Պարտվողներին ու ստրկամիտներին` Արցախը մնալու է Հայաստան – Ալեք Ենիգոմշյան

8468631462_2f47615ed9Մեր պետականության շարունակական թուլացումը ներկա միջազգային վայրիվերումների արանքում մեզ հանգեցրել է նրան, որ ականատես ենք լինում մեր ինքնիշխանությունից մնացած վերջին շերտերի մաշեցմանը և կանգնում ենք մեր նորագույն պատմության ամենակարևոր ձեռքբերումներից մեկին՝ Արցախին սպառնացող վտանգի առջև։

Ի հեճուկս վերջին ժամանակներում ջրի երես ելնող պարտվողականների, ստրկամիտների և օտարին ծառայողների՝ վստահ ասում եմ, որ Արցախը հայկական տարածք է, և այն մնալու է որպես հայկական տարածք: Հայաստանը Արցախի հետ միասին լինելու է ինքնիշխան, գերիշխան տերություն, և այսօր բոլոր հայրենասեր մարդկանց և ուժերի պարտականությունն է մեկընդմիշտ կանխել հակառակ մտայնությունը և դրա գոյության հնարավորությունը: Պետք է հայ ժողովրդի անունից և նրա հետ միասին հստակեցնել, որ նման մոտեցումն անգամ մերժելի է, և որ հայ ժողովուրդը թույլ չի տալու նման մոտեցում։

Իհարկե, Արցախի միացումը Ռուսաստանին կարող է հենց իր՝ Ռուսաստանի համար մի քանի առումներով շահավետ լինել: Նախ այն, որ Ռուսաստանին ձեռնտու կլիներ իր մշտական ներկայությունը ապահովել այդ տարածքներում: Բացի այդ, դա Ռուսաստանին հնարավորություն կտար ի նպաստ իրեն ինչ- որ ձևով լուծել Հայաստանի Մաքսային միություն մտնելու խնդիրը, քանի որ Արցախը Ռուսաստանի կազմում լինելու դեպքում Հայաստանը ձերբազատված կլինի Մաքսային միություն մտնելու «Արցախո՞վ, թե՞ առանց Արցախ» դժվար երկընտրանիքից: Եվ, հետևաբար, տեսականորեն Ռուսաստանին ձեռնտու տարբերակ պիտի լիներ Արցախի ներառումը իր կազմում:

Ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ներկայումս գոյություն ունի Արցախը Ադրբեջանին վերադարձնելու խնդիր, որի դիմաց չարյաց փոքրագույնը պետք է լինի Արցախի միացումը Ռուսաստանին: Ռուսաստանի համար, իհարկե, խնդրահարույց կլիներ, եթե Հայաստանը Արցախի հետ միասին մտներ Մաքսային միություն: Այդ դեպքում խիստ կսրվեին նրա հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Որոշ չափով կսրվեին նաև Ղազախստանի հետ ունեցած հարաբերությունները, ինչպես նաև՝ ներկա պայմաններում, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները չափազանց սրված են, դա կշահարկվեր Արևմուտքի համանախագահների և արևմտյան գործիչների կողմից:

Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի միացումը Հայաստանին, ինչպես նաև ձեռնտու չէ նրա միացումը Ադրբեջանին: Բացի շատ հատուկ պարագաներից, Ռուսաստանի համար միշտ պետք է նախընտրելի լիներ, որ Արցախը մնար կռվախնձոր, և, այլընտրանք չլինելու պարագայում, բնականաբար, այն կցվեր հենց իրեն այնպես, ինչպես որ այսօր խոսակցությունները ընթանում են:

Այնուհանդերձ, այդ խոսակցությունները այնքան էլ լուրջ չեմ համարում: Այսինքն՝ Արցախին սպառնացող վտանգը ավելի շատ հայանուն մարդկանց հոգեբանության հետ է կապված: Եվ, բնականաբար, պարտվողական, գաղութացված այս հոգեբանությունը, ի վերջո արմատավորվելու և տարածվելու դեպքում, կարող է մեզ վերջնական պարտության հանգեցնել: Այսօր, փա՛ռք Աստծո, որ մենք ազգովի հեռու ենք այդ հոգեբանական վիճակից: Եվ եթե որոշ մարդկանց մեջ նույնիսկ գոյություն ունի այն, ապա մեր գլխավոր պարտականությունն է արմատախիլ անել այդ հոգեբանությունը: Հարկավոր է վերստին մեր ժողովրդի մեջ ուժեղացնել արժանապատվության զգացումը և մեր պատմության ու նրա ապագայի նկատմամբ պատասխանատվության գիտակցումը:

 

Ռուսաստանում գոյություն չունի այն սոցիալական ապահովվածությունը, որը բնորոշ էր Խորհրդային միությանը:

Ծայրաստիճան խեղճացած սոցիալական պայմաններից դրդված՝ հնարավոր է, որ այնպիսի մարդիկ գտնվեն Հայաստանում, որոնք հանուն թոշակի, կենսաթոշակի կամ նման այլ փշրանքների գնան ազգային արժանապատվությունը զիջելու քայլին։ Կլինեն նման մարդիկ: Սակայն, ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ կա բավարար չափով արժանապատվություն, և, որ այդպիսի մարդիկ մեծամասնություն չեն կազմի: Այդ դեպքում հարկավոր է, որ մենք բոլորս միասին հիասթափեցնենք նման ակնկալիքներ ունեցողներին, որովհետև այսօրվա Ռուսաստանի կողմից մշակվելիք ծրագիրը խորհրդային ծրագիրը չէ: Ռուսաստանում գոյություն չունի այն սոցիալական ապահովվածությունը, որը բնորոշ էր Խորհրդային միությանը: Այսօր Ռուսաստանը շատ հստակորեն հանդես է գալիս իր կայսերական ծրագրերով, և անկախ վերջին զարգացումներից, համաշխարհային բևեռացմամբ առաջացած տնտեսական խնդիրներից՝ Ռուսաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, և սրա մասին վկայում են նաև Ռուսաստանի ղեկավարները: Եվ շատ մեծ ցանկության դեպքում նույնիսկ Ռուսաստանը չի կարողանալու իր բոլոր քաղաքացիներին ապահովել սոցիալական նպաստներով, էլ ուր մնաց, թե կարողանա հարյուր հազարավոր այլ քաղաքացիների ապահովել:

ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆ, «ԱՍԱԼԱյի» նախկին մարտիկ, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ

Վերլուծության երկրորդ մասը կարդացեք այստեղ. Ոչ ոք թող չփորձի Հայաստանին քաշել կամ հրել դեպի ծայրամաս – Ալեք Ենիգոմշյան

Share Button