Տասը-քսան տարի հետո Հայաստանը կհայտնվի թուրքական ծովի մեջ

aleq-eniqmoshyanՀայ ժողովուրդը ներկայումս գտնվում է այնպիսի իրավիճակում, որի անխափան շարունակվելու պարագայում մենք ոչ շատ ուշ ժամանակում կարող ենք վերանալ աշխարհի երեսից որպես ազգ: Մենք ոչ թե լիահույս ենք, այլ վճռական ենք ու վստահ, որ դա չի իրականանալու, և մենք ոչ միայն շարունակելու ենք գոյատևել որպես ազգ և պետություն, այլև վերստին փայլելու ենք ու մեր համեստ դիրքերից աշխարհին շատ բան ենք ցույց տալու և սովորեցնելու: Սակայն այսօրվա իրավիճակի շարունակությունը մեզ սպառնում է արդեն գոյատևման (էքզիստենցիալ) վտանգով: Մեր ժողովրդի, պետության և ազգի գոյատևման գլխավոր վտանգը հանդիսանում է ահավոր տեմպերի հասած արտագաղթը, որը մեծ թափով շարունակվում է տարեցտարի, ամսեամիս և օրեցօր:

Պետության կայացման համար անհրաժեշտ են չորս նախապայմաններ.
1. Մշտական բնակչության առկայությունը,
2. Հստակ սահմաններով տարածքը,
3. Յուրային կառավարությունը,
4. Արտաքին հարաբերություններ մշակելու և վարելու հնարավորությունը և ունակությունը:

Իրավաբանական սուբյեկտ լինելու այս չորս պայմաններից չորսն էլ այսօր առավել կամ նվազ չափով բացակայում են Հայաստանի Հանրապետությունում, որը «դե յուրե» դեռևս մնում է միջազգային իրավունքի սուբյեկտ, սակայն «դե ֆակտո» շարունակում է կորցնել իր այդ ունակությունները, և մոտենում է սուբյեկտայնությունը նաև «դե յուրե» կորցնելու պահը:

Մշտական բնակչության հետ կապված՝ մենք արդեն գտնվում ենք բնակչության քանակի այն շեմին, որից ներքև անցնելու պարագայում այլևս անհնար է լինելու մեր պետության և ազգի անվտանգության ապահովումը:

Երկրորդ պայմանը՝ հստակ աշխարհագրական տարածքի պայմանն է: Անցնող քսան տարիների ընթացքում՝ Արցախյան պատերազմի հաղթանակից հետո, փաստը մնում է այն, որ հայկական պետությանը չհաջողվեց ամրագրել պատերազմի դաշտում տարված հաղթանակը: Առավել վտանգավոր է այն, որ վերջին ամիսների ընթացքում միջազգային և տարածաշրջանային նոր զարգացումների հետևանքով այլևս խնդրո առարկա է դառնում նաև Արցախի և հայրենի հողի հետ ազատագրված հողերի ամբողջականությունը: Ասածս վերաբերում է այն անորոշությանը, որը կապված է ընդհանրապես վերպետական կառույցների մասնակցության կապակցությամբ սպասվող զարգացումներին՝  մասնավորապես այն, ինչ խոսվում էր մինչև 2013 թ.-ի սեպտեմբերի 3-ը, երբ ակնկալվում էր, որ ՀՀ-ը ստորագրելու է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, և այդ սպասվող պայմանագրում հստակ չէր, թե ինչ է լինելու Արցախի կարգավիճակը: Նույն իրավիճակը շարունակվում է սեպտեմբերի 3-ից հետո, երբ մի կողմ դրվեց ասոցացման համաձայնագրի խնդիրը, և Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը գրավող անձի կողմից հայտարարվեց Հայաստանը Մաքսային միությանը միացնելու մասին: Այստեղ Արցախի ճակատագիրն իրավական առումով հստակ չէ, և սա ապացույցն է այն բանի, որ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելու նախապայմաններից երկրորդը՝ հստակ տարածքի պահանջը, անորոշության մեջ է: Եվ դեռ սրան գումարած այն, որ ավելի քան հազարամյա տարածքային կորուստներից հետո այսօր առաջին անգամ հայրենի հող ազատագրելուց հետո այդ հողերի անորոշության հարցը մեզ հասցրել և հասցնելու է հոգեբանական ու ոչ միայն հոգեբանական հսկայական վնասներ:

Չորրորդ պայմանը միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելու, արտաքին քաղաքականություն վարելու ունակությունն ու հնարավորությունն է: Այն զարգացումները, որոնց մասին ակնարկվեց մինչև 2013 թ. սեպտեմբերի երեքը և դրանից հետո, լավագույն ապացույցն են այն բանի, որ Հայաստանը այլևս զրկված է ինքնուրույն արտաքին քաղաքականություն մշակելու հնարավորությունից: Մենք այս չորրորդ նախապայմանը ևս կորցնելու գործընթացի մեջ ենք գտնվում:

Եվ վերջում անդրադառնամ իմ նշած երրորդ կետին, որը յուրային կառավարություն ունենալու նախապայմանն է: Իրականում, մենք մնացյալ երեք այդ նախապայմաններից զրկվել և զրկվում ենք հենց այն պատճառով, որ չունենք յուրային կառավարություն: Յուրային կառավարությունը ենթադրում է լեգիտիմություն և յուրային ժողովրդի, յուրային քաղաքացիների շահերի պաշտպանություն, այլ ոչ թե թելադրանքի ենթակայություն արտաքին ուժերի կողմից: Այս երկու՝ և՛ լեգիտիմության, և՛ շահերի ներկայացուցչության առումով Հայաստանի իշխանությունները վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում ժողովրդի կողմից լեգիտիմացված լինելու պակասորդը ծածկելու համար հենվել են արտաքին ուժերի պաշտպանության վրա, և այդ պատճառով, փոխանակ իրենց ժողովրդի շահերի ներկայացուցիչները լինելու, դարձել են օտար տերությունների, ուժերի շահերի ներկայացուցիչը:

Միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու և պետություն լինելու այդ չորս պահանջները, նախապայմանները մենք կորցնում ենք, ուստի կանգնած ենք մեր անկախությունը և գերիշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Անկախությունը և գերիշխանությունը կորցնել ավտոմատ ձևով չի նշանակում վերացման վտանգի տակ լինել, սակայն այսօր մենք քանակով և տարածքով այնքան ենք փոքրացել, որ գտնվում ենք կրիտիկական շեմի վրա. մի քանի քայլ դեպի ետ, և մենք այլևս հնարավորություն չենք ունենա վերստին վերելք գրանցելու:

Պատկերացրեք, որ մի քանի տարի հետո Հայաստանում մնանք մեկ միլիոնից քիչ հայ մարդ, այնպիսի մի տարածքում, որտեղ մեզնից արևմուտք տասը-քսան տարի հետո գոյություն է ունենալու հարյուր միլիոն բնակչություն ունեցող թուրքական պետություն, մեզնից հարավ և հարավ-արևելք, այո, մեզ բարեկամ, բայցև հարյուր միլիոն բնակչություն ունեցող իրանական պետություն, որտեղ մի քանի տասնյակ միլիոնը՝ թուրքալեզու բնակչությամբ, և տասնհինգ միլիոնանոց մեկ այլ թուրքական պետություն մեր երկրից արևելք, ու այդ թուրքական ծովի մեջ լինեն ընդամենը մի քանի հարյուր հազար հայեր: Սա պատմության մեջ որևէ անգամ չտեսնված երևույթ է: Այս է, որ մեզ համար ստեղծում գոյութենական վտանգ, որը պետք է ամեն գնով կանխել: