Ռուսները հայերին փոխում էին մեկ արկղ օղու հետ. Հիշում է ազատամարտիկը

Վերջին տարիներին մենք ականատես եղանք Հայաստանի դաշնակից Ռուսաստանի կողմից հայության թշնամի Ադրբեջանին մեծաքանակ զենքի վաճառքի դեպքերի: Այս փաստն ինձ 1990-ականների սկիզբ տեղափոխեց: Մեր թվացյալ դաշնակցին ես առաջին անգամ առնչվել եմ 1991թ. հունվարի 28-ին, երբ մի քանի ընկերոջ հետ Արցախի Բերդաձոր գյուղում ձերբակալվել էի ռուս զինվորների կողմից անձնագրային ռեժիմի պատրվակով: Մեզ Շուշի էին տեղափոխում Զառիսլու գյուղով: Մեր դաշնակից ռուսները կանգնեցրին մեքենան ադրբեջանցու խանութի մոտ և սկսեցին առևտուրը. ամեն հայ ֆիդայու դիմաց` մեկ արկղ օղի:

 

Թրքուհի վաճառողուհին մեկ արկղ օղի տվեց և խնդրեց, որ այդտեղ արյուն չթափվի: Փոխվել են ժամանակները, փոխվել են գները: Մեկ արկղ օղին դարձել է մեկ դիվիզիոն հակահրթիռային համալիր: Իմ խորին համոզմամբ չի փոխվել հայ զինվորի դերը մեր դաշնակցի աչքում: Մեր իշխանավոր այրերից շատերն են տեղյակ նման դեպքերի, իսկ ովքեր տեղյակ չեն, թող իմանան իրենց գինը: Ընդունելով այլոց գերիշխանությունը` միանգամից ընդունում ես քո ստրկությունը: Հարկավոր է գոնե մոտ անցյալի իրադարձությունները հիշել:  Որպեսզի չնմանվենք Հրանտ Մաթևոսյանի նկարագրած կովին. «Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

 

Եթե մենք ներկայիս Թուրքիայից պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, հատուցել Օսմանյան կայսրության ժամանակ կատարած հանցանքների դիմաց, ապա ինչու՞ մենք չենք պահանջում մեր դաշնակցից շիտակ մոտենալ մեզ, պարզ` որպես դաշնակցի: Ինչի՞ համար առ այսօր չի խոսվում Պոլյանիչկոյի և Սաֆոնովի կատարած հանցագործությունների մասին: Իմ ձերբակալված ժամանակ Շուշիի բանտում ռուսների կողմից տանջահարվում և խոշտանգվում էին 240 հայրենանվեր հայ քաջորդիներ: Այս թիվը գեներալ Սաֆոնովի կողմից է տրված:

 

Թե՞ ինչ էր կատարվում Բաքվի, Գանձակի, Եվլախի և այլ բանտերում` ես իրազեկ չեմ: Բայց հստակ գիտեմ մեկ բան, որ ռուսներն այստեղից հեռանալուց առաջ մեզանից պահանջում էին մեկ բան` մեծ եղբոր կարգավիճակում ճանաչել Ադրբեջանին, որն այդպես էլ մեզ համար ընդունելի չեղավ: Ինչու՞ մինչև հիմա մենք չենք պահանջում վերացնել Կարսի պայմանագրի հետևանքները: Պայմանագիր, որով մեր այրված տան (Եղեռնից հետո պահպանված 71 հազար քառակուսի կմ) մի մասը վերածեցին փարախի (Կարսի նահանգը 22 հազար քառակուսի կմ տարածքով)՝ անհասկանալի պատճառով նվիրելով թուրքերին, իսկ մյուս մասը` Նախիջևանը և Արցախը (լեռնային և հարթավայրային), տվեցին մի արհեստածին պետության: Չեղյալ համարելով այս խայտառակ պայմանագիրը՝ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ լուծվում է: Ես դաշնակից եմ ճանաչում  նրան, ով մեր նեղ ու սև օրերին կողքներս է կանգնած, ինչպես բոլոր սև և նեղ օրերին հայ ժողովուրդը կանգնել է ռուս ժողովրդի կողքին: Մինչև չլուծվի այս հարցը վերոնշյալ ձևով, ոչ մի զինվոր, հայ զինվորից բացի, այս սրբազան տարածք ոտք դնելու իրավունք չունի, քանզի ես և իմ նմանները թույլ չենք տալու, որ մեր արյունը գնահատվի մի արկղ օղիով կամ հակահրթիռային մեկ դիվիզիոնով:

 

Ես շատ լավ գիտեմ՝ զենքը հայ զինվորի ներսում է, մենք ներսից պետք է կարողնանք պահել մեր զինվորին, որովհետև, երբ զենքը ներսում է՝ նրան կոտրել չի լինի: Մենք կարող ենք վերցնել այն, ինչ ռուսը տվել է ադրբեջանցիներին, ինչպես արեցինք 1990-ականներին: Որովհետև բոլոր տեսակի զենքերի զենքը մեր միասնականությունն էր: Այսօր էլ ազգովին պետք է վերսկսենք այդ զենքն արտադրել, քանզի մենք այդ զենքի շնորհիվ հաղթեցինք: Մենք ունենք այդպիսի ներուժ, մենք ունենք այդպիսի երիտասարդություն և մենք՝ բոլոր ազատամարտիկներս, նրանց ոտքերի տակ պետք է ծառայենք որպես հաղթանակի կամուրջ:

 

Պավլիկ Մանուկյան

Աղբյուրը` lragir.am