նախ դուրս գան համակարգից և ինքնամաքրվեն իրենց ղեկավար կազմերից, նոր միայն հավակնեն ներկայացնելու ժողովրդի կամքը: Հակառակ պարագայում այն կուսակցությունները, որոնք «մարտի 1» իրականացրած հանցավոր վարչախմբի մաս են կազմել կամ ճղճիմ քաղաքական նպատակներով գործակցում են վերջիններիս հետ, վարչախմբից ոչ պակաս չափով մնում են որպես մեր պետականության կործանման ներկայիս գործընթացի մասնակից ու հանցակից:

Այս ամենի հաշվառմամբ` «մարտի 2»-ի քաղաքական լուսաբացը տեսնելու նպատակով մեր ժողովրդի և նրա պետության համար թիվ մեկ խնդիր է դառնում ժողովրդի իշխանության հաստատումն ու ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծումը:

Մեր աչքի առաջ ծավալվող ուկրաինական ազատագրական պայքարի հիմնական դասը պահանջում է նշված խնդիրը լուծել քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

1) վարչախմբի հեռացում,

2) ժամանակավոր կառավարում,

3) արտահերթ ընտրություններ:

Նախախորհրդարանը կոչ է անում մեր ժողովրդին սթափվել, հրաժարվել ապազգային համակարգից ու խամաճիկային վերնախավից, կազմակերպվել և ստեղծել Հայաստանի կառավարման յուրային մարմիններ, ճանաչել ու լիազորել միայն նրանց և պատրաստվել իր կամքը պարտադրելու օրվան:

Share Button