Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է

Նախախորհրդարանի հայտարարությունը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ  

Ուկրաինայում ծավալվող ողբերգական և դրամատիկ դեպքերը իրենց վրա են գամել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Խորհրդային կայսրության փլուզումից հետո մենք ականատես ենք լինում հետխորհրդային տարածաշրջանի հետագա ճակատագրի համար թերևս ամենակարևոր նշանակություն ունեցող իրադարձություններին:

Ըստ էության տեղի է ունենում նախկին խորհրդային կայսրության տարածքի արմատական վերափոխման մի նոր փորձ, ինչի հետևանքները երկարատև ազդեցություն են ունենալու ամբողջ Եվրասիա մայրցամաքում և հատկապես` նախկին խորհրդային հանրապետություններում, այդ թվում` Հայաստանում:

1. Երկու մրցակից նախագծերի՝ Եվրոպական միության և նախատեսվող Եվրասիական միության կոշտ մրցակցությունը առիթ է դարձել ուկրաինական նորանկախ պետականության խորքային արատների ճգնաժամային սրացման և ուկրաինական ժողովրդի` նորգաղութային լծից ազատագրվելուն միտված ապստամբության:

Ինչպես ամեն մի սուր ճգնաժամ, այս մեկը նույնպես հղի է թե՛ արմատական առողջացման հնարավորությամբ և թե՛ մահացու վտանգներով:

1.1.  Ուկրաինական պետականության արմատական առողջացման հեռանկարը ներքին ասպարեզում պայմանավորված է քրեաօլիգարխիկ վարչախմբից ձերբազատմամբ և երկրի արևելյան ու արևմտյան հատվածների միջև առողջ հաշվեկշռի հաստատմամբ, իսկ արտաքին ասպարեզում` երկրի այսպես կոչված «ֆինլանդացմամբ», որպիսի ձևաչափը սառը պատերազմի ժամանակաշրջանում հաջողությամբ կիրառվում էր արևելյան և արևմտյան հակամարտող դաշինքների միջև գտնվող և նրանցից որևէ մեկին չպատկանող Ֆինլանդիայի պարագայում, ինչի շնորհիվ վերջինս երկու կողմերի հետ էլ կարողանում էր պահպանել բարիդրացիական հարաբերություններ:

1.2.  Իսկ մահացու վտանգների հեռանկարը կապված է երկրի մասնատման և այս կամ այն բլոկի մեջ նրա ինքնիշխանության տարալուծման հետ, ինչը կարող է տեղի ունենալ ինչպես մեղմ ու անարյուն` երկրի դաշնայնացման կամ համադաշնայնացման, այնպես էլ կոշտ ու արյունալի` քաղաքացիական պատերազմի ճանապարհներով:

2. Բոլոր պարագաներում ձևավորվելիք ուկրաինական նոր իրականությունը ամբողջ հետխորհրդային տարածքում հանգեցնելու է քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունների, որոնք աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության պայմաններում կարող են դրսևորվել սցենարների լայն սպեկտրով:

2.1.  Այդ հավանական սցենարները զգալի չափով կախված են մեծ ուժերի շահերի հաշվեկշռի դինամիկայից: Սակայն որոշիչ մասով դրանք պայմանավորված են հետխորհրդային երկրների ժողովուրդների ազգային-քաղաքացիական հասունությունից, նրանց կողմից ներկայիս ապազգային վարչակազմերի փոխարեն ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգեր ձևավորելու կարողությունից: Տեղական ուժերին այսպիսի պարադոքսալ առավելություն է տալիս տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների կոշտ մրցակցության պատճառով դրանց ազդեցության փոխադարձ չեզոքացումը:

2.2.  Այս պայմաններում հնարավոր է դառնում նորանկախ ազգային պետականությունների «ֆինլանդացումը» և ամրապնդումը: Սակայն հնարավոր են նաև բացասական զարգացումներ` «մոլոտով-ռիբենտրոպյան», «բրեստ-լիտովսկյան» կամ ռուս-թուրքական «մոսկովյան» տիպի նոր պայմանագրերի կնքման ձևերով:

Բոլոր դեպքերում, ամբողջ հետխորհրդային տարածքը տեկտոնական ապակայունացման նոր փուլ է թևակոխում, ինչն իր հերթին ենթադրում է վերջին քսանհինգ տարիներից տարբեր քաղաքական մշակույթի հաստատում:

3. Որքան էլ շոշափելի լինեն զուգահեռները ուկրաինական և հայաստանյան իրականությունների միջև, պետք է նկատի ունենալ նաև դրանց միջև առկա լուրջ տարբերությունները: Որպես դրական տարբերություն կարելի է առաջին հերթին նշել Հայաստանում ներքին էթնիկ պառակտվածության բացակայությունը և այդ պատճառով` քաղաքացիական պատերազմի անհնարինությունը: Իսկ որպես լրացուցիչ բարդացնող հանգամանքներ պետք է նկատի ունենալ Արցախի հարցը և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների խնդիրը:

4. Բախտորոշ ժամանակներ են մոտենում: Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է:

Ուկրաինական ժողովրդին ցավակցություն հայտնելով նրան բաժին ընկած ծանր կորուստների համար և հաջողություն մաղթելով նրա ազգային-ազատագրական պայքարին, չմոռանանք, որ Հայաստանի ու հայության առջև նույնպես ծառացել են գոյութենական խնդիրներ, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու:

Պատմությունը մեզ նորգաղութային լծից ազատագրվելու բացառիկ շանս է տվել և մենք իրավունք չունենք բաց թողնելու այն:

Share Button