Ոչ ոք թող չփորձի Հայաստանին քաշել կամ հրել դեպի ծայրամաս – Ալեք Ենիգոմշյան

Աշխարհը մտնում է բավական անկայուն ժամանակներ: Այսօր առավել քան երբևէ կարևոր է Հայաստանի և հայության համար ներկայիս բևեռացվող աշխարհում հնարավորինս քիչ վնասներով, ինչու չէ նաև՝ օգուտներով դուրս գալու ուղիներ գտնել: Անպայման պետք է սերտացնել հարաբերությունները հարավային մեր հարևանի հետ, ինչպես նաև՝ ասիական մայր ցամաքի այլ մեծ տերությունների հետ։ Հայաստանում գոյություն ունեցող իսկապես հայրենասիրական և ազգային ուժերը պետք է հասկացնեն Ռուսաստանին, որ Հայաստանը երբեք չի դառնա նրա հակառակորդների կամ թշմանիների բազա, սակայն, Հայաստանը նաև չի դառնա Ռուսաստանի գաղութը։ Ռուսաստանի համար լավագույն ընտրանքը պետք է լինի ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի հետ գործընկերությունը, այլապես իր անհաշվենկատ քաղաքականությամբ Ռուսաստանը արջի ծառայություն մատուցած կլինի Արևմուտքին: Դա նպաստավոր կարող է լինել Արևմուտքի համար:

Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և մնացած տերությունների համար լավագույնն այն է, որ Հայաստանը ունենա հավասարակշռված, մոտավորապես նույն հեռավորությամբ հարաբերություններ գլխավոր, համաշխարհային և տարածաշրջանային դերակատարների հետ՝ սկսած Ռուսաստանից, Իրանից, արևմտյան երկրներից և ասիական այլ տերություններից։ Սա է լավագույն ընտրությունը Հայաստանի, և, խելոք լինելու պարագայում, Ռուսաստանի ու այլ երկրների համար։ Ոչ ոք թող հանկարծ չփորձի Հայաստանին քաշել, կամ հրել դեպի ծայրամաս։

Ուկրաինայով պայմանավորված զարգացումները գալիս են ապացուցելու, որ աշխարհը շատ ավելի անկայուն է դարձել, և սա այդ  անկայունությունն ապացուցող առաջին լուրջ դեպքերից  մեկն է: Առաջիկա տարիներին աշխարհում շարունակելու են իրար հաջորդել անկայունության այլ երևույթներ: Ռուսաստանի ներկայիս պահվածքի բավականաչափ  կոպտության և կոշտության պատճառով, շատ երկրներ բացահայտորեն դեմ չեն արտահայտվում Արևմուտքին և չեն պաշտպանում Ռուսաստանին: Սակայն համաշխարհային այս վտանգավոր իրադրությունը պայմանավորված չէ միայն Արևմուտք-Ռուսաստան ներկայիս առճակատմամբ, այլև՝ համաշխարհային  անկայունությամբ ընդհանրապես: Առաջիկա տարիներին,  կարծում եմ, այլ երկրներ՝ Չինաստանը, ինչու ոչ նաև Իրանը՝ իր խնդիրների որոշակի կարգավորումից հետո, ինչպես նաև այլ պետություններ հակասությունների մեջ ևս կմտնեն տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետ: Եվ մենք արդեն կգտնվենք միանգամայն անկայուն և ավելի վտանգավոր աշխարհում:

Այս առումով նշեմ, որ Հայաստանում նկատելի են խիստ վտանգավոր մոտեցումներ: Մեկը՝ դեպի Ռուսաստան ուղղված ստրկամիտ մոտեցումն է, որին արդեն անդրադարձանք: Մյուսը՝ արևմտապաշտ մոտեցումն է, որը նույնքան վնասակար է, քանի որ պակաս վտանգավոր չէ նաև արևմտյան գաղութարարության սպառնալիքը:

Հավասարապես վտանգավոր է նաև միանշանակորեն բոլոր մեղքերը Ռուսաստանի վրա բարդելը: Օբյեկտիվ գնահատմամբ պետք է ասել, որ յուրաքանչյուրն ունի մեղքի իր հստակ բաժինը, և բացարձակապես չի կարելի ասել, որ Ուկրաինայում ծավալված իրադարձություններում Արևմուտքը մեղքի իր բաժինը չունի: Որքան էլ որ ընդունելի չեն Ռուսաստանի գործողությունները, սակայն դրանով նա հակազդեց իրեն պարտադրվող իրականությանը: Իսկ այդ իրականությունը մեծ չափով պարտադրվում էր նաև Արևմուտքի կողմից: Համենայն դեպս, մեղքը միայն միանշանակորեն մեկ կողմի վրա բարդելը և մյուս կողմին քաղաքակիրթ ու քաղաքակրթության խորհրդանիշ համարելը արդար չէ:

Եվ նաև՝ զուտ մեր ազգային՝ հայկական շահերից ելնելով, մեզ բացարձակապես ձեռնտու չէ իրար հոշոտող, ծավալապաշտ և գաղութարար ուժերից որևէ մեկին պաշտպանելը կամ դաշնակից դառնալը: Նման ժամանակներում մեզ համար լավագույնը կլինի առավելագույնս հեռու մնալ և նույնքան մոտ լինել այդ բոլոր ուժերին: Լավագույն մոտեցումը Հայաստանի արտաքին հարաբերություններում բազմակողմանի հարաբերությունների մշակումն է առաջին հերթին Իրանի, ասիական մայր ցամաքի մյուս մեծ տերությունների և, բացարձակապես առանց թշնամանալու, Ռուսաստանի հետ: Մենք պետք է որպես երկիր Ռուսաստանի նկատմամբ լոյալ լինելով՝ բարեկամական հարաբերությունների մեջ լինենք նրա հետ, սակայն լինելով այնպիսի երկիր, որի արժանապատվությունը հարգվում է նույն Ռուսաստանի կողմից: Միևնույն ժամանակ նորմալ և բարեկամական հարաբերություններ պետք է պահպանենք նաև Արևմուտքի հետ: Սա է Հայաստանի շահը, եթե հատկապես հաշվի առնենք, որ ներկայիս զարգացումների հետևանքով Թուրքիայի դերը վերստին կարևորվելու է Արևմուտքի կողմից, և տարօրինակ պիտի թվար, եթե Հայաստանը Ռուսաստանին ընդդեմ արևմտամետ դիրքորոշում ցուցաբերեր ու հայտնվեր նույն դաշինքի մեջ, որտեղ գտնվում է Թուրքիան:

ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆ, «ԱՍԱԼԱյի» նախկին մարտիկ, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ

Վերլուծության առաջին մասը կարդացեք այստեղ. Պարտվողներին ու ստրկամիտներին՝ Արցախը մնալու է Հայաստան – Ալեք Ենիգոմշյան

Share Button